
Առևտրի ծավալն աճում է, շուկաներում առևտուրը՝ նվազում
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ.-ի հունվար-մայիս ամիսների առևտրի շրջանառության ծավալները։
Տարվա առաջին հինգ ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, առևտրի ծավալն աճել է գրեթե 13 %-ով։ Ընդհանուր առմամբ՝ այս ամիսներին կատարված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 894 միլիարդ դրամ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի ծավալներն աճել են և՛ մանրածախ, և՛ մեծածախ, և՛ ավտոմեքենաների առևտրում։
Կատարված առևտրի ավելի քան 52 %-ը բաժին է ընկել մանրածախ առևտրին:
2017թ.-ի առաջին հինգ ամիսներին մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների ոլորտում գրանցվել է 6-26 %-անոց աճ։
Ամենամեծ ծավալով աճն արձանագրել է ավտոմեքենաների առևտուրը, որը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 26 %-ով։ Թեև այն մանրածախ և մեծածախ առևտրին զիջում է ավելի քան 10 անգամ։
Ամենաշատ առևտուրը եղել է մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, առևտրի ծավալն այս տարվա նույն ամսին աճել է 15 %-ով։
Ընդհանրապես, տարվա առաջին հինգ ամիսներին էլ, համեմատած 2016թ.-ի նույն ժամանակահատվածի հետ, յուրաքանչյուր ամիս առևտրի ծավալն ավելի քան 10 % աճ է ունեցել։
470 միլիոն դրամի մանրածախ առևտուր
Ինչպես արդեն նշեցինք՝ հունվար-մայիս ամիսներին առևտրի շրջանառության կեսից ավելին ապահովել է մանրածախ առևտուրը։ Այն, համեմատած նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների հետ, աճել է մոտ 7 %-ով։
Եթե մանրածախ առևուրը դիտարկենք ըստ առևտրի օբյեկտների, ապա դրա 78 %-ն ապահովել է խանութներում կատարված առևտուրը։ Այն, նաև նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ամենամեծ՝ 9,6 %-ի աճ է ունեցել։
Սրան հակառակ, շուկաներում արված առևտուրը շարունակում է ծավալային անկում գրանցել։ Ստացվում է, որ խանութները շարունակում են ավելի մեծ տեպով «գրավել» սպառողներին։
Օրինակ՝ խանութներում արված առևտուրը մյուս օբյեկտներում արված առևտրին գերազանցում է 15-70 անգամ։
ԱՎԾ տվյալներով՝ մանրածախ առևտուրն աճել է 2017թ.-ի բոլոր հինգ ամիսներին էլ։ Ամենամեծ աճը գրանցվել է մայիսին՝ 9,5 %-ով, երբ կատարվել է ամենամեծ ծավալով մանրածախ առևտուրը։
Հիշեցնենք, որ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում առևտրի շրջանառությունը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, աճել էր ավելի քան 12 %-ով։
Մեկնաբանել