HY RU EN

Սառա Պետրոսյան

Կապանի ավագանին հաստատել է Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2018թ. ծրագիրը

Կապան համայնքի ավագանին 2017թ. մայիսի 18-ի որոշումով ընդունել է «Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2018 թ. ծրագիրը»՝  ընդհանուր 23 մլն դրամ արժողությամբ: Նշված գումարից 18 մլն 392 հազար դրամը հատկացվելու է բնապահպանական միջոցառումներին, իսկ 4 մլն 614 հազար դրամը՝ առողջապահական միջոցառումներին: Ծրագիրը ներկայացվել է բնապահպանության նախարարություն՝ 2018 թ·-ի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

Կապանի համայնքապետարանը բնապահպանական ծրագրի առաջնայնությունները սահմանել է՝ նկատի ունենալով քաղաքի եւ շրջակա տարածքների վրա լեռնահանքային արդյունաբերության բացասական ազդեցությունը:

Կապանը լեռնահանքային արդյունաբերական կենտրոններից մեկն է: Ծրագրում նշվում է, որ պղնձի եւ բազմամետաղային հանքավայրի երկարամյա շահագործումը, շրջակա տարածքներում իրականացված եւ իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների հսկայական ծավալները, խոշոր պոչամբարների առկայությունը, հին հանքախորշերի փլուզման վտանգները, սողանքային ակտիվ գործունեությունները, լանջերի հողատարումը, ժամանակին կատարված տարածքի անտառների անկանոն հատումները, քաղաքի միջով անցնող եւ խոշոր բեռնատարների երթեւեկությամբ ծանրաբեռնված միջազգային ավտոմայրուղին քաղաքի բնության եւ բնակչության առողջության համար էկոլոգիական մեծ ռիսկեր են պարունակում:

«Չնայած մատնանշված բազմաթիվ վտանգների եւ էկոլոգիական ակնառու խնդիրների առկայությանը, մինչեւ այժմ իրավիճակի գնահատման եւ իրական պատկերը ստանալու նպատակով որեւէ համալիր միջոցառում չի իրականացվել, ինչը դժվարացնում է խնդիրների բացահայտումն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետության ապահովումը»,- նշվում է ծրագրում:

Կապանի համայնքապետարանը նախատեսում է 2018 թ. բնապահպանական ծրագրով պետական բյուջեից հատկացված 12 մլն 722 հազար դրամ սուբվենցիայի հաշվին մաքրել Ողջի գետի հունը: Քաղաքի կենտրոնով անցնող Ողջի գետն աղտոտված է կենցաղային աղբով, տարիներ ի վեր կուտակված գետաբերուկներով եւ տիղմով, ինչը սանիտարահիգիենիկ անբարենպաստ իրավիճակ է ստեղծել: Մաքրելու արդյունքում կբարելավվի Ողջի գետի ջրային էկոհամակարգը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն գետի ջրային ֆաունայի, հատկապես ձկների պահպանության համար:

Օդի աղտոտվածության դեմ համայնքապետարանը կպայքարի քաղաքի կանաչապատ տարածքներն ընդլայնելով: Նախատեսվում է  մոտ 130 գծ/մ հատվածի վերանորոգում եւ ծառատունկ իրականացնել քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան բնակելի շենքի դիմաց ընկած գետափնյա մայթի հատվածից մինչեւ Ա. Մանուկյան փողոցի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի դիմացի մայթը:

Կապան քաղաքի կենտրոնական փողոցների` (Չարենցի, Ա. Մանուկյան, Մ. Ստեփանյան) մայթերին 1955-60-ական թվականներին տնկված դեկորատիվ ծառատեսակներն արդեն ծերացել են, բները հաստացել, իսկ որոշ  ծառեր չորացել կամ գտնվում են կիսաչոր վիճակում: Ամեն տարի ուժեղ քամիների ժամանակ ջարդվում են եւ ընկնում գետնին՝ վտանգելով տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի երթեւեկը: Ծառերը պետք է հանվեն, մայթերը բարեկարգվեն, իսկ հին ծառերի փոխարեն նախատեսվում է տնկել նոր դեկորատիվ ծառատեսակներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 150 մլն դրամ: Անցած տարիներին՝ 2013 թ.-ից մինչեւ 2017 թ.-ն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի միջոցներով իրականացվել է 59,2 մլն դրամի աշխատանք: Համայնքապետարանը աշխատանքներն ավարտին հասցնելու համար ներդրումներ է ակնկալում նաեւ դոնոր կազմակերպություններից:

Առողջապահական միջոցառումների համար նախատեսված 4 մլն 614 հազար դրամով բժշկական գործիքներ, գույք, սարքավորումներ եւ դեղորայք ձեռք կբերվի Կապանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող 12 նախադպրոցական եւ 9 արտադպրոցական ուսումնական հաստատությունների բուժկետերի համար: «Արդյունքում կբարձրացվի երեխաների եւ աշակերտների, ինչպես նաեւ աշխատողների առաջին բուժօգնության եւ բուժսպասարկման գործունեության մակարդակը»,- ասվում է ծրագրում: