HY RU EN

Գագիկ Աղբալյան

«Փյունիկը» ինչո՞վ հետաքրքիր չէ․ սլովակ լրագրողները թվով գերազանցում էին

Երեւանի «Փյունիկը» վաղը «Սլովանի» հետ կայանալիք խաղին կմասնակցի կորուստներով։ Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, վնասվածքներ ունեն Վահագն Հայրապետյանն ու Արթուր Նադիրյանը՝ կիսապաշտպաններ, հարձակվող Էրիկ Պետրոսյանը։

Բացի դրանից, Հայաստանի ավարտված մրցաշրջանի ավարտին հայտարարված հանգստից հետո թիմն ընդամենը 10 օր է մարզվել, կազմը չի ուժեղացվել։ Մի խոսքով՝ «Փյունիկը» պատասխանատու մրցավեճին կարելի է ասել պատրասվել է տեսականորեն։

«Հետք»-ի հարցին, թե ինչու՞ թիմը չուժեղացվեց Եվրոպա լիգայից առաջ եւ ի՞նչ է հակադրելու փորձառու «Սլովանին» երիտասարդներով համալրված «Փյունիկը», Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանեց․ «Գիտեք, որ ակումբում փոփոխություններ եղան, նոր սեփականատեր կա, եւ մենք նրա հետ քննարկելով՝ եկանք այն եզրակացության, որ ժամանակը քիչ է, սխալ կլինի փակ աչքերով ինչ-որ ֆուտբոլիստների հրավիրենք։ Մենք ունենք երիտասարդ, բայց պատվախնդիր թիմ, եւ տղաները վաստակել են, որ իրենք հանդես գան այս մրցաշարում, ոչ թե՝ լեգեոներները: Տղաների համար սա մեծ փորձություն է, որի միջով նրանք պետք է անցնեն»։

Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչը հայտարարեց, որ ուսումնասիրել է «Փյունիկին», համարում է արժանի մրցակից, այնուամենայնիվ, վաղը կփորձեն Սլովակիա վերադառնալ հաղթանակով։

«Հետք»-ի հարցին՝ ի՞նչ խնդիր է դրված «Սլովանի» առաջ Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում, Վուկոմանովիչը պատասխանեց, որ նախ իրենց համար նույնքան կարեւոր է ներքին առաջնությունը, որտեղ պայքարելու են չեմպիոնական տիտղոսի համար, իսկ Եվրոպա լիգայում կենտրոնացած են «Փյունիկի» հետ խաղի վրա։

«Ֆուտբոլ+»-ը հարցրեց, թե ի՞նչ ազդեցություն կունենա երեւանյան տապը սլովակ ֆուտբոլիստների խաղի վրա։ Վուկոմանովիչը պատասխանեց․ «Ֆուտբոլիստները պետք է կարողանան խաղալ բոլոր պայմաններում։ Եթե մի թիմի համար դժվար է, ապա նույն պայմաններն են նաեւ մրցակից թիմի համար։ Մենք իրավունք չունենք խոսել եղանակային պայմաններից, փորձելով մեր հնարավոր ձախողումն արդարացնել։

Ես խաղացել եմ Ռոման Բերեզովսկու հետ, եւ նա ինձ պատմում է, որ Երեւանում միշտ խաղում են շոգ եղանակային պայմաններում»։

Նշենք, որ Վուկոմանովիչը Բերեզովսկու հետ խաղացել է Մոսկվայի «Դինամոյում»։ Ազգությամբ սերբ ֆուտբոլիստն այստեղ հանդես է եկել ընդամենը մեկ մրցաշրջան՝ 2002 թվականին, իսկ 2003-ին արդեն, չամրապնդվելով մոսկովյան թիմի հիմնական կազմում, տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա»։

Նշենք, որ «Փյունիկ»-«Սլովան» մրցավեճը ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացրել հայկական մեդիայի համար։ Գլխավոր մարզիչների ասուլիսներին մասնակցում էին ավելի շատ սլովակ լրագրողներ, քան՝ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։