
Արա Բաբլոյանը Սեուլում հանդիպել է ռուսաստանցի գործընկեր Վյաչեսլավ Վոլոդինին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, Կորեա կատարած այցի շրջանակում հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը:
Արա Բաբլոյանը կարեւորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների ԵԱՏՄ անդամակցության համատեքստում նոր փուլ են թեւակոխել: ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումները. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը, որը հիմնված է փոխադարձ աջակցության եւ դաշնակցային համերաշխության վրա:
Արա Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում՝ ընդգծելով Եվրասիական տարածաշրջանի պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը:
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:
Վ. Վոլոդինն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:
Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձեւաչափով: Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր ձեւաչափերի ներդրման անհրաժեշտությունը, դրանց զարգացման ուղիներն ու հեռանկարները:
Մեկնաբանել