HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում երկաթգիծը դարձել է հետիոտնի ճանապարհ

Արմավիր քաղաքում ամեն պահին մարդ կարող է ընկնել գնացքի տակ, քանի որ երկաթուղու գծերը քաղաքացիների համար դարձել են «Սադախլո» կոչվող շուկա տանող միակ կարճ ճանապարհը:

Երկաթուղու հարեւանությամբ կա գետնանցում, սակայն այն լցված է մեկ տարվա աղբով: Գետնանցումը չի սպասարկվում, լուսավորություն չկա, քաղաքացիներն էլ ստիպված վտանգում են իրենց կյանքը: Հաճախ կարելի է նկատել, թե մարդիկ ինչպես են անցնում կայանած բեռնատար գնացքի տակով, որպեսզի շուկա հասնեն: Նույնիսկ երկաթուղու աշխատակիցները հատուկ ցուցանակ են փակցրել, որ վագոնների տակով անցնել չի կարելի, սակայն անօգուտ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմավիր» կայարանի կայարանապետ Արթուր Ավոյանն ասաց, որ գետնանցումը օգտագործելի դարձնելու համար պիտի սպասարկվի: «Այստեղ այնքան աղբի խնդիրը չէ, որքան սպասարկման եւ լուսավորության: Որ նորմալ սպասարկեն, մարդիկ կօգտվեն անցումից: Այդ անցումը երկաթուղու հաշվեկշռում չէ, այն քաղաքապետարանինն է: Ես այդ հարցով քաղաքապետարան դիմել եմ, խնդիրն այն է, որ իրենց հաշվեկշռում է եւ իրենք պետք է հետեւողական լինեն, որ այն օգտագործվի»,- ասում է Արթուր Ավոյանը:

Կայարանապետի խոսքով` ինքն անձամբ է անցյալ տարի դիմել քաղաքապետարան, որպեսզի անցումը մաքրեն: Դրանից հետո մեկ անգամ մաքրվել է, սակայն հետագա սպասարկում չի իրականացվել, ինչի պատճառով էլ այժմ գետնանցումը  նորից լցված է աղբով: Կայարանի աշխատակիցները անցումի մուտքը ցանկապատել են, որպեսզի այն աղբավայր չդառնա:

«Այս տարածքը «Հարավկովկասյան երկաթուղու» տարածքն է, մեր տարածքով ի՞նչ իրավունք ունեն մարդիկ անցնեն: Տեսնում եք, մի տեղով չեն անցնում, որ կանգնենք ասենք` ժողովուրդ, սպասեք, գնացք է գալիս, անցնի, նոր կամ հետո անցեք: 200 մետր տարածք է, որի՞ն ասեմ՝ մի անցեք: Իսկ որ անցումը գործի, խնդիրն արդեն այլ կլինի: Ոստիկանությանն էլ կասենք, կմիջամտեն, որ մարդիկ գետնանցումով անցնեն»,- ավելացնում է Արթուր Ավոյանը:

Ըստ նրա՝ երկաթուղու ներդրումների արդյունքում այժմ գնացքներն ավելի արագ են շարժվում, ինչն ամեն պահի կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ:

Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի «Բարեկարգում տնօրինության» տնօրեն Արտակ Ավագյանն էլ «Հետքին» ասաց, թե անցյալ տարի «իր բանվորները» գետնանցումը մաքրել են եւ «շնորհքով հանձնել վագզալին» եւ իրենց դերակատարումը դրանով ավարտված են համարում:

«Մենք այդ հարցում մեղք չունեն: Մաքրել տվել ենք իրենց, մենք կապ չունենք դրա հետ: Ես չգիտեմ, թե ում հաշվեկշռում է գետնանցումը, դա իմ հարցը չի: Ես դրա հետ կապ չունեմ, իրենք պիտի այդ հարցերին պատասխանեն, իրանց գծերի տակով է անցնում»,- ավելացրեց Ա. Ավագյանը:

Մինչ քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղին» իրար վրա են գցում, թե ով պիտի գետնանցումը մաքրի աղբից եւ այն հանձնի շահագործման, քաղաքացիները, այդ թվում` երեխաները, ամեն օր հատում են երկաթգիծը՝ վտանգելով իրենց կյանքը: 

Մեկնաբանություններ (2)

2. ........
Պարոն Ավագյան, եթե ասում եք գետնանցումը ձեր հաշվեկշռում չէ,ապա ինչու եք այն մաքրել աղբից...........
????????
ԵԹԵ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆ աՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆԸ ՉԷ ԱՊԱ ԻՆՉՈՒ Է ՔԱՂԱՔԱՊԵՏ ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆՆ ԱՄԵՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՄԱՔՐԵԼ ԱՅՆ ԱՂԲԻՑ ԱՍԵՔ ՏԵՍՆԵՄ................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter