
Վանաձորի Տարոն-4 թաղամասում բնակիչները մի քանի օր է` զրկված են ջրից
Գայանե Սարգսյան
Վերջին օրերին Վանաձորի Տարոն-4 թաղամասի շենքերի մի մասի բնակիչները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Ջրմուղի օպերատորներին ուղղված բազմաթիվ հեռախոսազանգերն անարդյունք են մնում: Բնակիչներից մի քանիսը հեռաձայնել են նաև «Veolia Ջուր» ընկերություն` 185 հեռախոսահամարով: Նրանց խոսքով` օպերատորները ջուր չլինելու հետ կապված տարբեր պատճառաբանություններ են նշել, միաժամանակ խոստանալով. «Հնարավոր է շուտով ջուր ունենաք»:
Խնդիրը լարված է հատկապես Տարոն-4 թաղամասի բարձրադիր հատվածներում գտնվող շենքերում:
Աննա Ղազարյանը, ում թոռնիկը 1.5 տարեկան է, դժգոհում է.
«Մեկուկես տարեկան թոռնիկ ունեմ, ինչքա՞ն թաց անձեռոցիկով մաքրեմ կամ տանեմ երեխուն քաղաք բարեկամի տանը լողացնեմ, բերեմ: Հնարավոր չէ հիգիենա պահպանել: Պատահում է, երեխուն ճաշ եփելու համար մի կռուշկա ջուր էլ չենք ունենում»:
Վերջինս կարծիքով իրենց ջուր չհասնելու պատճառներից մեկն էլ այն է, որ եղած ջուրն ուղղվում է հարակից այգիների ու ջերմոցների բույսերը ջրելուն:
«Ջրելու սեզոնին միշտ էլ նույն պատմությունն ա էղնում: Դժվար չի կռահել, որ էդ ջուրը տալիս են այգիները ջրելու, բանջարանոցները ջրելու, բայց թող գոնե գիշերը տան նրանց: Օրվա մեջ գոնե երկու ժամ մեզ ջուր տան: Մենք անընդհատ լսում ենք էստեղից-էնտեղից, որ պատճառը դա է: Ես չեմ տեսել, չգիտեմ, բայց, որ մեր ջուրը ինչ-որ տեղ ա գնում, դա հարյուր տոկոս է»,- ասում է նա:
Նույն տեսակետին են նաև հարակից շենքերի բնակիչները: Նրանց խոսքով վերջին երկու օրերին հեռախոսազանգերին պատասխանող օպերատորները խոստացել են, որ հնարավոր է գիշերը ջուր տան: Երկու գիշեր է, բնակիչներն անցել են գիշերային հերթապահության` սպասվող ջրի ձայնը լսելու ու հարևաններին տեղեկացնելու հույսով:
«Չորս օրից ավել է, ջուր չունենք: Գիշերն էլ հերթապահել ենք: Սրտային, ասթմայով հիվանդ, ամբողջ գիշեր չենք քնել, որ կարողանանք կաթիլ-կաթիլ մի քիչ ջուր հավաքել: Գիշերը շատ քիչ ջուր է եղել, էն էլ բոլոր հարկերը չի հասել: Մենք երրորդ հարկ ենք` հասել է, որովհետև առաջին երկու հարկում ապրող չկա: Մի 6 դույլ ջուր ենք կարողացել ամբողջ գիշեր հավաքել: Շատ քիչ է եկել, կաթիլ-կաթիլ,- ասում է Ածխահատների 12 շենքի բնակչուհի Ռուզաննա Անտոնյանը` հավելելով,- ի՞նչ ա նշանակում հիվանդ մարդիկ գիշերը չքնեն ամբողջ գիշեր, որ կաթիլ-կաթիլ ջուր հավաքեն: Ի՞նչ ա, հիվանդանոցների կլիենտուրա՞ն են շատացնում»:
«Մենք չգիտենք քնելն ինչ ա, չորրորդ օրն ա, մենք խոհանոցում լուսացնում ենք, որ վայ` կարող ա ջուր գա, ջուր վերցնենք: Աղջիկ երեխաներ են, սովոր են օրումեջ լողանան: Տարել եմ բարեկամի տուն, որ լողանան, երկու օր հետո նորից նույնը»,- ասում է հարակից` Ածխահատների 13 շենքի բնակչուհի Կարինե Մարգարյանը:
Վերջին մեկ-երկու գիշերվա ընթացքում բնակիչների խոսքով «տրված կաթ-կաթ ջուրը» հիմնականում ցածրադիր շենքերի առաջին-երկրորդ հարկերն է հասնում, իսկ ավելի վերին հատվածում գտնվող շենքերում ու երրորդից բարձր հարկերում ջուր չի հասնում:
«Ջուր չկա ջրամբարում, բարի եղեք գրաֆիկով տվեք: Ամբողջ Ածխահատներ թաղամասը տուժում է»,- կարծիք է հայտնում Ածխահատների 25 շենքի բնակչուհիներից Նաիրան, նշելով, որ իրենց շենքի բարձր հարկերում 6-րդ օրն է` ջուր չկա:
Բնակիչների խոսքով` նախորդ տարիներին պատահել է, ամռանը 10-15 օրով էլ ջուր չեն ունեցել:
«Անցած տարի ջրի խաթեր ոչինչ չկարողացա փակեմ: Արդեն էնքան զանգում, բողոքում ենք, ասել են` ջուր կուղարկենք ցիստեռնով: Բայց, որ ուղարկեն, մեր սննդին, լողանալուն, լվացքին կհերիքի՞»,- ասում է Նաիրան:
Ածխահատներ թաղամասում մեր շրջայցի ժամանակ բնակիչները վստահեցրին, որ այս անգամ դեռևս մեքենայով էլ ջուր չեն բերել թաղամաս:
«Վերևի` Կարմիր խաչի շենքերից, շատ էին բողոքել, էնտեղ են տարել: Մեզ համար դեռ չեն բերել»,- նշեց բնակիչներից մեկը, հավելելով` ջրմուղից խոստացել են, որ մեքենայով ջուր կուղարկեն այսօր:
«Ասում են ցիստեռն կուղարկենք: Ես էլ պատասխանել եմ` ջուր կրող էլ կուղարկեք: Ինչի՞ պետք ա ուրիշները տանը ջրից օգտվեն, մենք անընդհատ կրենք: Ինչքա՞ ն կարանք ջուր չօտագործենք: Էն օրը հաղորդում էր, ասում էին` ամռանը օրական 3 լիտր ջուր եք խմելու: Որտեղի՞ ց խմենք»,- վրդովվում է Նաիրայի դուստրը` 19-ամյա Մարուսյան:
Մեքենան թաղամաս գնալու դեպքում էլ ջուրը շատերին չի հասնում: Նաիրա Բաղրամյանը մինչ օրս լավ է հիշում նախորդ տարի ջրի մեքենայի գալու հետ կապված մանրամասները.
«Անցած տարի մի անգամ մեքենան եկավ, ոնց որ 41 թիվն էղներ, մարդիկ իրար ուտում էին: Ով ինչ ուներ, տարել էր, որ լցնի: Մենք գոնե մի դույլ չկարեցանք վերցնենք: Սպանում էին իրար: Ասին` գնանք, էլի կբերենք, բայց գնացին ու չեկան»:
Այս թաղամասում մայրիկների առավոտը վերջին օրերին սկսվում է «Veolia Ջուր» ընկերության օպերատորներին զանգահարելով, երեխաներինը` ընկերության ֆեյսբուքյան էջին բողոք-նամակներ գրելով:
Մարուսյան ցույց է տալիս երեկ` հուլիսի 3-ին մոր անունից ընկերությանն ուղղված իր նամակն ու պատասխանը, որտեղ «Veolia Ջուրը» տեղեկացնում է.
«Բանն այն է, որ Ձեր թաղամասում ազգաբնակչության կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ: Ներկայումս ընթանում են բաշխիչ ցանցի կարգաբերման աշխատանքներ: Արվում է հնարավորինս վաղն արդեն թաղամասում ջրամատակարարումը վերականգնելու համար»:
Գրեթե նույն պատասխանն է ստացել նաև երիտասարդ մայրիկ Հասմիկ Սարգսյանը:
Ջրի խնդիրը մեղմելու համար բնակիչներն ստիպված են լինում պարբերաբար շշալցված ջուր գնել, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում:
«Ինչքան մեղք ենք մենք մեր երկրում: Մեր թանգ երկրում էս ի՞նչ օրի ենք: Անջուր մարդը կարա՞ ապրի: Հիմի էլ շոգերն ընկել ա, գոնե ձմեռ չի, որ ասես մի քիչ ձյուն բերես հալացնես: Ստիպված խմելու ջուր եմ առնում: Բա ի՞նչ անեմ»,- ասում է` բուժման նպատակով Ռուսաստանի Դաշնությունից հարազատ Վանաձոր վերադարձած Քնարիկ Չիլինգարյանը:
Անընդհատ բժիշկներին այցելող տիկին Քնարիկը հիգիենայի հետ կապված հարցերը լուծելու համար ստիպված է լինում քաղաքի ծայրամասից տաքսիով հասնել կենտրոն` բարեկամներից մեկի տուն:
«Ջրի պատճառով քանի օր ա չեմ կարողանում լողանամ: Տաքսի եմ նստելու, գնամ քաղաք լողանամ, գամ: Ստեղից քաղաք 1000 դրամ ենք տալիս, էդքան էլ հետ գալուն: Հլա տես ինչ ծախս ա վրես նստում մի լողանալը»,- նշում է նա:
Տարիներ շարունակ պարբերաբար կրկնվող երկարատև ջրանջատումներից բնակիչների համբերության բաժակը լցվել է: Այս անգամ նրանք պատրաստ են կտրուկ քայլերի դիմել:
«Եթե բնակիչը պայմանագրի կետերը չկատարի, դատի կտան: Հիմա մենք ենք պատրաստվում նման գործողության դիմենք, որովհետև իրանք իրանցը չեն կատարում: Եթե լինի տարվա մեջ մեկ-երկու անգամ, հասկանալի ա, մենք հանդուրժողաբար սպասում ենք, որ վթարը վերացնեն, մեր ջուրը տան: Բայց էսպես տարվա մեջ մի քանի անգամ ու հատկապես հուլիս ամսին... Հուլիսը որ գալիս ա, մենք արդեն գիտենք... սա առաջին տարին չի, էս խնդիրը բազմաթիվ տարիներ կրկնվում ա»,- ասում է Աննա Ղազարյանը:
Մեկնաբանել