HY RU EN

Գագիկ Աղբալյան

«Ալաշկերտը» խախուտ առավելության հասավ «Սանտա-Կոլոմայի» նկատմամբ (լուսանկարներ)

Եվրագավաթների 2017-2018 մրցաշրջանի առաջին հանդիպումը հայկական ակումբներից անցկացրեց Երեւանի «Ալաշկերտը»։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի սաները Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային» հաղթեցին նվազագույն 1։0 հաշվով, ու դեռ դժվար է ասել, թե սա ինչ կտա Հայաստանի չեմպիոնին։

Խաղի միակ գոլը 39-րդ րոպեին խփեց Ուրոշ Նենադովիչը։ Ընդ որում, Նենադովիչի գոլը առաջինն էր Չեմպիոնների լիգայի արդեն մեկնարկած մրցաշրջանում ընդհանրապես։

Ուշագրավ է, որ նախօրեին, երբ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը մամլո ասուլիս էր տալիս, Նենադովիչի մասին խոսելիս մոռացել էր նրա ազգանունը, դա էլ ճշտեց ասուլիսը վարող Սամվել Սուքիասյանից՝ ակումբի մամլո քարտուղարից։

Դժվար է ասել՝ Նենադովիչը տեղյակ է այդ դրվագից, թե ոչ, համենայնդեպս, մարզական մամուլը դրան չի անդրադարձել, բայց այսօրվա խաղում սերբ ֆուտբոլիստը լավագույններից մեկն էր տանտերերի կազմում եւ ակամա ապացուցեց, որ իր ազգանունը մոռանալ չի կարելի, անգամ եթե դու Աբրահամ Խաշմանյանն ես։

«Սանտա-Կոլոման» բարդ մրցակից է։ Ինչպես Աբրահամ Խաշմանյանն է ասում՝ նրանք նաեւ հակաֆուտբոլ խաղալ գիտեն։ Այսօր էլ, հյուրերը գրեթե ամբողջ թիմով արձագանքում էին վիճելի դրվագներին, ամբողջ թիմով գոռում մրցավարի ուղղությամբ, պահանջում պատժել այս կամ այն հայ ֆուտբոլիստին։

Պատասխան խաղում մերոնց համար շատ դժվար է լինելու։ Խաշմանյանն այսօրվա խաղից դժգոհ էր։ Ետխաղյա մամլո ասուլիսում ասաց, որ իր սաները վատ խաղացին։

«Սանտա-Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնն էլ հայտարարեց, որ մրցավարը որոշ սխալներով անցկացրեց հանդիպումը։ Մարզիչը հույս ունի, որ պատասխան խաղում կկարողանան կոտրել «Ալաշկերտի» դիմադրությունը։

Նշենք, որ խաղի ընթացքում լուրջ վնասվածք ստացավ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։ Նա գիշերն է վերադարձել Ռուսաստանից։ «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում փորձաշրջանի էր մասնակցում։ Այսօրվա խաղին նա խաղաց ընդամենը մի քանի րոպե՝ փոխարինման դուրս գալով, եւ մրցակցի ֆուտբոլիստներից մեկի հետ պայքարում կոտրեց քիթը։

«Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» հետաքրքիր դրվագները ներկայացնում ենք ֆոտոշարքով։