
Իսրայելցի քաղաքական գործիչը Արցախում խոսել է անկախության ճանաչման անհրաժեշտության մասին
Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը հունիսի 27-ին ժամանել է Արցախ՝ հանդիպելու տեղի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու համագործակցության հեռանկարների հարցեր:
Ավիգդոր Էսկինի հայաստանյան այցը կազմակերպվել է Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ: Ստեփանակերտում իսրայելցի գործիչը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել Իսրայելի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ եւ իր տեսլականը Արցախի հետ Իսրայելի համագործակցության առումով:
Արցախի խորհրդարանում ելույթի ժամանակ Ավիգդոր Էսկինը ընդգծել է, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորություններով Իսրայելում կիսվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը:
Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը ՀՀ-ում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը և մի շարք այլ թեմաների:
Էսկինը նշել է, որ ռուս հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի Բաքու այցը վկայում է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Էսկինի խոսքով՝ Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի, կողմ է պատերազմներին և մարդկության նկատմամբ հանցագործություններին, և եթե Իլհամ Ալիևը այդպիսի կերպարների հետ է համագործակցում, ապա ինքը միանշանակ կողմ է, որպեսզի Արցախը ունենա անկախություն:
"Պրոխանովին նույնիսկ ՌԴ-ում են համեմատում որոշ կենդանիների հետ, արհամարանքով վերաբերվում, մինչդեռ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հորթի հրճվանք է ապրում, երբ նա կոչ է անում հարձակվել Արցախի վրա և գրավել այն",-Արցախի խորհրդարանում հայտարարել է Ավիգդոր Էսկինը:
Իսրայելցի գործիչը շեշտել է, որ Արցախը դե ֆակտո և ստատուսով անկախ պետականություն է ստեղծել, և պաշտոնական Թել-Ավիվը հաշվի է նստում դրա հետ:
Ավիգդոր Էսկինը մեծ ազդեցություն ունի Իսրայելի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, հետեւաբար նրա այցը Արցախի Հանրապետություն կարող է կարեւոր նշանակություն ունենալ հայկական երկրորդ հանրապետության միջազգային ճանաչման եւ հատկապես Իսրայելի հետ հարաբերություններում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել