HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագաղթ. թվեր, փաստեր և միտումներ

Հայրենադարձների արտագաղթի սկիզբը սովորաբար համարվում է 1970-80-ական թվականները։ Ավելի հաճախ այն կապվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975) եւ, դրանում արձանագրված՝ սահմաններով բաժանված ընտանիքների վերամիավորման դրույթի հետ։ Իրականում, սակայն, հայրենադարձները ԽՍՀՄ-ից սկսել են հեռանալ ավելի շուտ։

Հունաստանից հայրենադարձված, ապա Կանադա արտագաղթած Մովսես Բազարյանն, ով երկար տարիներ տեսուչի պաշտոն է զբաղեցրել Ներգաղթ կոմիտեում, իր` «Նամակներ Սովետական «Դրախտից»» ուշագրավ հուշագրության մեջ գրում է Պետրոս Սալրյանի մասին։

Պետրոսը՝ լինելով սուդանահայ մեծահարուստ ընտանիքի զավակ, 1943-ին տեղափոխվում է Եգիպտոս, 1947-ին՝ կոմունիստական գաղափարներին տուրք տալով,  տիկնոջ հետ ներգաղթում է Հայաստան, 1949-ին Ստալինի մասին վատ բան ասելու համար բռնադատվում եւ աքսորվում է, իսկ 1959-ին՝ արտագաղթում ԱՄՆ։

Ըստ Մովսես Բազարյանի՝ նրա վաղաժամ ելքը արտասահմանում մնացած մոր եւ եղբոր տքնաջան աշխատանքի արդյունքն էր։ «1956 թուին ուղարկում են համապատասխան փաստաթղթեր եւ միաժամանակ դիմում են միջազգային Մարդկային իրաւանց կազմակերպութիւններին, նաեւ Մոսկուա Սովետական Իշխանութեանց»։

Վաղ արտագաղթողներից է նաեւ Թոմ Մուրադյանը։ Նա ԱՄՆ-ից Հայաստան եկել էր 1947-ին՝ 18 տարեկանում, առանց ընտանիքի, միայնակ։ Մուրադյանն այժմ ապրում է Դետրոյթում (Միչիգան, ԱՄՆ) եւ տպավորություն ունի, որ իր ելքը կապված էր միջազգային քաղաքական կոնյուկտուրայի հետ։ «ԿԳԲ-ի մարդն ինձ ասեց՝ պարոն Մուրադյան, վարչապետ Խրուշչովը մեկնում է Փարիզ, որտեղ հանդիպելու է Էյզենհաուերի, ՄըքՄիլանի և Դը Գոլի հետ: Ժամանակները փոխվում են, շուտով տուն կգնաք»։

1960-ին գերտերությունների փարիզյան համաժողովում Խրուշչովն իսկապես պետք է հանդիպեր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներին, եւ ԽՍՀՄ-ը մեծ սպասելիք ուներ այդ հանդիպումներից։ Թեեւ համաժողովը ձախողվում է, բայց 1960-ի հուլիսին Թոմին արտոնում են լքել ԽՍՀՄ-ը։ «ԿԳԲ-ի սպան նորից հայտնվեց եւ ասաց՝ կարող եք վերադառնալ: Ինչու՞ հանկարծ, չգիտեմ:»

60-ականների արտագաղթի վկայություններ կան նաեւ նախկին հայրենադարձների՝ մեզ տված հարցազրույցներում, բայց ամբողջական պատկերի մասին դժվար է խոսել, քանի որ վիճակագրությունն առայժմ անմատչելի է։

Անցած տարվա նոյեմբերի սկզբին դիմեցինք ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ОВИР-ի խորհրդային շրջանի արխիվների մասին տեղեկություն ստանալու խնդրանքով։ Պատասխանեցին՝ «դրանք, պահպանման վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, ոչնչացվել են»։ Չհավատալ չենք կարող. ի վերջո պետական մարմին է, ստորագրողն էլ գնդապետի կոչումով բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց դժվար է նաեւ հավատալ, որ ինչ-որ տեղ՝ մոսկովյան արխիվների կիսախավար նկուղներում, հայերի արտագաղթին վերաբերվող փաստաթղթեր չկան։

Ինչեւէ, ձեռնարկեցինք ինքնուրույն որոնում՝ հուսալով, որ պաշտոնական վիճակագրությունը մի օր անպայման ջրի երես դուրս կգա եւ համապատասխան մասնագետները գիտական մակարդակով կզբաղվեն խորհրդային արտագաղթով։

Ռուսական «Կոմերսանտ» կայքի 2005-ի ապրիլի 18-ի թողարկման «Հայերն իրենց վիրավորված են զգում Խորհրդային Միությունում» հոդվածում կարդում ենք. «1965 թվականին КГБ-ի նախագահ Վլադիմիր Սեմիչաստնին ԽՄԿԿ Կենտկոմին ուղղված նամակում գրում է. «Ներկայումս հաշվառված են ավելի քան 1000 ընտանիքներ, որոնք համառորեն ձգտում են վերադառնալ արտասահման»»։  

Նույն հոդվածի վերջում բառացի մեջբերված է հատված ԽՍՀՄ ՆԳՆ զեկուցագրից (1974, մարտի 12), որում արտագաղթի ծավալի մասին քանակական ստույգ տվյալներ չկան, բայց կարելի է կռահել, որ հայերի արտագաղթի թեման մտահոգում էր երկրի ղեկավարներին։ Զեկուցագրում  խոսվում է 1960-63-ին բավարված 25 դիմումների մասին։ Ասվում է, որ 1964-66-ին բավարարվել է դիմումների 50, իսկ 1973-ին՝ 67 տոկոսը։ Ի՞նչ թվերի տոկոսների մասին է խոսքը, դժվար է ասել, բայց՝ «դիմողներից շատերի ելքը մերժվում է», «ամեն ինչ արվում է արտագաղթի առկա տրամադրությունները նվազեցնելու համար», զեկուցագրում տեղ գտած՝ արտահայտությունները խուճապի պես մի բան են երեւակում։ «Այսուհանդերձ քաղաքացիների այս խմբում (հայ հայրենադարձներ) մշտական բնակության մեկնել ցանկացողների թիվը վերջին տարիներին աճում է». եզրափակում է փաստաթղթի անհայտ հեղինակը։

Արտագաղթի ծավալների մասին որոշ տվյալներ կան ամերիկյան «New York Times» թերթի 1970-80-ական թվականների համարներում, որոնք թեեւ հատվածական են, բայց որոշակի պատկերացում կարող են տալ։ Ամերիկյան պարբերականն այս թեմային ավելի շատ անդրադարձել է 1978-80 թվականներին։ Հետաքրքրությունը հավանաբար մեծացել է Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժման եւ Մոսկովյան օլիմպիական խաղերի համատեքստում։

1978-ի հունիսի 26-ին NYT-ի «Հայաստանից ավելի շատ գնում են, քան գալիս» հոդվածով արտագաղթն ու ներգաղթը հավասարակշռելու փորձ է արվում։ Այդ ժամանակ, կապված Իրանի հեղափոխության հետ, ներգաղթը բավական ակտիվ էր։ «Վերջին երկու տարիներին (1976-78) համաձայն Մոսկվայում Ամերիկյան դեսպանատան տվյալների՝ 3152 սովետահայեր արտագաղթել են միայն ԱՄՆ». գրում էր թերթը՝ միաժամանակ ներկայացնելով պաշտոնական տեսակետ։ ՀԽՍՀ այդ ժամանակվա ԱԳ նախարար Մարտիրոս Մելքումյանն ասում էր, որ Իրանից տարեկան Հայաստան է ներգաղթում 1000 մարդ, եւ, չընդունելով 3152 թիվը, պնդում, թե ամեն տարի արտագաղթում է ընդամենը 600 հայ (այսինքն՝ 1800)։ Պաշտոնական տեսակետն արժանահավատ չհամարելով՝ թերթն արձանագրում է, որ հայերը ԽՍՀՄ-ից ԱՄՆ արտագաղթողների մեծ խմբերից են։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տվյալներով միայն 1979-ի առաջին չորս ամիսներին ԱՄՆ մեկնել է 800 հայ, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարում ԱՄՆ մուտքի արտոնագիր ստացածների թիվը եղել է 1100։ (NYT, 22.05.1979)

Չափազանց խոսուն են թերթի 1980-ի մայիսի 25-ի հայերի արտագաղթին վերաբերող հոդվածի վերնագիրն ու ենթավերնագրերը. «Հայերը Խորհրդային Միությունից գնում են ԱՄՆ։ Առվակը ջրհեղեղի է վերածվում։ Շատերը արհետավարժ մասնագետներ են»։

«1970-ականների վերջին Խորհրդային Հայաստանն արտագաղթի պատճառով ավելի շատ մարդ է կորցնում, քան շահել էր ներգաղթից։ Արեւմտյան դիվանագետները ոչ մի բացատրություն չունեն»։ «Շատերը դեսպանատան ներկայացուցիչներին բացեիբաց ասում են, որ ուզում են դրամ վաստակել, ինչը չեն կարող  անել Խորհրդային Միությունում»։

Ամերիկյան պարբերականը հետագա ութ տարիներին, կարծես թե, չի անդրադարձել հայերի արտագաղթին։ 1988-ին, գորբաչովյան բարեփոխումների եւ երկրի ժողովրդավարացման շրջանում՝ թեման կրկին հրատապ է դառնում։ 1988-ի մարտի 5-ին NYT-ը գրում է. «Ռեյգանի վարչակազմի պաշտոնյաները հաղորդում են Խորհրդային Միությունը լքել փորձող հայերի թվի կտրուկ աճի մասին։ Պետդեպարտամենտը 12000 հայերի՝ որպես փախստական, ընդունելու առաջարկ է պատրաստել»։ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյա թերթի թղթակցի հետ զրույցում ասում է. «Որպես փախստական ընդունվելու՝ սովետական հայերի դիմումների թիվը զգալիորեն աճում է»։ Ըստ նրա՝ եթե 80-ականների կեսին տարեկան կար 200 հայ դիմող, 1987-ի վերջին եռամսյակում այդ թիվը հասել է ամսական 1400-ի»։  

Արտագաղթի ծավալի մասին ամենաուշագրավ տեղեկությունը գտնում ենք immigrationtous. net կայքում։ «1960-84 թվականներին 30 հազար հայ լքել է ԽՍՀՄ-ը եւ հիմնականում հաստատվել Լոս Անջելեսի շրջանում։ Քանի որ 80-ականների վերջին հանրապետությունների վրա սովետական վերահսկողությունը թուլանում էր, հազարավոր (հայեր) ներգաղթում էին ԱՄՆ՝ նախնական հաշվարկով մոտ 60000»։

Թվերն, իհարկե, խոսուն են, բայց դրանցով արտագաղթի ծավալի եւ, հատկապես՝ դինամիկայի համոզիչ ընդհանրացումներ չես անի։ Ամերիկյան աղբյուրները նշում են միայն ԱՄՆ ներգաղթողների թվերը, բայց 1960-80-ականներին հայերն արտագաղթում էին նաեւ Ֆրանսիա, Կանադա, Ավստրալիա, Լիբանան։ Շատերի համար Լիբանանն, ի դեպ, տարանցիկ գոտի էր, որտեղից ANCHA (Тhe American National Committee to Aid Homeless Armenians) կազմակերպության աջակցությամբ արտագաղթում էին ԱՄՆ։

…………………………………………..

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանություններ (1)

samo
Hi, thanks for the article. Does anyone have a clue on how many Armenians migrated to Armenia after the WWII and how many of these ended up in Siberia? Thanks,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter