HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշագրեր՝ ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողների հետ

Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթն ավարտված է, հայտնի են մրցույթը հաղթահարած «AR magic» և «Web Pro by Game» երկու նախագծերը: Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ>> ՍՊԸ-ն հունիսի 28-ին հաղթող թիմերի հետ ստորագրեցին համագործակցության հուշագիր:  

Մրցույթի մեկնարկը տրվել էր դեռևս այս տարվա մարտի 29-ին`  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ Նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին  աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով:

«Մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար»,- նշեց «Գլոբալ Կրեդիտ» ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը` hույս հայտնելով, որ ծրագիրը կհասնի իր նպատակակետին և կլինի շարունակական:

«Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- իրենց գաղափարի մասին պատմեց «AR Magic» նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:

«Web Pro by Game» նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանը ծրագրի վերաբերյալ նշեց. 

«Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաև ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում, այլև այլ երկրներում տարածել մեր ծառայությունը և խաղերի միջոցով իրականացնել ուսուցում, որն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց օգնության չէինք կարող շարունակել»:

Հայտարարված մրցույթին նախապես հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, արդյունքում ընտրվել էին լավագույն 2 առաջարկները:

Ընտրող հանձնաժողովի կազմում, բացի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներից, ընդգրկված էր նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter