HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մխիթար Ավետիսյանի գլխին են շատ հարվածել, մարմնի տարբեր հատվածներում` վնասվածքներ, իսկ արմունկի շրջանում արնազեղում ունի». փաստաբան

ՊՊԾ գնդի գործով դատական նիստի ժամանակ դատարանում դաժան ծեծի է ենթարկվել նաև ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը: Այս մասին «Հետք»-ին ասաց Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն, ով այսօր տեսակցել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին:

Պետրոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալի արմունկի շրջանում` արնազեղում, իսկ մարմնի տարբեր հատվածներում վնասվածներ կան:

«Վնասվածքներ են եղել նաև գլխի հատվածում. գլխին են շատ հարվածել, ինչի հետևանքով գիշերը չի կարողացել քնել. ցավեր ունի»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկի կողմից վնասվածքներն արձանագրվել են, և այսօր իր պաշտպանյալին այցելել են նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Խոսելով երեկ դատական նիստի ժամանակ տեղի ունեցածի մասին՝ Մխիթար Ավետիսյանը Ինեսսա Պետրոսյանին պատմել է, որ երեկ դատական նիստից առաջ, նիստերի դահլիճում ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Ղազարյանն իրեն հրել է, ենթարկել բռնության, ապա ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ աշխատակիցներ իրեն բռնի ուժի կիրառմամբ դուրս են հանել դահլիճից և դաժան ծեծի ենթարկել ինչպես դատարանի միջանցքում, այնպես էլ ներքևի հարկում գտնվող խցում:

Ավետիսյանն, ըստ փաստաբանի, պատմել է,  որ իր հետ նույն խցում են եղել նաև Արեգ Կյուրեղյանն ու Արայիկ Խանդոյանը:

Ըստ կալանավորի՝ իրենք երեքով խցում են եղել, երբ 10-15 ոստիկան, ուղեկցող գումարտակի ղեկավար Ղազարյանի գլխավորությամբ, ներխուժել են խուց և այստեղ ևս իրենց ծեծի ենթարկել:

Պետրոսյանի համար ակնհայտ է, որ դատական կարգադրիչները երեկ տեղի ունեցած դատական նիստին եկել էին սադրիչ գործողություններ կատարելուն և ամբաստանյալների նկատմամբ առանց պատճառի բռնություն կիրառելուն պատրաստված:

Հիշեցնենք, որ բացի Պետրոսյանից՝ իրենց պաշտպանյալներին ծեծի ենթարկելու մասին բարձրաձայնել են նաև Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Արա Ղարագյոզյանը ու Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Մասնավորապես՝ Մուշեղ Շուշանյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը մարմնին ավելի քան հարյուր հատված է ստացել և դեմքի ու ճակատի հատվածում արնազեղումներ ունի, իսկ Արայիկ Պապիկյանն ու Արա Ղարագյոզյանը հայտնել են, որ Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա հետաքրքրվել է, թե ինչու են ոստիկաններն Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին «տշելով» տանում այն խուց, որտեղ ինքն է գտնվելիս եղել: Նշենք, որ Արայիկ Խանդոյանը երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարան է բերվել, սակայն նրան դահլիճ չեն բարձրացրել, այլ պահել են խցում, քանի որ դատավորը նախորդ դատական նիստին նրան 6 ժամով հեռացրել էր նիստերի դահլիճից:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի  խոսքով՝ մամուլում երեկ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հրապարակումները հանցագործության մասին հաղորդումներ են, և այդ հրապարակումներում առկա  փաստերի առթիվ պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի, ու մեղավորները՝ մասնավորապես ոստիկանության ուղեկցող գումարտակի ղեկավար Ղազարյանն իր թիմակից աշխատակիցների հետ ենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Մենք ականատես էինք լինում նաև, թե ինչ էր կատարվում դրսում. երեկ պլանավորված միջոցառում էր նաև դատարանի դահլիճից դուրս՝ քաղաքացիների նկատմամբ: Այսինքն՝ ներսում բռնություն, դրսում՝ բռնություն»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Վերջինս, անդրադառնալով դատական կարգադրիչների՝ հնչեղ գործերով դրսևորած պահվածքին, ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին և ՊՊԾ գնդի  գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միևնույն կարգադրիչներն են:

«Ինչո՞վ կարող է մեզ սա բացատրել դատական դեպարտամենտի ղեկավարը. ովքեր են այդ աշխատակիցները, իրենք հատուկ պատրաստվածությո՞ւն են անցում, որպեսզի քաղաքական գործերով փաստաբանների հետ այդպես վարվեն, խոչընդոտեն փաստաբանների մուտքը նիստերի դահլիճ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter