HY RU EN

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության գործով վկան համոզված է, որ Հայկազ Բարսեղյանը կարճահասակ էր և չէր կարող հասնել այն պտտաձողին, որից կախված է հայտնաբերվել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկաների հարցաքննությունը: Այսօր դատարանում հարցաքննվեցին երկու վկաներ: Նրանցից մեկը՝ Սամվել Ամիրյանը պատմեց, որ  դեպքի մասին իմացել է առավոտյան, երբ Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող երկու կուրսանտներ, որոնցից մեկը` հաստատապես Սամվել Սերոբյանը, եկել ու իր հետ նույն սենյակում քնող ամբաստանյալ Վաչե Սահակյանին կանչել են՝ ասելով, որ դեպք է տեղի ունեցել:

Ըստ վկայի՝ դրանից հետո իրենց սենյակում քնող կուրսանտները գնացել և տեսել են, որ Հայկազ Բարսեղյանի  անկողինն ամբողջությամբ արյունոտ է, ապա քիչ անց նրան հայտնաբերել են ինստիտուտի սպորտհրապարակում կախված:

Վկան նշեց, որ դեպքի նախորդ օրը Հայկազ Բարսեղյանն իր հետ նույն սենյակում՝ 408-ում քնող մի քանի կուրսանտների ներկայությամբ ասել է, թե «վաղն առավոտյան այնտեղ՝ ռազմական ինստիտուտում չի լինի»: Չի հիշում՝ քննարկել կամ  պատասխաններ տրվե՞լ են արդյոք հարցին, թե ինչ է նկատի ունեցել Հայկազը՝ դա ասելով:

Մինչդեռ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից մեկում վկան գրել է, թե Հայկազ Բարսեղանի հետ նույն սենյակում քնող կուրսանտ Նորիկ Օհանջանյանն իրեն ասել է, թե իրենք՝ 408 սենյակում քնող կուրսանտները,  միտումնավոր են նման խոսակցություններ տարածել, որպեսզի տպավորոություն ստեղծվի, թե Հայկազն ինքնասպան է եղել:

Այս հանգամանքը կասկածի տեղիք է տալիս այն առումով,  որ Նորիկ Օհանջանյանն ինչպես  նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում ամբաստանյալներից երեքի`Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի և Նորիկ Սահակյանի  դեմ էական ցուցմունքներ է տվել՝ սպանության մանրամասները ներկայացնելով, և այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ պիտի սպանության մանարամասներ պատմող վկան փորձեր հաստատել Հայկազ Բարսեղյանի ինքնասպանության վարկածը:

Սպանության մանրամասների վերաբերյալ վկան այլևս ոչինչ չգիտեր. ասաց, որ միայն խոսակցություններից  է իմացել, որ գործով ամբաստանյալներին մեղադրում են Հայկազի սպանության մեջ:

Թե կոնկրետ ումից է վկան նման բան լսել, չասաց, միայն պատասխանելով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին՝ ասաց, որ որևէ անձ իրեն չի ասել, թե Հայկազին սպանել են իր աչքի առաջ:

Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2014-ի ձմռանը, և զորամասի բակում ձյուն  է եղել: Ամիրյանը պատմեց, որ երբ կուրսանտները գնացել են Հայկազին փնտրելու, տեղանքում ոտնահետքեր են եղել, և կուրսանտներից մեկը զորամասի ֆուտբոլի դաշտի տարածքում եղած  հենց այդ ոտնահետքներին հետևելով գնացել ու տեսել է Հայկազի կախված դին:

Վկան հիշեց, որ Հայկազը ցածրահասակ էր և չէր կարողանում ինքնուրույն բռնվել այն պտտաձողից, որից կախված են հայտնաբերել նրան, ըստ Ամիրյանի՝ սովորելու  ընթացքում Հայկազին օգնում էին բռնվել այդ պտտաձողից, որպեսզի մարզվեր:

Ամիրյանի խոսքով՝ ինքը դեպքից հետո Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող վկաներից որևէ մեկի հետ չի զրուցել մանրամասներ ճշտելու համար: Վկան դատարանին ասաց, որ Բարսեղյանի սենյակում քնող կուրսանտները մի քանի օր ռազմական ոստիկանությունում են եղել, իսկ հետագայում, երբ նրանք վերադարձել են, զրուցելու հնարավորություն ունեցել, բայց չեն զրուցել:

