HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարեն Փոլադյան. Դատական դեպարտամենտն անելիք չունի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին ծեծի ենթարկելու հարցում

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի կարծիքով՝ դատական համակարգն անելիք չունի ՊՊԾ գնդի գործով երեկ դատարան բերված ամբաստանյալներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու հարցում: Այս մասին Փոլադյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում:

Վերջինս անգամ տեղյակ չէր, որ երեկ ուշ երեկոյան ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալների փաստաբաններն ահազանգել են այն մասին, որ իրենց պաշտպանյալները դատական նիստերի դահլիճից հեռացվելուց հետո հենց դատարանում ծեծի են ենթարկվել:

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց եթե, ինչպես դուք ձեր խոսքում եք նշում, նման բան եղել է, ապա դա ոչ իմ, և ոչ դատական համակարգի գործառույթների մեջ չի մտնում»,- ասաց Կարեն Փոլադյանը՝ նշելով, որ դատարանում քննվում են միայն դատարան ստացված գործերը:

Նշենք, որ երեկ` այն բանից հետո, երբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները դուրս բերվեցին նիստերի դահլիճից, նիստին ներկա փաստաբաններից ոմանք լրագրողներին ահազանգեցին այն մասին, որ դահլիճից դուրս գոռգոռոց է լսվում, և նրանցից ոմանց տպավորությամբ՝ դուրս տարված ամբաստանյալները ծեծի են ենթարկվում: Այսինքն կարելի է ենթադրել, որ առնվազն դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող կարգադրիչների համար պարզ է եղել, որ սենյակում, ուր տարվել են դահլիճից հեռացված ամբաստանյալները, ինչ-որ բան է կատարվում, և ըստ Փոլադյանի՝ այս պարագայում, փաստորեն, Դատական դեպարտամենտն անելիք չունի:

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում աղմկահարույց դատական նիստերի ժամանակ կոնֆլիկտ է առաջանում դատական կարգադրիչների և փաստաբանների միջև, որի պատճառը լինում է այն, որ զննության ժամանակ մետաղորսիչը ահազանգում է, և փաստաբանները հրաժարվում են կարգադրիչներին ցույց տալ իրենց մոտ եղած պայուսակների պարունակությունը: Ըստ փաստաբանների՝ կարգադրիչների կողմից որևէ տարբերակով պայուսակի պարունակությունը ցույց տալու պահանջը ոչ թե զննություն, այլ խուզարկություն է:

Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ըստ նրա` պայուսակի պարունակությունը ցույց տալու պահանջը խուզարկությո՞ւն, թե՞ զննություն է:

«Դատական կարգադրիչների գործառույթն է հանդիսանում ապահովելու դատարանում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգությունը, և այս նկատառումներից ելնելով՝ դատական օրենսգրքում կարգադրիչների համար նախատեսվել է դատարան մուտք գործող յուրաքանչյուր անձի զննության ենթարկելու իրավունք, ինչպես նաև իրավունք՝ պարզելու դատարան մուտք գործող յուրաքանչյուր անձի ինքնությունը»,- ի պատասխան` ասաց Կարեն Փոլադյանը, պնդելով, թե երեկ դատական նիստից առաջ կարգադրիչները ոչ թե խուզարկություն, այլ զննություն են իրականացրել և հավատացնելով, որ դա շարունակական բնույթ է կրելու:

Երեկ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստից առաջ կարգադրիչները փաստաբան Արա Զաքարյանից պահանջում էին անվտանգության նկատառումներով անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, սակայն վերջինս հրաժարվեց, և արդյունքում նրան չթույլատրվեց ներկա գտնվել դատական նիստին: Այս դեպքում ևս դեպարտամենտի ղեկավարը պնդում է, որ Զաքարյանից անձը հաստատող փաստաթուղթ են պահանջել անվտանգության նկատառումով:

Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե փաստաբան Զաքարյանի անձնագրային տվյալների գրանցումն ի՞նչ անվտանգության խնդիր էր լուծում երեկ. արդյոք Զաքարյանի վարքագծում կարգադրիչները որևէ կասկածելի բան են նկատել:

«Մենք չենք կարող ենթադրել, թե դատարան մուտք գործող անձանցից որն ինչպիսի վարքագիծ է դրսևորելու. մենք տարբերակում չենք դնում փաստաբանի, մեղադրողի, դատավարության մյուս մասնակիցների միջև: Մեզ համար բոլորը մեր քաղաքացիներն են և բոլորի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը դատարանում դրված է դատական կարգադրիչների վրա»,- ասաց Կարեն Փոլադյանը:

Փաստորեն, չնայած Փոլադյանը կարծում է, որ դատարանում բոլորի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դրված է դատական կարգադրիչների վրա, բայց մեզ հետ զրույցում, խոսելով ոստիկանների` ՊՊԾ գնդի գործով անցնող անձանց ծեծի ենթարկելու հանգամանքի մասին, նշում է, որ դեպարտամենտն այս հարցում անելիք չունի:

Փոլադյանը կարծում է, որ բոլոր դատարաններում նիստերն անցնում են խաղաղ պայմաններում՝ որոշ բացառություններով հանդերձ: Ըստ նրա՝  հնչեղ գործերի ժամանակ առաջացած խնդիրներն ամենևին դատական կարգադրիչների պրոֆեսիոնալիզմի պակասի մասին չեն խոսում, որ մինչև այսօր ապակեպատ դահլիճներում անցկացվող դատական նիստերի հրապարակայնությունը չի խախտվել, և եթե դատական նիստերը լսելի չեն լինում քաղաքացիների համար, ապա դրա պատճառը հենց այդ նույն քաղաքացիների բարձրացրած աղմուկն է:

«Եթե քառասուն, հիսուն, վաթսուն հոգով աղմկում եք, պարզ է, որ չեք լսի»,- ասաց Փոլադյանը:

Մեր դիտարկմանը, որ դահլիճում, որտեղ անցկացվում է ՊՊԾ գնդի գրավման գործը, այլ դատական նիստերի ժամանակ ևս լսելիության խնդիր է առաջանում, Փոլադյանը պատասխանեց, թե գուցե տեխնիկական խնդիր է եղել, որը շատ արագ լուծման ենթակա է:

Փոլադյանը նշեց նաև, որ իրենք պատրաստվում են այլ դատական նիստերի դահլիճներ ևս ապակեպատել, ինչպես նաև միջոցներ հայթայթել դատարանը ժամանակակից տեխնիկայով համալրելու և «ժամանակին համահունչ քայլելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter