Խոշորացում հայկական ձեւով. Սյունիքի քաղաքները դառնում են մեգագյուղեր (քարտեզ)
Հայաստանի համայնքների խոշորացումն ընթանում է լայն թափով: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց 2011-ի նոյեմբերին, երբ կառավարությունը հավանություն տվեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին»:
Կառավարությունը ծրագիրը հիմնավորեց հետեւյալ կերպ. վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային եւ այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:
Չնայած խոշորացվող համայնքների բնակչության շրջանում չնվազող դժգոհությանը՝ կառավարության առաջարկով Ազգային ժողովը 2015-ի նոյեմբերին հավանություն տվեց Լոռու Թումանյան (6 գյուղական համայնք միավորվել է Թումանյան քաղաքին), Տավուշի Դիլիջան (6 գյուղական համայնք միացել է Դիլիջան քաղաքին) եւ Սյունիքի Տաթեւ (8 գյուղական համայնք միավորվել է Տաթեւ անվան տակ՝ Շինուհայր կենտրոնով) խոշորացված փնջերի ձեւավորմանը: ԱԺ կատարած փոփոխությունն ուժի մեջ մտավ 2016-ի հունվարին:
2016-ի հունիսին ԱԺ-ն եւս մեկ փոփոխություն կատարեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, որով ձեւավորվեցին նոր խոշորացված համայնքներ՝ Ուրցաձոր (Արարատ), Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ (Շիրակ), Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ (Սյունիք), Ջերմուկ, Վայք, Զառիթափ (Վայոց ձոր), Այրում, Նոյեմբերյան, Կողբ (Տավուշ): Որոշումն ուժի մեջ մտավ հուլիսին:
Այսպիսով՝ վերը նշված 18 համայնքները ձեւավորվել են մինչեւ 2017 թ.՝ «կուլ տալով» նախկին 140 համայնք:
Այս տարվա հունիսին ԱԺ-ն կատարեց հերթական օրենսդրական փոփոխությունը, որն իր ծավալներով գերազանցում է նախորդներին: Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել էր, որ «վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքներում նախատեսվում է իրականացնել (որոշ համայնքներում արդեն իրականացվում են) ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8,6 մլն ԱՄՆ դոլար) եւ Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ»: Առաջարկվում էր նախկին 328 համայնքները դարձնել 34: ԱԺ փոփոխությունն ուժի մեջ է մտնելու հուլիսի 10-ին:
Արդյունքում ձեւավորված նոր 34 փնջերն են՝ Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ (Արագածոտն), Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ (Գեղարքունիք), Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող (Լոռի), Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ (Կոտայք), Անի, Ախուրյան, Մարմաշեն (Շիրակ), Կապան, Սիսիան, Քաջարան (Սյունիք), Արենի, Գլաձոր, Եղեգիս (Վայոց ձոր), Բերդ (Տավուշ):
Համայնքների խոշորացման ժամանակ ամենամեծ փոփոխությունները եղել են Սյունիքի մարզում, որն իր տարածքով (4506 քկմ) երկրորդ խոշորագույնն է Գեղարքունիքից հետո: Սյունիքում խոշարացումն արդեն ավարտվել է. ամբողջ մարզում նախկին 109-ից մնացել է ընդամենը 8 համայնք՝ Գորայք (միավորում է նախկին 4 համայնք), Սիսիան (30), Տաթեւ (8), Գորիս (10), Տեղ (7), Կապան (32), Քաջարան (5), Մեղրի (13):
Սիսիանի տարածաշրջանում լինելու են Գորայքն ու Սիսիանը, Գորիսի հատվածում՝ Տաթեւը, Գորիսը, Տեղը, Կապանում՝ Կապանն ու Քաջարանը, իսկ Մեղրիի ամբողջ տարածաշրջանը այսուհետ մեկ համայնք է:
Քարտեզով ներկայացնում ենք Սյունիքի մարզի խոշորացված համայնքները (առանձին գույներով) եւ դրանց կենտրոնները:
Ստացվում է, որ Սյունիքում լինելու է 3 գյուղական (Գորայք, Տաթեւ, Տեղ) եւ 5 քաղաքային (Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի) համայնք: Սակայն քաղաքային համայնք ասվածն իրականում հարաբերական է, երբ, օրինակ, Սիսիանի մեջ լինելու է նախկին 28 գյուղական համայնք (բացի Սիսիանից՝ քաղաքի կարգավիճակ ունի նաեւ միավորվող Դաստակերտը), իսկ Կապանի կազմում՝ 31:
Ընդհանրապես, խոշորացող համայնքների քանակով Կապանը ռեկորդակիր է հանրապետությունում: Եթե դիտարկենք ոչ թե խոշորացող համայնքների, այլ բնակավայրերի թվով, ապա 32-ը կդառնա 38, եւ այդ 38-ից միայն Կապանն է, որ քաղաք է: Ընդ որում՝ կիրճերի մեջ գտնվող Կապանն այսօր էլ մասամբ գյուղական թաղամասերից է կազմված՝ Շահումյան, Բարաբաթում, Բաղաբուրջ, Կավարտ, Վերին Վաչագան, Բեխ, Շղարշիկ, Համլետավան:
Ավելի խոսուն փաստ է խոշորացված համայնքների նոր թաղամասերի հեռավորությունը միմյանցից եւ համայնքային կենտրոնից: Եթե Աղվանի գյուղը դիտարկենք իբրեւ Կապանի ամենահյուսիսային թաղամաս, դրա հեռավորությունը քաղաքից 34 կմ է, իսկ քաղաքից մինչեւ հարավարեւելյան ծայրամաս Շիշկերտ՝ 47 կմ: Փաստորեն, Կապան համայնքի ձգվածությունը հյուսիս-հարավ ուղղությամբ 81 կմ է, իսկ, օրինակ, Մեղրիի Տաշտուն բնակավայրից մինչեւ Նռնաձոր 50 կմ է: Համեմատության համար ասենք, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանից մինչեւ Նուբարաշեն 22 կմ է (տես ստորեւ):
|
Վերը նշված փաստերի համադրությամբ ավելի ճիշտ կլինի ասել, որ Սյունիքի քաղաքները դառնում են մեգագյուղեր:
Բնակավայրերի հեռավորությունը կենտրոնից ու շատ դեպքերում հանրային տրանսպորտի բացակայությունը լրացուցիչ խոչընդոտ են դառնալու տարբեր հարցեր լուծելու համար ստիպված քաղաքի (համայնքի կենտրոնի) ճամփան բռնել պատրաստվող գյուղացիների համար: Իսկ մեկ համայնքապետի կողմից տասնյակ բնակավայրերի խնդիրների լուծումը (թեկուզ տեղում լիազոր ներկայացուցիչներ նշանակելու միջոցով) շատ մեծ մարտահրավեր է լինելու, որին դիմագրավելը կասկածելի է թվում այս պահին:
Գլխավոր լուսանկարում՝ Կապան քաղաքը
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել