Հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են երեխաների խնդիրների մասին
2011թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում վերհանված երեխաներին առնչվող խնդիրների մասին և ստանալ պատասխաններ:
«Հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատանքներ են իրականացնում թե համայնքներում և թե քաղաքականություն մշակողների հետ, և կարող են նպաստել պետական քաղաքականության արդյունավետ ներդրմանը` հենվելով այդ փորձի վրա: Այս լսումները մեզ համար հրաշալի առիթ էին խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնք այս պահին հրատապ լուծում են պահանջում», - ասում է «Վորլդ Վիժն-ի Հայաստանի ներկայացուցիչը:
Վերհանված խնդիրները վերաբերում էին երեխաների իրավունքների պաշտպանությանը` սոցիալական, կրթության և առողջապահության ոլորտներում: «Վորլդ Վիժնը». համախմբելով Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը, Երեխայի պաշտպանության ցանցը և կրթության ոլորտում գործող կազմակերպություններին, պատրաստել էր մի փաթեթ, որտեղ արտացոլված էին բոլոր ստորև նշված հարցերն ու խնդիրների լուծման առաջարկները:
Խորհրդարանական լսումները կազմակերպվել էին ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ոլորտների մշտական հանձնաժողովների կողմից` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ: Ներկա էին նաև ոլորտային նախարարությունների և ոստիկանության ներկայացուցիչներ և փորձագետներ:
Այս խնդիրները վեր են հանվել Մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող 44 հասարակական կազմակերպություններից բաղկացած Դաշինքի, և Երեխաների պաշտպանության հանրային ցանցի անդամ և կրթական հարցերով զբաղվող ակտիվ ՀԿ-ների կողմից:
Սոցիալական ոլորտ
- Անչափահասների գործերով արդարադատության բնագավառում (այդ թվում` կանխարգելման ոլորտում) քաղաքականության և ռազմավարության բացակայություն
- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կամավորական սկզբունքով աշխատանքը և սոցիալական աշխատողի հայեցողական կարգավիճակը
- Պետական և ոչ պետական ծրագրերով իրականացվող հաստատությունների Բեռնաթափման գործընթացի անարդյունավետություն
- Այլընտրանքային խնամքի ձևերի անհամաչափ զարգացում և կիրառում
- Գոյություն ունի որոշակի օրենսդրական անհամապատասխանություն սոցիալական պաշտպանության կազմակերպություններում խնամք ստացող երեխաների խնամակալության վերաբերյալ
- Ոչ պետական խնամակալական կազմակերպությունում գտնվող կենսաթոշակառու երեխաները զրկվում են իրենց հասանելիք կենսաթոշակից
- Երեխաների դեմ կատարվող բռնությունների բացահայտումը և հայտնումը երեխաների հետ աշխատողների շրջանում կատարվում է ըստ հայեցողության
- Լսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնների բացակայություն
- Լսողական սարքերի հատկացման գործող տենդերային համակարգը ունի բարեփոխման կարիք
Կրթության ոլորտ
- Կրթության ոլորտի չափորոշիչները/օրենսդրական պահանջները և դրանց կատարման համար նախատեսված դպրոցներին հատկացվող ռեսուրսները չեն համապատասխանում կամ թափանցիկ չեն բաշխվում
- Դպրոցի տնօրենների հետ պայմանգրի կնքման վերաբերյալ երկու իրավական ակտերի հակասություն
- Մասնագետների պակասը` հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող
- Ներառական նախադպրոցական հաստատություններում բազմամասնագիտական թիմի բացակայություն
Առողջապահության ոլորտ
- «Առողջ ապրելակերպ» դասավանդող որակյալ մասնագետների և օժանդակ նութերի և դասագրքերի պակասը
- Առողջապահության համակարգին տրամադրվող ֆինանսական միջոցների անբավարար մակարդակ: Ելնելով միջազգային փորձից`առաջարկներ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ:
- Առանց դեղատոմսի դեղորայքի, մասնավորապես հակաբիոտիկների ազատ վաճառքը
- Երեխաների զարգացման և վերականգնողական ծառայությունների ցածր հասանելիությունը Հայաստանում
- Հատուկ առողջական, կրթական և սոցիալական կարիքներով երեխաների համապարփակ գնահատման ուղղված ծառայությունների և վարման միասնական համակարգի բացակայություն
- Երեխաների մոտ հիվանդությունների վաղ ախտորոշմանն ուղղված ոչ մասսայական սկրինինգներ
- ՀՀ-ում մանկական սնուցման ասպարեզում գործող օրենսդրությունն անկատարություն
- ՀՀ տարածքում վաճառվող սննդամթերքների որակի խնդիրներ
- Երեխաների շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների պակաս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել