HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Արարատ Խանդոյանին դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Նիստի ընթացքում  2016թ.-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը հանդես եկավ պաշտպանական ճառով և հնչեցրեց վերջին խոսքը։

Արարատ Խանդոյանը, անդրադառնալով դատախազ Հայկ Պետրոսյանի մեղադրական ճառին, նշեց, որ այն իր մեջ պարունակում էր գեղարվեստական տարրեր․ «Անգամ հոլիվուդյան հայտնի սցենարիստները կնախանձեին դատախազի հանճարին։ Երևի դատախազը իմացել է, թե նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցրած անձը հայտարարել է՝ ով այնպիսի մեծ սուտ կասի, որ հաստատվի՝ իրոք սուտ է, կալվածքների կեսը կտա նրան»,- հայտարարեց Խանդոյանը։

Ելույթում Արարատ Խանդոյանը անդրադարձավ 2016թ.-ի հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուն, որին հաջորդել է Խորենացի-Գլինկա և հարակից տարածքներում հավաքը, և նշեց․ «Այդ ազգին նվիրված անդամները ոչ թե քրեորեն պատժելի արարք են կատարել, այլև քայլ են կատարել՝ ելնելով երկրի սոցիալական դրությունից, որպեսզի Ադրբեջանին չհանձնեն արյան գնով ազատագրված տարածքները, բանտերից ազատ արձակեն քաղբանտարկյալները, իսկ նախագահը հրաժարական տա»։

Արարատ Խանդոյանը ասաց, որ 2016թ.-ի հուլիսի 20-ին ոստիկաններն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա և անխնա հարվածել․ «Դատախազի կողմից ներկայացրած տեսասկավառակի մեջ պարզ երևում է՝ ինչպես է ոստիկանական ոհմակը հարձակվում ժողովրդի վրա։ Իսկ մեր կողմից որպես ապացույց բերված, սակայն դատարանի որոշմամբ չճանաչված տեսասկավառակում երևում են՝ ինչպես են մլիցեքը քարեր և տարատեսակ առարկաներ նետում ժողովրդի ուղղությամբ»։

Խանդոյանն անդրադարձավ նաև ոստիկանության կողմից հնչեցված զգուշացումներին և հայտարարեց, որ դրանք սուտ են եղել։ Ինչպես նաև ասաց, որ դատարանում ցուցմունք տված Վահե Չախմախչյանի և Արման Ասլանյանի վկայությունները ևս իրականությանը չեն համապատասխանել։

Իր կողմից վահան քաշելու մեղադրանքի վերաբերյալ Արարատ Խանդոյանն ասաց․ «Մարդ կարող է ոչինչ չանել, սակայն ռեժիմի թեթև ձեռքով բանտարկվել, քանի որ ռեժիմը շարժվում է ստրկատիրոջ հայտնի բանաձևով՝ «մեր դեմ խաղ չկա»»։

Ճառում Խանդոյանն անդրադարձավ տուժող ոստիկանության ներկայացուցիչ Արմենուհի Հարությունյանի ցուցմունքին, ըստ որի՝ 2016թ-ի հուլիս 20-ին զանգվածային անկարգությունների մասնակիցները վնասել և ոչնչացրել են 9 մլն 459 հազար դրամ արժողությամբ գույք, ինչպես նաև վնասվել են ՊՊԾ գնդի հարակից փողոցների ճանապարհային երթևեկության նշաններ։ «Դատական նիստի ընթացքում մթոմ տուժած մլիցեքը, ինչպես փաստում էին, իրենց հանդերձանքից և պաշտպանիչ միջոցներից ոչինչ չի վնասվել և չի ոչնչացվել։ Միայն մեկը նշեց, որ իր մոտ եղած կրակմարիչն է կորել՝ շտապօգնության մեքենա տեղափոխելու ժամանակ։ Ոստիկանությանը պատկանող ոչ մի գույք ո´չ վնասվել է, ո´չ էլ ոչնչացվել»,- ավելացրեց Արարատ Խանդոյանը։

Վերջին խոսքի մեջ Արարատ Խանդոյանը նշեց, որ դատարանի կողմից արդար դատավճիռ կայացնելու ակնկալիք չունի և հայտարարեց․ «Ազատություն քաղբանտարկյալներին, նրանց թվում և «Սասնա ծռերին», իսկ ռեժիմին՝ մահ»։

Նշենք, որ Խանդոյանը 11 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter