HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ռուսաստանը նախապատրաստվում է Արևմուտք-Իրան պատերազմին

Երեկ «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով «Նեզավիսիմայա գազետայի» աղբյուրներին, հրապարակել է տեղեկատվություն, որ Ռուսաստանը ինտենսիվ նախապատրաստվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հնարավոր հարձակմանը: Մոսկվան հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կայացրել են Իրանին օդային հարված հասցնելու որոշում, և X օրը իրանական միջուկային օբյեկտները անսպասելի օդային հարվածի կենթարկվեն:

Կանխատեսվում է, որ Թեհրանի կողմից, անկասկած, պատասխան քայլ կլինի, ինչը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի:

Ըստ «Ռեգնումի»' Ռուսաստանն արդեն մեկ տարի նախապատրաստվում է իրանական սցենարի աննպաստ զարգացմանը: ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն' այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ամբողջությամբ օպտիմալացվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազան: Ռուսական քաղաքացիների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան, Երևանում տեղակայված ռուսական կայազորը կրճատվել է, որովհետև մի մասը տեղափոխվել է Գյումրի, թուրքական սահմանին ավելի մոտ:

Ռուսական աղբյուրները հավանական են համարում, որ հենց Թուրքիայի տարածքից հարված կհասցվի Իրանին, թեպետ առայժմ պարզ չէ, թե ռուսական 102-րդ ռազմակայանը այդ դեպքում ինչ գործառույթներ է իրականացնելու: Սակայն միաժամանակ դեկտեմբերի 1-ից լիարժեք մարտական պատրաստության են բերված նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքերը, իսկ ռուսական սևծովյան նավատորմի նավերը խուսանավում են Վրաստանի ծովային սահմանի մոտ: Մոսկվայում մտավախություն ունեն, որ Վրաստանն այս կամ այն կերպ կարող է մասնակցել հակաիրանական գործողությանը:

Միաժամանակ Մոսկվան մտահոգ է, որ Իրանի վրա հարձակումը ընդհանրապես կփակի Հայաստանում տեղակայված ռուսական բազան սպասարկելու հնարավորությունները, քանի որ Վրաստանը 2008 թ. օգոստոսից ի վեր հրաժարվում է ռազմական տրանզիտ տրամադրել Ռուսաստանին դեպի Հայաստան: Հարավային Կովկասում ռուսական զորքերի հրամանատարի երկարամյա տեղակալ, գեներալ Յուրի Նետկաչովը կարծիք է հայտնել, որ Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի միջանցք բացել Վրաստանով' Հայաստանում տեղակայված բազան ապահովելու համար: «Հնարավոր է' հարկադրված լինենք ճեղքել վրացական տրանսպորտային շրջափակումը և ռազմական միջոցներով ապահովենք տրանսպորտային միջանցքներ դեպի Հայաստան»,- նշել է նա:

Միաժամանակ ռուսական ռազմական փորձագետները միակարծիք չեն Իրանի դեմ ռազմական գործողության համատեքստում Ղարաբաղում նոր պատերազմի հնարավոր սանձազերծման առումով: Ռազմական կանխատեսումների կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը կարծում է, որ չնայած բանակի վերազինման լուրջ ծախսերին, ինչը Հայաստանի և Իրանի իրավացի դժգոհությունն է հարուցում, Ադրբեջանը կխուսափի ինչպես Իրանի դեմ գործողությանը մասնակցելուց, այնպես էլ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսումից:

Մինչդեռ ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը, որ զբաղվել է Ղարաբաղյան պատերազմի վերլուծությամբ, համարում է, որ հակամարտության կարգավորման գործընթացն անհարկի ձգձգվել է, և Ադրբեջանը կարող է հանկարծակի պատերազմ նախաձեռնել: Փորձագետը նաև նշել է, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ նախաձեռնի, Ռուսաստանը, Իրանում պատերազմի ֆոնի վրա կարող է օժանդակել Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերին օդային տարածքի պաշտպանության գործում, սակայն Լեռնային Ղարաբաղում որևէ գործողության ռուսական ստորաբաժանումները չեն մասնակցի:

«Այլ հարց է, եթե ռազմական սպառնալիք լինի կոնկրետ Հայաստանի նկատմամբ' Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից: Այդ դեպքում Ռուսաստանի մասնակցությունը ցամաքային գործողություններին, ըստ ամենայնի, լինելու է»,- նշել է Պոպովը: Ըստ նրա' եթե Իրանին սպառնա ամենաանցանկալի սցենարը' ցամաքային պատերազմ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի, ապա Մոսկվան չի կարող ամբողջովին ձեռնպահ մնալ միջամտությունից և Իրանին առնվազն ռազմատեխնիկական աջակցություն կցուցաբերի:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter