HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չգազիֆիկացված համայնքների վերաբերյալ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և սահմանված ժամկետում կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։ 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։

«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է»,-ասել է Հայկ Հարությունյանը։

Ջրատաքացուցիչների կիրառումն, իհարկե, միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազիֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։

«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter