
47-ամյա կինը մեղադրվում է Թուրքիայում հայ մարմնավաճառներին հաճախորդներով ապահովելու և նրանց «եկամտի» կեսը վերցնելու համար
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, այսօր մեկնարկեց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով 47-ամյա Գ. Ք-ի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Կինը մեղադրվում է այն բանի համար, որ բնակվելով Թուրքիայի Հանրապետության Սպարտա քաղաքում, գույքային օգուտ ստանալու նպատակով նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառներ՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակչուհիներ Գ. Խ-ի և Ք. Խ-ի հետ:
Նշենք, որ Գ. Ք-ն հաշվառված է Վանաձոր քաղաքում, ծնունդով Վրաստանից է: Նա դատարանում չընդունեց իր մեղքը` ասելով, որ «ճիշտ չէ» մեղադրանքը:
Ըստ մեղադրանքի` 2016թ. մարտի 29-ից միչև ապրիլի 29-ը, այնուհետև մայիսի 10-ից մինչև 2016թ. հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Գ. Ք-ն, նշված երկու աղջիկներին հյուրընկալել է Սպարտա քաղաքի իր տանը, որի ընթացքում նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Գ. Ք.-ն կանանց ապահովել է հաճախորդներով: Աղջիկների կողմից մարմնավաճառությամբ վաստակած ընդանուր գումարից հանելով կոմունալ ծախսերը` իրեն է վերցրել նաև յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի 50%-ը:
Դա միակ դեպքը չի եղել: Կինը մարմնավաճառներին իր տանը հյուրընկալել է նաև այլ ժամանակահատվածներում: Մասնավորապես՝ 2016թ. հուլիսի 26-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում Սպարտա քաղաքի իր տանը հյուրընկալել է Գ. Խ-ին: իսկ 2015թ. 9 ամսվա ընթացքում ընդանուր 3 անգամ` ամեն անգամ 1 ամիս ժամանակով հյուրընկալել է նաև Ք.Խ-ին:
Գործել է նույն սցենարը: Աղջիկներին ապահովել է հաճախորդներով, որպես կատարած ծախս հանել է կոմունալ վճարները և մարմնավաճառությունից ստացած գումարների կեսը պահել է իրեն:
2 և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Գ. Ք-ն մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 մասի 5 կետով:
Երբ ներկայացվում էր ամբաստանյալի անձը, մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչու է Գ. Ք-ն երկու անգամ փոխել ազգանունը: Նախ եղել է օրիորդական ազգանունով, այնուհետև ամուսնու ազգանունուվ, հետո նորից որոշել է վերականգնել օրիորդական ազգանունը: Գ.Ք-ն ասաց, որ ամուսնալուծությունից հետո է վերադարձել իր սկզբնական ազգանվանը:
«Ազգանվան փոփոխությունը գուցե Թուրքիա գնալ-գալու հետ է կապված»,-հետաքրքրվեց մեղադրողը: «Ոչ»,-ասաց ամբաստանյալը:
Այսօրվա նիստը կարճ տևեց, քանի որ վկաները դատարան չէին եկել: Հաջորդ դատական նիստին լսելու են հենց նրանց, որոնց թվում է նաև ամբաստանյալի որդին: Նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 28-ը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել