ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է ջրերի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը
Երեկ մենք հոդված էինք հրապարակել, որտեղ ներկայացրել էինք մանկական և շշալցված ջրերի լաբորատոր փորաքննության արդյունքները, ըստ որի՝ ներկայացված 6 նմուշներից միայն 2-ն էին համապատասխանել պահանջված նորմերին։
Ավելին՝ նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:
Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Հետք»-ին հայտնեց, որ իրենք «ուսումնասիրում են հրապարակված տեղեկությունը» և այժմ ոչինչ ասել չեն կարող։ Այն հարցին, թե հրապարակման մեջ ինչն է ուսումնասիրության առարկա, և արդյոք բավարար չէ ներկայացված լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, Ն․ Առաքելյանը պատասխանեց, որ պետք է ուսումնասիրեն բոլոր ասպեկտներով, քանի որ հրապարակումը ծավալուն էր։
«Ուսումնասիրվում է հոդվածի տեղեկությունը,- ասաց Ն․Առաքելյանը։- Ես չեմ մասնավորեցնում, ինչի՞ եք ուզում, որ ես մասնավորեցնեմ։ Ընդհանրապես՝ հրապարակումն ինքը և իր մեջ ընդգրկված տեղեկատվությունը։ Դուք ծավալուն բաներ եք ներկայացրել, դա էնպես չի, որ կես վայրկյանում ասենք»։
Այն նկատառմանը, որ որպես փաստական հիմք և ուսումնասիրության առարկա հոդվածում ներկայացված է միայն լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, Ն․ Առաքելյանը պատասխանեց, որ քանի դեռ չեն ուսումնասիրել, հետագա քայլերի մասին ոչինչ ասել չեն կարող։ Դրանց մասին կտեղեկացնեն առաջիկայում։
Մեկնաբանել