
Վերաքննիչը մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը
Ամալյա Մարգարյան
Վերաքննիչ դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքը` Առաջին ատյանի դատարանի կողմից իրեն 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ։
Այսօր Սաֆարյանը Վերաքննիչ դատարանում ներկայացրեց բողոքը՝ մասնավորապես նշելով, որ դատավճիռն անհիմն է, իսկ գործի նախաքննությունը օբյեկտիվորեն չի իրականացվել։ Ակտիվիստը նշեց, որ դատարանում վկայություն տված ոստիկանների ցուցմունքներն անարժանահավատ են եղել։
«Ցուցմունքներն ակնհայտ սուտ են, բոլորն իրար հակասում են, հակասում են մեր կողմից ներկայացրած տեսանյութերին։ Ողջամտությունից դուրս է այսպիսի ցուցմուքները արժանահավատ համարելը։ Ո´չ նախաքննության մարմինը, ո´չ դատարանը այս վկաներից ոչ մեկի ցուցմունքը չի բերել և չի ասել, որ չի համապատասխանում տեսագրության հետ»,-հայտնեց Սաֆարյանը։
Գևորգ Սաֆարյանը նշեց նաև, որ ոստիկանության կողմից ներկայացրած վկաների ցուցմունքները հակասություններով համարվում են արժանահավատ, իսկ պաշտպանական կողմի վկաներինը` անարժանահավատ։
«Ոտնահարվել է ամբաստանյալի արդար դատավարության իրավունքը, վկաների հարցաքննության իրավունքը։ Նման դատավճիռը չի համարվում արդարադատություն»,- խոսքը եզրափակելով` հայտարարեց Սաֆարյանը։
Գևորգը նշեց նաև, որ ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ, իսկ Գեղամ Խաչատրյանը հարվածներ է հասցրել, հայհոյել քաղաքացիներին, չի կատարել ծառայողական պարտականությունները։
Գևորգ Սաֆարյանը նշեց, որ իր մեղքը հիմնավորող ապացույց գոյություն չունի և չի էլ կարող լինել, որովհետև ինքը Գեղամ Խաչատրյանին չի հարվածել։
Գևորգ Սաֆարյանը և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեցին դատարանին վերաքննության կարգով հետազոտել գործում ապացույց հանդիսացող տեսանյութերը։
Դատախազը դատարանից պահանջեց անփոփոխ թողնել դատավճիռը և նշեց, որ պաշտպանական կողմը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել վճիռը փոփոխելու համար։ Ավելացրեց նաև, որ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրանը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ունեցել, իսկ պաշտպանական կողմի ներկայացրած տեսանյութերը եղել են մոնտաժված։
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը 2017թ.-ի հունվարի 16-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Մեղադրվում է այն բանի համար, որ 2015թ.-ին դեկտեմբերի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ փորձել է մտնել Ազատության հրապարակ։ Հավաքվածներից մեկը Ձմեռ պապի հագուստով է եղել, իսկ ձեռքին՝ տոնածառ: Ոստիկանները փորձել են խլել տոնածառը, բախում է առաջացել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև, որի ընթացքում Գևորգ Սաֆարյանը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ Գեղամ Խաչատրյանի նկատմամբ։
Մեկնաբանել