
Օձունի պահուստային ջրդի հողերը նախկին գյուղապետի որդին որպես խոտհարք է օգտագործում
Լարիսա Փարեմուզյան
Անասնապահ Ոսկան Ստեփանյանի որդին՝ Գևորգը, տարիներ շարունակ Ռուսաստանի դաշնություն է գնում՝ աշխատելու: Գևորգը երեք երեխա ունի:
«Նա սօր իրա երեխանցը ոչ քաղցրութին ա տվել, ոչ բան ա արել: Հմի ես Ձեզ մի բան ասեմ, իմ երեխին հող ա հասնում, 5 ջան ա, բայց ես կարում չեմ մի բան անեմ: Գնում եմ գեղապետի կուշտն, ասում ա` ես հող չունեմ, որ սեփականաշնորհեմ: Տղաս իր հողը մշակելու հետ 2 ապրանք էլ պհի, յոլա կգնա: Ոչ թե երեխես Ռուսաստանի պոչը բռնի, գնա, գա՝ սոված մնա»,-ասում է Ոսկանը:
Գյուղապետարանից մեզ տրված տեղեկանքի համաձայն 2002թ.-ի ապրիլի 8-ին նախկին գյուղապետ Մելիք Այվազյանը ձևական աճուրդով ինքն իրեն 25 տարի ժամկետով վարձակալությամբ Օձունի վարչական տարածքից 43 հա պահուստային հող է տվել՝ 28 հա ջրովի, 8,9 հա` անջրդի վարելահողեր և 5,8 հա` խոտհարք:
2009թ.-ին հոր մահից հետո Մելիք Այվազյանի որդին՝ Բարսեղ Այվազյանը ժառանգել է հոր վարձակալած 43 հա պահուստային հողերը. «Էդ հողերը իմ անասնապահությանն աջակցում են: Էդ հողերից 10 հա-ն ցորեն եմ ցանում: Ցորենն անասնապահության համար եմ օգտագործում, մի 30 հատ կթի կով կա, հորթեր ա, բան ա, էսենց կա, էլի: Էդ ձևով զբաղվում ենք: Ինչ իմ հերը թողել ա, ես իրենից հետո շարունակում եմ»,-հիմնավորում է Բարսեղ Այվազյանը:
Օձունի գյուղապետարանում Բարսեղ Այվազյանի անունով գույքագրված է 78 կով, որից 38-ը` կթու: Բարսեղը պատմում է, որ հորից ժառանգություն է մնացել նաև քարի ցեխը, «Գլուրա» արտադրական կոոպերատիվը, որը գործարկում է Ալավերդի-Օձուն-Ստեփանավան ավտոբուսային երթուղին, Օձունի քոլեջի նախկին շենքը, մթերային խանութը, կաթի մթերման տեղամասը, լավաշի արտադրամասը և բազմաթիվ այլ անշարժ և շարժական գույք: Բարսեղը անցած ՏԻՄ ընտրությանն առաջադրվել է Օձունի գյուղապետի թեկնածու: Չի ընտրվել, սակայն չի հուսահատվել: Մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաև տարեվերջին կայանալիք Օձունի խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրությանը:
Խոտաշեն սար գնալիս «Նիվայի» օձունցի վարորդը նկատեց, որ սարվոր Ոսկան Ստեփանյանը իր ձիու հետ կանգնած է Արխաշանի չոբանների մոտ: Իմանալով, որ Խոտաշեն ենք գնում, Ոսկանը ձին թողեց չոբանների մոտ, նստեց «Նիվան»: Գնում էր չոբաններից մեկին այդ օրը փոխարինելու: Ոսկանը 60 անց տղամարդ է: Դար ու փոս ճանապարհին «Նիվան» մեկ աջ, մեկ ձախ է թեքվում: Թվում է`ուր որ է մեքենան կողքի թինկը կտա ու տեղից այլևս չի շարժվի:
Խոտաշենում սարվորների 6 ընտանիք էր ապրում: Ոսկանը սարում մենակ իր ընտանիքի անասունն է պահում: Ասում է՝ ուրիշի կովը սար բերելիս կաթնամթերքը շատ է տալիս՝ էլի դժգոհում են, քիչ է տալիս՝ էլի դժգոհում են: Ոսկան իր ունեցած 10 կովից 4-ը գյուղում է թողել՝ երեխաների մոտ: 6 կովից օրը 80-90 լիտր կաթ է ստանում. «Էդ կաթը Բարսեղ Այվազյանին եմ հանձնում, մի ժումը տալիս եմ, մի ժումը ես եմ մշակում»,-բացատրում է նա: Մյուս տղային 50 ոչխար է տվել՝ընտանիքը պահելու համար:
Ոսկանի մեծ հոգսը, սակայն, աշխատելու համար Ռուսաստան գնացող որդին է: Պատմում է, որ 150 ոչխար է ունեցել, էդ 50-ն է մնացել: Դժգոհում է, որ գյուղում աշխատողին չեն թողնում իր համար աշխատի. «Հլե տենում են խելոք ապրում ես, ոնց են շանը փետին անում, տհե խելոք ապրողին էնքան փետով են անում, որ մին տանեն միլիցիա: Երեք ձիս 2004թ.-ի մարտի 6-ին եկան գոմիցը հանեցին, տարան: Ոնց մտահան անեմ ձիերիս: Մեր գեղըմը առանց միլիցիայի գողություն չկար: Միլիցիան անասնագողության գործում փայատեր ա»,-ասում է Ոսկանը:
«Որ մի 10 կոպեկ ես կորցնում, գետնին ման ես գալի, մի ձին 400 հազար դրամ է, բա դրա հետ հանաք ենք անում»,-ավելացնում է կինը՝ Աիդան:
Ոսկանը պատմում է, որ Խոտաշենում 4000 մ խոտհարք ունի: Սարվորներն իր խոտհարքում տանում են իրենց տավարն արածեցնում: «Հայտնում եմ գյուղապետին, ասում է` սենց չի, նենց ա»,- շարունակում է նա: Հետո դժգոհում է առողջությունից՝ սրտից գանգատներ ունի. «Էն օրը ռադիոն հայտարարեց, թե սրտի ստենդի համար 1,5մլն դրամ տես տալ: Քո ուժը պատում է, տալիս ես, ապրիլ տես: Ես էլ կարում չեմ տամ՝ մեռնիլ տեմ: Հմի տհենց ա դառել»,-ասում է Ոսկանը:
Սարվոր Արարատ Խեչումյանին հանդիպում եմ իր դագում: «Եթե կարգին ապրելիս լինեմ, կգա՞մ սարը: 10 կով եմ կթում»,-ասում է նա: Առաջին անգամ է Խոտաշենում կանգ առել, մենակ լինելու պատճառով այս տարի Սառնաղբյուր սար չի գնացել: Եթե ճամփա լիներ, մայիսի 4-ից Սառնաղբյուր սարում պետք է լիներ:
«Մեր գեղապետը լավ տղա է, բայց իրեն սարի՝ Բողազի ճամփեն սարքեց, մեր ճամփեն չսարքեց, որ մենք գնանք Սառնաղբյուր: Բա մեր սարը բրախած մնա, Աքարակի անասունը գա մեր խոտհարքներումը ըրածի՞: Խոտաշենը ձոր ա, էսա էգուց, էլօր բոռը, մոծակը խեղդիլ տեն, կովը չտի կթվի: Հետո խմելու ջուր չկա: Իմ կովերը սովոր են, ամեն օր գնում են Սառնաղբյուր: Էնտեղ, որ մի կովից 10 կգ կաթ կթեի, Խոտաշենում 5 կգ եմ կթում: Օգուտ է՞, թե՞ վնաս է ինձ: Բա խի՞ վնաս լինի»,-բացատրում է Արարատը:
Հետո պատմում է, որ գյուղապետարանի գրքում գրված է, որ 1 հա հող է պատկանում իր հանգուցյալ մորը՝ Ռոզա Փարեմուզյանին: Հողը քարտեզագրված չէ: Մոր մահից անցել են տարիներ, ինքն ամեն տարի հարկ է վճարում, բայց, Արարատի ասելով, գյուղապետը հողն իր վրա չի գրանցում:
Սառնաղբյուր սարի ճանապարհը «Նիվայի» վարորդը մի կերպ է հաղթահարում: Սարվորների դատարկ դագեքի մոտ մոլորված պտտվում էին Արարատ Խեչումյանի կովերը:
«Խորհրդային տարիներին Սառնաղբյուրը 300 գլուխ կովերի ամառանոցն է եղել»,-պատմում է Արարատ Խեչումյանը: Սառնաղբյուրից Գոլուրթ սարի ճանապարհն անցնում էր արոտվայրերի միջով: Գոլուրթը Բարսեղ Այվազյանի անասունների ամառանոցն է, միայն նրա անասուններն էին արածում: Գոլուրթ և Ավլուկոտ ուրթ սարերը Օձունի ենթաշրջանի ամենաբարձրադիր ալպիական արոտավայրերն են: Գոլուրթում արոտվայրից ներքև ընկած գեղատեսիլ դաշտում Բարսեղի անասնապահների երկու դագեն էր:
Ավլուկոտ ուրթում սարվորներ չկան: Այդտեղ ավելուկ քաղելու էին գալիս սարվոր կանայք: «Քանդված ճանապարհների պատճառով շատ սարվորներ իրենց տավարը Սառնաղբյուր, Գոլուրթ և Ավլուկոտ ուրթ սարեր չեն բերում»,-բացատրում է «Նիվա» տաքսու վարորդ Ռոբերտը:
«Մի երկու օր առաջ տարել էի կաթի գումարը բաժանեմ: Սարի ժողովուրդը խնդրում է, որ ես մեր Խոտաշեն սար գնացող ճանապարհը սարքեմ: Խոտաշենի ճամփին սարվորների ավտոները գնալ-գալիս ջարդվում են: Ես սարվորներին ասել եմ դուք ֆիզիկական ուժը կազմակերպեք, ասեք` ինչքան ֆինանսական խնդիր կա, ես կլուծեմ, մեքենա կուղարկեմ, ինչ պետք է կանեմ, էդ ճանապարհը սարքենք: Իրենք ինձ դաժե ասում են` հիմա գյուղապետ չընտրվեցիր, սարի ճամփեն չե՞ս սարքելու: Ես իրենց բացատրում եմ, որ չընտրվեցի, բայց սարքելու եմ»,- խոստանում է Բարսեղը:
«Օձունի երիտասարդ ընտանիքների մեծ մասը գյուղապետարանից հող են պահանջում: 1991թ.-ին հողի սեփականաշնորհումը դադարեցնելուց հետո արդեն 35 տարի է`Օձունում հողի սեփականաշնորհում չի կատարվել: Եկող սերունդը չափահաս են դարձել, ընտանիք են կազմել, հող են ուզում: Ամենացավալին այն է, որ այս պայմաններում գյուղի պահուստային ջրդի հողերը Բարսեղ Այվազյանը դարձրել է խոտհարքներ: Ոչ նպատակային օգտագործվող պահուստային հողերով մենք Օձունում կարող ենք լուծել առնվազն 50 ընտանիքների սոցիալական խնդիր»,-բացատրում է գյուղապետ Ա.Տիտանյանը:
Վերջինիս նշում է, որ Բողազ սարի ճամփան վերանորոգել է ոչ թե համայնքի բյուջեի, այլ իր սեփական միջոցներով: Սառնաղբյուր սարի ճանապարհը չի վերանորոգել, որովհետև համայնքի բյուջեի միջոցները սուղ են: Բացի դա, սարվորներից պարզել է, որ այս տարի այդ սարը բարձրանալու մտադրություն չունեն:
Ա. Տիտանյանը պարզաբանեց նաև Արարատ Խեչումյանի հողային խնդիրը. «Արարատն ուզում է առանց ժառանգության ճանաչման հանգուցյալ մոր սեփականություն հողը գրվի իր անունով: Դա օրենքը թույլ չի տալիս: Մենք նրան բացատրել ենք գործող օրենքը: Նախ պետք է կադաստրում ժառանգության գործ բացվի, ժառանգությունը պետք է հաստատվի նոտարի կողմից, որից հետո Արարատը պետք է ստանա հողի սեփականության վկայական»: Գյուղապետը նաև նշեց, որ եթե Բարսեղ Այվազյանը պատրաստ է վերանորոգել սարի ճանապարհը, ինքն էլ, որպես գյուղապետ, պատրաստ է այդ գործում աջակցել նրան. «Միայն թե ճանապարհը վերանորոգելու համար Բարսեղը պետք է ստանա Օձունի համայնքապետարանի թույլտվությունը: Նրա ներդրած գումարով ճանապարհը պետք է վերանորգվի ոչ թե սարվորների, այլ լիցենզավորված շինարարական կազմակերպության միջոցով»,-բացատրեց Ա.Տիտանյանը:
Բարսեղ Այվազյանն էլ պնդում է, որ պահուստային 43 հա հողերի համար պայմանագիր ունի, մինչև 2027թ.-ը էդ հողերը իրենը պետք է լինի, նոր դրանից հետո կփոխանցի գյուղապետարանին:
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել