
Լոռիում գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափմանն ընդառաջ. երեխաներն ուրախ են, ծնողները՝ մտահոգ
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի Քարաբերդ համայնքում բնակվող Բաղրամյանների տուն հասնում ենք կեսօրին: Մեր այցի մասին տեղյակ բազմանդամ ընտանիքի բոլոր անդամներն ու նրանց հարևանները բակում սպասում են:
Ընտանիքին այցելելու առիթը առաջիկայում Լոռու մարզում մեկնարկող գիշերօթիկների բեռնաթափման պիլոտային ծրագիրն է (անհասկանալի է, թե ինչու է կառավարությունն այս բառը ընտրել-խմբ.): Այն ուղղակիորեն առնչվում է այս ընտանիքին. Բաղրամյանների 4 երեխաներն էլ հաճախում են Վանաձորի երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:
Երեխաներից ավագը՝ Մոնիկան, 8-րդ դասարան է: Նա խնամքի կենտրոնում է երկրորդ դասարանից:
«Առաջին դասարանը սովորական դպրոց գնաց Վանաձորում ապրող քրոջս տնից: Հետո, որ իրանք գնացին Ռուսաստան, ստիպված ուղարկեցինք խնամքի կենտրոն»,- պատմում է հայրը՝ Մյասնիկը:
Դուստրերից Էլենը փոխադրվել է 5-րդ, Հայկուհին՝ երկրորդ դասարան: Ընտանիքի միակ տղան՝ 8-ամյա Սարոն ևս խնամքի կենտրոնի սան է:
Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքում երեխաներին խնամքի կենտրոն ուղարկելը նպատակահարմար են գտել` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գյուղում դպրոց չկա, իսկ ամեն օր Վանաձոր դպրոց տանել-բերելը չափազանց ծախսատար կլիներ:
Քարաբերդում համայնքային տրանսպորտ չկա: Գյուղից քաղաք մեկնողները հիմնականում օգտվում են տաքսի ծառայություններից:
«Երեխեքին ամեն ուրբաթ բերում ենք, երկուշաբթի տանում, տանելը-բերելը նստում է 4.000 դրամ»,- ասում է Մյասնիկը:
Ընտանիքը 48.000 դրամի չափով նպաստ է ստանում: Ամուսինները տանը կից փոքրիկ հողամասն են մշակում, երկու կովից ստացած կաթ-կաթնամթերքն էլ վաճառում են՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար:
Ամռան տապին խոնավահոտով լցված փոքրիկ տան երկու սենյակներից առաջինը միակ օգտագործելի տարածքն է Բաղրամյանների համար: Այն և´ հյուրասենյակ է, և´ ննջասենյակ, իսկ ձմռանը ծառայում է նաև որպես խոհանոց ու լոգարան:
Ամուսինները սոցիալական պայմանների մասին շատ խոսել չեն սիրում: «Օրվա հետ յոլա ենք գնում»,- ասում է Մյասնիկը:
Ծնողների փոխարեն ընտանիքի խնդիրների մասին ակտիվորեն բարձրաձայնում են հարևանները: «Ճիշտն ասեք, ինչի՞ չեք ասում: Յոլա գնալը ո՞րն ա, ախր դուք օրերով սոված եք էղնում»,- միջամտում է հյուր եկած հարևանը՝ Վարազդատը:
Կինը՝ Անահիտը, ավելի քչախոս է: Ոչինչ չի ասում: Հետո միայն, ցույց տալով պատշգամբի իր բացօթյա խոհանոցը, ասում է. «Հանդի եղածն ենք բերում, սարքում, մի օր կանաչի, մի օր ավլուկ, սինդրիկ, բանջար: Ուտելու հարցում էլ չեմուչում չկա, ինչ էղնի, ուտում են երեխեքը, հարմարվում»:
Չորս անչափահաս երեխաների ծոնղներին հիմա միայն խնամքի կենտրոնի բեռնաթափման մասին լուրերն են մտահոգում:
«Ասել են, որ սեպտեմբերից խնամքի կենտրոնն էլ չպիտի աշխատի: Էնտեղ նախօրոք տեղյակ պահեցին, որ պետք ա փակվի»,- ասում է Մյասնիկը:
Երեխաների պատմելով` խնամքի կենտրոնում պայմանները շատ լավ են եղել: Չնայած դրան` նրանք ուրախ են, որ այսուհետ դպրոց են գնալու ու ամեն օր երեկոյան վերադառնալու տուն՝ ծնողների մոտ: «Ես ուզում եմ իմ մամայի ու պապայի կողքին լինեմ»,- ասում է Էլենը:
8-ամյա Սարոն ամենից շատ է ուրախացել խնամքի կենտրոնի փոխարեն հանրակրթական դպրոց գնալու համար:
«Ո՞ր երեխեն չի ուզի իր ծնողի հետ լինի կամ ո՞ր ծնողը՝ իր երեխու: Տղես էնքան դժվար հարմարվեց խնամքի կենտրոնում, քանի անգամ փախավ: Մինչև առավոտը լացուկոծով ճանապարհում էի, գնում տեղ էր հասնում, կյանքիս կեսը գնում էր»,- ուսումնական տարվա երկուշաբթիներն է հիշում Անահիտը:
Ընտանիքում արդեն հաշվարկել են. ամեն օր դպրոց գնալ-գալու դեպքում ամսական տաքսու ծախսը կկազմի 80.000-100.000 դրամ:
«Մի բան անիլ տեմ, բայց չգիտեմ` ոնց: Դպրոց չկա, աշխատանք չկա, բայց հո երեխանց էլ չեմ կարա ես անգրագետ թողամ: Պետք ա մի բան արվի, էլի, բայց թե ոնց... Սկզբից ասին գյուղապետարանը պետք ա տրանսպորտ հատկացնի, գյուղապետարանն էլ ասում ա՝ ես էդքան միջոց չունեմ»,- ասում է Մյասնիկը:
Քարաբերդի համայնքապետարանի կողմից ընտանիքին վերջին տարիներին տարեկան 50.000 դրամի չափով սոցիալական օգնություն է տրվում: Համայնքապետ Յուրիկ Շավելյանի խոսքով սա առավելագույնն է, որ համայնքը կարող է անել այս ընտանիքի համար:
«Գոնե մի տրանսպորտ աշխատեր, գյուղում ինչ-որ մի բան բարելավվեր երեխանց հմար: Այ մարդ, մենք հեչ արդեն, կարևորը երեխեքն են: Ոչ մի բան չեն անում, գյուղը հետ ա գնում ու առաջ չի գնում»,- ասում է երեխաների հայրը` մատնանշելով, որ հենց դպրոց չունենալու պատճառով են գյուղի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքները հեռացել գյուղից:
Ներկայումս գյուղի միակ դպրոցահասակները Բաղրամյանների երեխաներն են: Չնայած դժվարություններին` ընտանիքում թե´ մեծերը, թե´ փոքրերը լավատես են:
Մոնիկան երազում է բուժքույր դառնալու մասին: Հայկուհու երազանքն էլ խանութ ունենալն է, որ «պապան ինչ ուզի, էդ խանութից կարենա վերցնի»:
Մինչ երեխաները ոգևորված սպասում են սեպտեմբերին, ծնողները մտորումների մեջ են:
«Մարզպետարանում ասացին, որ որոշ չափով աջակցելու են նման ընտանիքներին»,- փորձում եմ հանգստացնել:
«Որոշ չափը ո՞րն է»,- զարմանում է Անահիտն ու մտովի հաշվարկում սպասվելիք ծախսերը:
Լոռու մարզպետարանում ևս այս հարցին դժվարանում են միանշանակ պատասխան տալ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի խոսքով` ընտանիքներին հատկացվելիք աջակցության տեսակն ու չափը կորոշվի ընտանիքների կարիքների գնահատումներից հետո միայն:
«Նախատեսվում են որոշակի սոցիալական փաթեթներ: Ես չեմ կարող դեռևս թիվ կամ քանակ ասել: Տարբեր տիպի օգնություններ են լինելու: Աշխատելու ենք յուրաքանչյուր ընտանիքի կարիքների գնահատման համատեքստում հնարավորինս օգնություն ցուցաբերել»,- նշեց Ն. Սարգսյանը:
Վերջինս չբացառեց նաև, որ երեխաներին ընտանիք ընդունելու հարցում պատրաստ չլինելու դեպքում ներկայումս խնամքի կենտրոնում հաշվառված 104 երեխաների մի մասը որոշ ժամանակ էլ կմնան կենտրոնում:
Մեկնաբանել