
Ավագանու ընտրություններին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու գործով ամբաստանյալը «կորել է»
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Հայկ Հունանյանն ու մեղադրող դատախազ Ռաֆայել Երիցյանը, նիստը հետաձգվեց:
Դատարանը հետ էր ստացել նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագրի ծրարը, որն ուղարկվել էր ամբաստանյալ Հայկ Հունանյանին: Վերջինս, ըստ քրեական գործում առկա տվյալների, «Արարատբանկ» ԲԲԸ-ի աշխատակից է:
«Տեղափոխված է» գրությամբ դատարանը փոստային առաքման ծառայությունից հետ է ստացել նույն ծրարը: Ինչն է տեղափոխված կամ ով, ըստ դատավոր Վարդան Գրիգորյանի, հայտնի չէ:
Դատարանի աշխատակազմը փորձել է Հայկ Հունանյանի հետ կապ հաստատել նաև հեռախոսահամարով, որն առկա է քրեական գործում, սակայն տվյալ հեռախոսահամարն անհասանելի է, ուստի այս եղանակով ևս չի հաջողվել կապ հաստատել ամբաստանյալի հետ:
Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Ըստ տուժող Խաչատրյանի ցուցմունքի՝ ինքն Ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, թիվ 64 դպրոցում, որտեղ գործել է թիվ 10/29 ընտրատեղամասը, տեսանկարահանում իրականացնելիս է եղել, երբ մի երիտասարդ մոտեցել ու, ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, պահանջել է դադարեցնել տեսանկարահանումը: Ապա, ըստ Խաչատրյանի, տվյալ երիտասարդը փորձել է իր ձեռքից վերցնել հեռախոսը, որով ինքը տեսանկարահանում է իրականացնելիս եղել:
Երիտասարդին չի հաջողվել վերցնել լրագրողի հեռախոսն, ապա ընտրատեղամասում եղած դիտորդներից մեկը մոտեցել է ու նրան հեռացրել լրագրողից:
Հետո երիտասարդն, ով ինչպես հետագայում պարզվել է, ամբաստանյալ Հայկ Հունանյանն է եղել, փորձել է հեռանալ ընտրատեղամասից, և Տաթեւ Խաչատրյանը, նրա ետևից գնալով, փորձել է պարզել նրա ինքնությունը:
«Ո՞վ ես, որ ներկայանամ»,- ըստ լրագրողի ցուցմունքի՝ ասել է Հունանյանն, ու ինքը պատասխանել է, որ լրագրող է: Այդ պահին լրագրողին չի հաջողվել պարզել իր աշխատանքը խոչընդոտած անձի ինքնությունը:
Հայկ Հունանյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նշել է, թե չի իմացել, որ տեսանկարահանում իրականացնողը լրագրող է: Սա այն դեպքում, երբ Տաթեւ Խաչատրյանի պնդմամբ՝ իր աշխատանքը խոչընդոտած Հունանյանի համար իր` լրագրող լինելու հանգամանքը ակնհայտ է եղել դեռևս մինչև իրեն մոտենալը:
Ըստ Խաչատրյանի՝ ինքը տեսանելի ձևով կրելիս է եղել ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից իրան տրված լրագրողական վկայականն, այնպես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված հավատարմագիրը:
Ամբաստանյալը պնդում է, թե ինքը Տաթեւ Խաչատրյանի «բեյջը» չի նկատել, մինչդեռ բեյջի՝ տեսանելի լինելու հանգամանքը հաստատել են գործով մի քանի վկաներ: «Բեյջի»՝ տեսանելի լինելու հանգամանքն, ըստ տուժող կողմի, ակնհայտ է նաև ընտրատեղամասում առկա տեսանկարահանող սարքի կողմից ֆիքսված տեսանյութում:
Ամբաստանյալ Հայկ Հունանյանը բացատրում է, որ բեյջը չի նկատել, քանի որ Տաթեւ Խաչատրյանի դեմքին է նայելիս եղել և փորձել խուսափել նկարահավելուց:
Այս գործով հաջորդ դատական նիստը հուլիսի 18-ին է:
Մեկնաբանել