
Մահացել է բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը
Մահացել է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը: Նա 67 տարեկան էր:
Ղուկաս Սիրունյանը 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում,1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին՝ «Գարուն»ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։
1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին՝ ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թվականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թվականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թվականներին՝ «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը։
Գրել է մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի:
Հիշեցնենք՝ նրա «Բաց արեք, ես եմ» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թվականի գրական մրցանակին:
Ղուկաս Սիրունյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուլիսի 3-ին ժամը՝ 18.00-ից։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 4-ին՝ ժամը 12.00-14.00-ին, ՀԳՄ-ում։ Հուղարկավորությունը տեղի կունենա գրողի ծննդավայրում՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։
Լուսանկարը՝ wikipedia.org-ից
Մեկնաբանել