Մինչդեռ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում վկան հայտնել է, որ Նորիկ Օհանջանյանի հետ նրա՝ զորամաս վերադառնալուց հետո զրուցել է: Վկան դատարանում հաստատեց, որ զրուցել է Օհանջանյանի հետ, սակայն չասաց, թե Օհանջանյանն իրեն սպանության վերաբերյալ մանրամասներ է հայտնել:

Ամիրյանը պատմեց նաև այս գործով վկա Կարեն Բաղրամյանի և Հայկազ Բարսեղյանի միջև դեպքի նախօրդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ, ըստ այս գործով վկաների ցուցմունքների, դեպքի նախորդ օրը Հայկազ Բարսեղյանն ուԿարեն Բաղրամյանը ճաշարանում վիճել են միմյանց հետ, և պատճառը եղել է Բաղրամյանի՝ ոչ կոկիկ ուտելը: Ըստ վկայի՝ նույն օրը, երեկոյան թեման շարունակվել է իր, Վաչե Սահակյանի, Վաչե Սահակյանի, Կարեն Բաղրամյանի, Հայկազ Բարսեղյանի և մի քանի այլ կուրսանտների ներկայությամբ, և, իր տպավորությամբ, խնդիրը հարթվել է:

Ինչ վերաբերում է ամբաստանյալների և այլ կուրսանտների միջև միջադեպերին, Ամիրյանն ասաց, որ որևէ հստակ բան չի հիշում: Մինչդեռ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում վկան որոշ մանրամասներ էր հայտնել կուրսանտ Տիգրան Մանասարյանի և Վարազդաը Սաֆարյանի, Տիգրան Դեմիրճյանի և Մովսես Ազարյանի, Վաչե Սահակյանի և Հարություն Ալեքսանյանի միջև տեղի ունեցած որոշակի միջադեպերի մասին:

Նախաքննոթյան ընթացքում վկան պատմել է նաև, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանը բոլոր կուրսանտներից Վաչեի ծննդյան առթիվ նվեր գնելու համար գումար է հավաքել, և իրենք բոլորը տվել են, քանի որ չտալու դեպքում, ըստ վկայի ցուցմունքի, «Վաչեենք կթարսեվին իրենց հետ»:

Դատարանում ցուցմունք տված հաջորդ վկան`Արտավազդ Միրզոյանն առաջինն է տեսել Հայկազ Բարսեղյանի կախված դին: Վերջինս դատարանին հայտնեց, որ Հայկազ Բարսեղյանի անողինն արյունոտ հայտնաբերելուց հետո, երբ սկսել են նրան որոնել, ինքը քայլել է զորամասի ֆուտբոլի դաշտի տարածքով, քանի որ այդ տեղանքում եղած ձյան վրա  ոտնահետքեր է տեսել: Ոտնահետքներն, ըստ վկայի, մի անձի են եղել և մեկ ուղղությամբ: Միրզոյանը հաստատապես չի պնդում, թե այդ տարածքով մի անձ է անցել. չի բացառում, որ մեկից ավելի անձինք նույն տեղով քայլած լինեն: Վկան նշեց նաև, որ դեպի զորամասի սպորտհրապարակ տանող մի քանի ճանապարհ կա, և դատավարության կողմերին գծագրի վրա ցույց տվեց այդ ճանապարհները:

Միրզոյանը պատմեց, որ քայլելիս սպորտհրապարակի տարածքում  մարդ է նկատել:

«Մտածեցի, որ Հայկազն է ու ասացի` Հայկազ կմրսես, մի՛ կանգնի այդտեղ, բայց ձայն չհանեց: Հետո  մոտեցա պտտաձողին, տեսա` կախված է, ինձ թվում էր, որ ուղղակի հենված է սյանը: Հետո  Բժշկուհին եկավ, ստուգեց պուլսը, տեսավ, որ չկա»,-պատմեց Միրզոյաանը:

Դատարանի հարցին՝   զորամասի ֆուտբոլի դաշտի տարածքում առկա ոտնահետքերն, ըստ վկայի՝ Հայկազ ԲԱրսեղյանին էին, Միրզոյանն ասաց, որ չգիտի:

Դատական նիստն այսօր ավարտվեց: