HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանն ուզում է, որ իրեն անմեղ ճանաչեն

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանը, ով առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բողոքարկել է իր դատավճիռը:

Նա դիմել է Վերաքննիչ դատարան՝ բեկանելու և փոփոխելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Աշոտ Պողոսյանը, հիշեցնենք, մեղավոր էր ճանաչվել երկու հոդվածներով՝ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրություն) և 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը): Բացի դրանից, դատարանը վճռել էր Աշոտ Պողոսյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել շուրջ 1, 8 մլրդ դրամ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձել 874 մլն դրամի չափով գումար որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: 

Վերաքննիչ բողոքով Աշոտ Պողոսյանի փաստաբան Մանվել Գրիգորյանը պահանջել է Աշոտ Պողոսյանին ճանաչել անմեղ ՀՀ քր. օր. 188 հոդ. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և արդարացնել նրան` կատարած արարքում հանցակազմ չլինելու հիմքով, իսկ մեղադրողի ներկայացրած քաղաքացիական հայցը կարճել:

Փաստաբանը մեկ այլ տարբերակ էլ է առաջարկել՝ ՔՕ. 214 հոդ. 1-ին մասով (Ապօրինի ձեռնարկատիրություն) մեղավոր ճանաչելու և դատապարտելու դեպքում պատիժը նշանակել նվազագույն պատժաչափով և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Մեղադրանքը հիմնավոր համարելու դեպքում նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան նվազագույն ժամկետով կամ նշանակված պատիժը փոփոխել, վերջնական պատժաչափ սահմանելով, պատիժը համարել կրած: Աշոտ Պողոսյանից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի օգտին շուրջ 1.8 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ «ԱրմենՏել»-ի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

Փաստաբան Մանվել Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ Աշոտ Պողոսյանի բողոքն արդեն քննվում է Վերաքննիչ դատարանում: Հունիսի 27-ին նշանակված նիստը, սակայն, չի կայացել դատախազ Հայկ Հակոբյանի գործից ազատվելու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 21-ին:  

Աշոտ Պողոսյանը արգելանքի տակ է 2014թ. հունվարի 23-ից: Այսինքն՝ արդեն 3,5 տարի պատիժը կրել է և հունվարին պետք է ազատ արձակվի:

Հիշեցնենք՝ Ա. Պողոսյանին մեղադրանք էին առաջադրել այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել էր միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել` արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակառուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´ պետությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter