HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայլակ Հայրապետյան. «Ես առաջարկում եմ, որպեսզի առաջին հոդվածը լինի ոչ միայն քրեական, այլև հայրենիքի դավաճանի հոդված»

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում նորից հետաձգվեց «օֆշորի» գործով դատական նիստը: Նիստին չէին ներկայացել մեղադրող Դավիթ Վեքիրյանը և ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։ Դատարանը հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 7-ին։

Դատական նիստից հետո տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ դատախազ Դավիթ Վեքիրյանը կայացած նախորդ նիստի ընթացքում ամբաստանյալի նկատմամբ դատարանից 15 տարվա ազատազրկում է պահանջել։ Լ. Աղլամազյանը հայտնեց, որ կատարված հանցագործության համար 15 տարին քիչ է։ «Փորձենք չդժգոհել, ամեն դեպքում նման հանցանքի համար ցմահ դատապարտումը նույնիսկ քիչ է։ Մի քանի ամսվա մեջ վերցնել, խլել նման մարդու ունեցվածքը և փոշիացնել, մարդկային տեսանկյունից նույնպես քննադատելի է։ Ես կուզենայի նման արարքը ցմահ դատապարտվեր, որպեսզի օրինակ ծառայեր»,- հայտնեց Լ. Աղլամազյանը։

Ներկայացուցիչը նշեց նաև, որ հաջորդ դատական նիստին տուժող կողմն է հանդես գալու ճառով և «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր ելույթում անդրադառնալու է Աշոտ Սուքիասյանի կողմից կատարած գործողություններին։ «Անդրադառնալու եմ այն հարցին, թե ինչպես է Աշոտ Սուքիասյանը խաբեությամբ փորձել լիազորագիր կորզել Փայլակ Հայրապետյանից՝ օգտվելով նրա ազնվությունից, աշխատանքային ջիղից, հետագայում նրան պատկանող անշարժ գույքերը գրավադրել, իսկ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելով՝ Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը փոշիացրել»,- նշեց Աղլամազյանը։

Գործարար Փայլակ Հայրապետյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես առաջարկում եմ, որպեսզի առաջին հոդվածը լինի ոչ միայն քրեական, այլև հայրենիքի դավաճանի հոդված, որովհետև Աշոտ Սուքիասյանը 10 հազար բանվորի աշխատանքից զրկել է։ Նրանք գնում են, երկիրը դատարկվում է։ Մենք պետք է նրանց մասին էլ մտածենք, ոչ թե միայն իմ անձի ու ունեցածի մասին»։ Գործարարը ավելացրեց նաև, որ բանկի ղեկավարության կողմից կազմվել է բիզնես ծրագիր, որը մինչը 2020 թվականը ծրագիրը ուժի մեջ պետք է լիներ, սակայն վեց ամիս հետո ունեցվածքը բռնագանձել են։

«Իմ շենքերը կոպեկներով վերցրել են հենց բանկի աշխատողները։ Մենք ճորտ ենք բանկերի առաջ»,- նշեց Փ. Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում (պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը (պատժվում է ազատազրկմամբ ՝ հինգից տասը տարի ժամկետով)։

Մեկնաբանություններ (1)

Ռաֆֆի
Փայլակ ջան, հայերէն խօսի՛ր - Ես առաջարկում եմ ՈՐ, ոչ թէ ՈՐՊԷՍԶԻ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter