
Գլխավոր դատախազությունն ընդդեմ «Հայփոստ» ՓԲԸ-ի
Պետությանը պատճառած վնասի հատուցման պահանջով դատախազությունը այս տարվա ընթացքում երկու քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան: Մեկը ներկայացվել է գլխավոր դատախազության, մյուսը՝ Շիրակի մարզի դատախազության կողմից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն 2010թ. դեկտեմբերի 29-ին կնքել են կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Այդ պայմանագրով ամրագրվել է, որ «Հայփոստի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման»:
Նշված պայմանագրի մեկ այլ դրույթի համաձայն «Հայփոստ» ընկերությունը պարտավորվել է կենսաթոշակ տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու իրավունքն ունեցող անձին՝ անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:
Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրեցին, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲԸ -ի աշխատակիցները խախտել են նշված պայմանը և, հանրապետությունից կենսաթոշակառուների բացակայության պայմաններում, կենսաթոշակների գումարները վճարել են դրանք ստանալու իրավունք չունեցող անձանց:
Պարզվում է քրեական գործեր չեն հարուցվել: Քրեական գործերի հարուցումը մերժվել է նախապատրաստված թվով 36 նյութերով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած գլխավոր դատախազության հայցադիմումի հիման վրա քննվող գործով կենսաթոշակ վճարվել է 14 անձի: Դատախազությունը «Հայփոստ» ընկերությանը ներկայացրել է 9.799.800 դրամի բռնագանձման պահանջ: Իսկ Շիրակի մարզի դատախազության հայցով նույն դատարանում քննվող գործով պարզվել է` կենսաթոշակ վճարվել է 12 անձի:
Մեկնաբանել