HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանը և Մոջթաբա Խոսրով Թաջը քննարկել են հայ-իրանական պայմանավորվածությունների ընթացքը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջի ղեկավարած պատվիրակությանը։

Նախարար Կարայանը ողջունել է Մոջթաբա Խոսրով Թաջին և շնորհակալություն հայտնել այցի համար: Նախարարի խոսքով՝ պաշտոնյայի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացման ընթացքում են, և դրական առաջընթաց կա բոլոր ուղղություններով: Սուրեն Կարայանն առանձնացրել է մասնավորապես արտահանման ապահովագրության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները և միջպետական ստանդարտների համապատասխանության ոլորտում փոխգործակցությունը:

Մոջթաբա Խոսրով Թաջն իր հերթին հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը՝ նշելով, որ երկու երկրների արտահանողների առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծված օպերատիվ խմբերն արդեն արդյունավետ աշխատում են։

«Ձեր այս այցը և մեր հանդիպումը ևս մեր պայմանավորվածությունների իրագործման քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ պատվիրակության կազմում են նաև Իրանում գյուղտեխնիկայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կհաստատվի այս ուղղությամբ ևս»,- նշել է  Սուրեն Կարայանը։ Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրանական գյուղտեխնիկան՝ տարատեսակները, հզորությունները, մատչելիությունը և այլ մանրամասներ։

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իրանցի գործարարներին է ներկայացրել Հայաստանում գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկություններ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության գյուղատնտեսական ծրագրերը, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի պետական ծրագիրը, որի շուրջ համագործակցությունն առաջարկվել է դիտարկել ևս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հանդիպումներ նախաձեռնել ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափը քննարկելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի առաջարկով՝ իրանական ընկերությունների ներկայացուցիչները քննարկումներ կանցկացնեն նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter