
Վանաձորում սկսել են տուգանել չնախատեսված վայրերում աղբ թափողներին
Գայանե Սարգսյան
Մոտ մեկ ամիս է, Վանաձորի քաղաքապետարանը սկսել է տույժ-տուգանքներ կիրառել չնախատեսված վայրերում աղբ թափող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքներ կիրառելու անհրաժեշտության մասին խոսակցությունները Վանաձորում դեռ վաղուց են շրջանառվում, սակայն կիրառման նախադեպ ոչ նախորդ, ոչ էլ ներկայիս տեղական իշխանության կողմից մինչև վերջերս չէր գրանցվում` դա պատճառաբանելով աղբ թափողներին հայտնաբերել չկարողանալու հանգամանքով:
«Մեր թիմը պատրաստ է եղել կտրուկ քայլերի գնալ, ու այդ որոշումը շուտ է կայացված եղել: Ուղղակի տարբեր հանգամանքներից ելնելով` այդ որոշման իրագործումը որոշ ժամանակով հետաձգվել է»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը:
Այս տարվա հունիս ամսվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների աշխատանքի արդյունքում արդեն իսկ արձանագրվել ու քաղաքապետարանին է փոխանցվել չնախատեսված վայրերում աղբ թափող 4 քաղաքացու տվյալներ: Դեպքերից երկուսը գրանցել են ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի, երկուսը՝ Բազումի բաժնի աշխատակիցները: Դեպքերն էլ համապատասխանաբար գրանցվել են երկուսը` քաղաքի կենտրոնական, երկուսը՝ ծայրամասային հատվածներում:
Ոստիկանության արձանագրությունների հիման վրա Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու հիմքով, որն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Իրավախախտում կատարած չորս քաղաքացիներից երեքին հաջողվել է պատշաճ ծանուցել քաղաքապետարանում վարչական վարույթի լսումներ անցկացնելու մասին:
Արձանագրված առաջին դեպքով Կնունյանց փողոցի շենքերից մեկի ետնամասում շինարարական աղբ թափած քաղաքացի Դ. Մ.-ն հունիսի 14-ին անցկացված վարչական լսումների ժամանակ ասել է, որ շինարարական աղբը իջեցրել է շենքի ետնամաս ու պետք է տեղափոխեր շինարարությունը ավարտելուց հետո, սակայն, տեղեկանալով իրավախախտման մասին, տեղափոխել է շինարարական աղբը:
Այն տեղափոխելուց զատ վերջինս պարտավորվել է վճարել նաև տուգանք՝ 20.000 դրամի չափով:
Ծայրամասային Աբեղյան փողոցի բնակիչ Է. Ն.-ի նկատմամբ նույն չափով տուգանք է կիրառվել շինարարական աղբը փողոցում թափելու համար: Վերջինս տեղեկանալով իրավախախտման մասին` տեղափոխել է շինարարական աղբը, վարչական լսումների ժամանակ հայտնել, որ չունի առարկություն և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել:
Ա. Ք.-ն էլ շինարարական աղբը լցրել է քաղաքի կենտրոնական՝ Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ: Վերջինս չնայած պատշաճ ծանուցմանը, հունիսի 16-ին նշանկված վարչական լսումներին չի ներկայացել, 20.000 դրամի չափով տուգանքը, սակայն, ստիպված կլինի վճարել:
Իրավախախտում թույլ տված մյուս քաղաքացուն, ով ի տարբերություն վերը նշվածների, իգական սեռի ներկայացուցիչ է, քաղաքապետարանին ոչ մի կերպ չի հաջողվում ծանուցել, ինչի պատճառով վարչական լսումները հետաձգվում են:
Աշխատակազմի քարտուղարի խոսքով` խնդիրն այս հարցում փոստատարների աշխատանքի մեջ է:
«Մեր փոստատարների հետ աշխատանք ունենք կատարելու: Շատ դեպքերում մարդիկ մտերիմ կապեր են ունենում, զգուշացնում են մարդկանց, որ այդ ծանուցագրերը չվերցնեն, պատշաճ ձևով բնակչին չեն ծանուցում: Երկու անգամ արդեն այդ բնակչին ծանուցելու փորձ ենք կատարել, բայց չի ստացվել»,- նշում է նա:
Ա. Օհանյանը վստահ է՝ տույժ-տուգանքների կիրառումն արդյունավետ մեթոդ կլինի հետագայում նմանատիպ դեպքերի թիվը կտրուկ նվազեցնելու ու քաղաքն աղբից մաքրելու համար:
Վանաձորն աղբից մաքրելու լայնածավալ աշխատանքի մեկնարկը քաղաքապետարանը տվել է մայիս ամսից՝ Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում քաղաքի մի քանի տասնյակ աղբավայրերից հեռացնելով շուրջ 100 մեքենա աղբ: Չնայած իրականացված աշխատանքին, քաղաքում դեռևս մնացել են մի քանի հսկայական աղբատեղիներ, որոնք մաքրելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:
Ա. Օհանյանն օրինակ է բերում քաղաքի ծայրամասային Բազում թաղամասում ավտոտնակների միջնամասում գտնվող խոշոր աղբավայրը, որը տարիներ շարունակ կուտակվել է բնակիչների կողմից ու չի հեռացվել աղբահանող կազմակերպության կողմից:
«Մեր բնակիչները այսպիսի դեպքերով աղբահանություն իրականացնողների գործը հեշտացրել են, ծավալը քչացրել են՝ աղբը չնախատեսված, ակնհայտ չերևացող տարածքներում թափելով»,- ասում է նա:
Մյուս կողմից էլ քաղաքի աղտոտվածության մակարդակն աճել է աղբահանություն իրականացնող կազմակերպությունների կողմից մեկը մյուսի վրա աշխատանքը բարդելու պատճառով, ովքեր, ըստ զրուցակցիս, «տարբեր տարանջատումներ անելով, իրար վրա գցելով` չեն արել... »:
Հենց նաև սա է եղել պատճառը, որ քաղաքապետարանում որոշել են` քաղաքի աղբահանությունը պետք է իրականացնի մեկ կազմակերպություն:
Նախկինում պայմանագրով նախատեսված ժամանակացույցից շեղվելու համար քաղաքապետարանը երբևէ տույժ-տուգանքներ չի կիրառել նաև աղբահանող կազմակերպությունների նկատմամբ: Ա. Օհանյանը վստահեցնում է՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում քաղաքապետարանն այսօր պատրաստ է կտրուկ քայլերի նաև աղբահանողի՝ «Լայվ» ՍՊԸ-ի նկատմամբ:
Որպես աղբաթափմանը հակազդող միջոց` քաղաքապետարանը սկսել է կատարել տույժ-տուգանքների մասին տեղեկացնող ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ: Աղբը թափողներին արագ հայտնաբերելու համար քաղաքապետարանում այժմ քննարկվում է տեսախցիկներով վերազինված մեքենաների պարբերական շրջայցերի կազմակերպման տարբերակը:
Մեկնաբանել