HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

Սկիզբը

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. ՆԱԽԱՏԵUՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2. Փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից ծանուցումը  լիազոր պետական մարմնին ներկայացնելու օրվանից` 30 օրյա ժամկետում:

5. Փորձաքննության հիմնական փուլի ժամկետները չպետք է գերազանցեն`

1)  նախատեսվող գործունեության “Ա” կատեգորիայի դեպքում` 60 աշխատանքային օրը.

2) նախատեսվող գործունեության “Բ” կատեգորիայի դեպքում` 40 աշխատանքային օրը.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հոդվածի դրույթները խմբագրել հետեւյալ կերպ`

2. Փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից ծանուցումը  լիազոր պետական մարմնին ներկայացնելու օրվանից` 50 օրյա ժամկետում:

5. Փորձաքննության հիմնական փուլի ժամկետները չպետք է գերազանցեն`

1)  նախատեսվող գործունեության “Ա” կատեգորիայի դեպքում` 80 աշխատանքային օրը.

2) նախատեսվող գործունեության “Բ” կատեգորիայի դեպքում` 60 աշխատանքային օրը.

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 5. Oրենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Նախատեսվող գործունեության իրականացման ծանուցման կարգը

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հոդված 5-ի 2-րդ կետում ավելացնել նոր ենթակետ` հետեւյալ բովանդակությամբ`

8) նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակները եւ ընտրված տարբերակի հիմնավորումները

Հոդված 5-ի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը խմբագրել հետեւյալ կերպ`

5. Ձեռնարկողը եւ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը լիազորված մարմնից ստանալուց հետո 3 օրվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով տեղեկություններ են հաղորդում նախատեսվող գործունեության մասին, միաժամանակ նշելով հանրային լսումների անցկացման, ինչպես նաեւ առաջարկություններ եւ առարկությունների ներկայացման վայրը եւ վերջնաժամկետը: Նախատեսվող գործունեության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության վերաբերյալ հասարակայնությունից կարծիքներ ստանալու նպատակով  ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը եւ ձեռնարկողը անցկացնել հասարակական լսում` լրատվական միջոցներով տեղեկություններ են հաղորդելուց հետո 15 օրվա ընթացքում:

Այն դեպքերում, երբ բաց է թողնվել հանրային լսումների փուլը կամ չեն կատարվել հանրային լսումներին հասարակության մասնակցության եւ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները, նախատեսվող գործունեության համար փաստաթղթերը չեն կարող ներկայացվել փորձաքննության:

6. Շահագրռիռ հասարակայնությունը, նախատեսվող գործունեության մասին տեղեկատվության ծանուցման օրվանից հետո 15 օրվա ընթացքում,  էլեկտրոնային կամ գրավոր կարծիքը տրամադրում է  ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարին կամ լիազորված մարմնին: Հանրային լսումների արդյունքում նախատեսվող գործունեության թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ ազդակիր համայնքի կայացրած որոշումը համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում տրամադրում է լիազոր մարմնին: Ազդեցության ենթարկվող համայնքում նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումների անցկացումը եւ կարծիքի արձանագրումը պարտադիր է բոլոր կատեգորիաների համար:

Շահագրգիռ հասարակայնության կողմից 15 օրվա ընթացքում ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարին կամ լիազորված մարմնին կարծիքներ չտրամադրելու դեպքում` հասարակայնության կարծիքը համարվում է դրական: Համայնքի ղեկավարը պարտավոր է հասարակական լսումների արդյունքում շահագրգիռ հասարակության կարծիքները եւ/կամ ազդակիր համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը 3 աշխատանքային oրվա ընթացքում ուղարկել լիազոր մարմնին:

Հասարակական լսումներ չկազմակերպելու եւ/կամ դրա արդյունքում արտահայտված կարծիքները կամ արձանագրությունը օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնին չուղարկելու դեպքում շահագրգիռ հասարակության եւ/կամ ազդակիր համայնքի կարծիքը համարվում է բացասական:

7.  Ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը շահագրգիռ հասարակության կարծիքների ստացման համար սահմանված ժամկետի ավարտից եւ/կամ ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը ստանալուց հետո 3 օրյա ժամկետում իր էլեկտրոնային կամ գրավոր կարծիքը եւ հասարակայնությունից ստացված կարծիքների պատճենները տրամադրում է լիազորված մարմնին եւ ձեռնարկողին:

Եթե, ազդեցության ենթարկվող համայնքի կողմից, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությանը վերաբերող հիմնավորումներով տրվել է բացասական կարծիք իր տարածքում տվյալ նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ, ապա այն հիմք է հանդիսանում փոձաքննության նախնական փուլի դադարեցման համար:

8. Ազդեցության ենթարկվող համայնքի եւ հասարակայնության համար սույն հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ ազդեցության ենթարկվող երկրի վրա հնարավոր անդրսահմանային ազդեցության առկայության դեպքում սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետում լիազորված մարմինն իր կատարած ուսումնասիրությունների եւ ստացված կարծիքների հիման վրա կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) նախատեսվող գործունեության իրականացումն անթույլատրելի է, որը կայացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բնապահպանական սահմանափակումները, ինչպես նաեւ ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը.

2) նախատեսվող գործունեությունը ենթակա է հիմնական փուլի փորձաքննության,  որը կայացվում է հիմք ընդունելով նաեւ ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը.  այս դեպքում ձեռնարկողին է տրվում տեխնիկական առաջադրանք, որը ներառում է գնահատման անհրաժեշտ ծավալը, առաջադրանքները ուսումնասիրության ենթակա խնդիրները, նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա տարածքի նկարագրման պահանջը, հոդված 7-ով սահմանված հաշվետվության բովանդակությունն ըստ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների կատեգորիաների եւ լրացուցիչ հասարակական լսումներ անցկացնելու պահանջը: Տեխնիկական առաջադրանքը կազմվում է հաշվի առնելով փորձաքննության նախնական փուլում ուսումնասիրված ծանուցման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները: Տեխնիկական առաջադրանքի ուղեցույցը սահմանվում է սույն օրենքով:

3) նախնական փուլում տրամադրվում է փորձաքննական եզրակացություն` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված «Գ» կատեգորիայում ներառված նախատեսվող գործունեություններին:

Նախնական փուլում տրամադրված փորձաքննական եզրակացությամբ շրջակա միջավայրին հասցված նյութական վնասի ռիսկը կրում են լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձիք:

4) նախատեսվող գործունեությունը ենթակա է անդրսահմանային ազդեցության գնահատման, այս դեպքում տեխնիկական առաջադրանք կարող է չմշակվել, եւ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, ուսումնասիրության ենթակա խնդիրներն ու գնահատման անհրաժեշտ ծավալը կարող են որոշվել լիազորված մարմնի, համապատասխան պետական կառավարման մարմնի եւ ձեռնարկողի հետ էլեկտրոնային կամ գրավոր համաձայնեցնելով:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի 2-րդ գլուխը (Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննությունը) լրացնել նոր հոդվածով` 6.2` հետեւյալ բովանդակությամբ`

6.2 Հասարակական լսումների անցկացման կարգը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի նախագիծը դրույթներ է պարունակում ձեռնարկողի և փորձագետների իրավունքների մասին, սակայն հասարակայնության իրավունքներն ու դերը հստակ սահմանված չեն: Օրինագծի իմաստով, հասարակայնությունը պետք է ծանուցվի նախատեսվող գործունեության մասին, պետք է ապահովվի նրա մասնակցի հասարակական լսումներին, սակայն նախնական եւ հիմնական փուլերում այդ մասնակցությունը հիմնականում կրում է ձեւվական բնույթ, քանի որ հասարակության մասնակցությունը սահմանափակվում է «փաստաթղթերի հետ ծանոթանալու կամ դրանց մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ ներկայացնելու» իրավունքով: Այսինքն, հասարակությունն ըստ էության չի մասնակցում «որոշումների կայացման» գործընթացին եւ կարող է ընդամենը կարծիք հայտնել, ինչը չի բխում Օրհուսի կոնվենցիայի պահանջներից:

Օրինագծով ներկայացված իրավակարգավորմամբ, հասարակայնության մասնակցությունը սկսվում է տեխնիկական առաջադրանքը կազմելուց հետո միայն։ Օրինագծի համաձայն` «Ձեռնարկողը եւ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը ... զանգվածային լրատվական միջոցներով տեղեկություններ են հաղորդում նախատեսվող գործունեության մասին, միաժամանակ նշելով դրա վերաբերյալ կարծիքների (առաջարկություններ եւ առարկությունների) ներկայացման վայրը եւ վերջնաժամկետը: Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման եւ հասարակայնությունից կարծիքներ ստանալու նպատակով ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը եւ ձեռնարկողը կարող են անցկացնել հասարակական լսում եւ տրամադրել խորհրդատվություն»: Պետք է սահմանել հասարակայնության ծանուցման և քննարկումների անցկացման մանրամասն ընթացակարգ: Օրինագծով նախատեսված չէ նախատեսվող գործունեության վերաբերյալ որոշումները հասարակայնության կողմից բողոքարկման հնարավորություն, ինչն անթույլատրելի է Օրհուսի կոնվենցիայի իմաստով։

Անհրաժեշտ է առանձին ընթացակարգով մշակել տեղեկատվություն ստանալու, որոշումների կայացմանը մասնակցելու եւ արդարադատության մատչելիության (որոշումները բողոքարկելու) հստակ մեխանիզմներ` Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում:

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 6. Oրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 7. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ  ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի 6-րդ հոդված-ի 2-րդ եւ 4-րդ կետերը խմբագրել հետեւյալ կերպ`

2. Փորձաքննության համար անհրաժեշտ փաuտաթղթերն են`

1) նախատեսվող գործունեության նախագծային փաստաթուղթը.

2) ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը.

3) շահագրգիռ հասարակայնության մասնակցությանը վերաբերող փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, ստացված դիտողություններն ու առաջարկությունները).

4. Հաշվետվությունը կազմվում է հաշվի առնելով ծանուցման գործընթացի մասնակիցների կողմից ներկայացված եզրակացությունները, ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը եւ շահագրգիռ հասարակության կարծիքները: Շահագրգիռ հասարակության կարծիքները հաշվի չառնելու դեպքում ձեռնարկողը հաշվետվությունում ներկայացնում է հիմնավոր պատճառաբանումներ:

(Եթե  նախագծային փաստաթղթերը պարունակում են սույն հոդվածի  3-րդ մասով սահմանված կետերին համապատասխանող բաժիններ, ապա դրանք կարող են չներառվել հաշվետվությունում` դրանց մասին հղումներ կատարելու պայմանով: Այս մասը առաջարկվում է օրինագծից հանել )

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 7. Oրենքի 8-րդ հոդվածում`

Հոդված 8.

Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի հրապարակումը և քննարկումը

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի 7-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ կերպ`

1. Փաստաթղթերը ստանալուց հետո լիազոր պետական մարմինը դրանց օրինակները ոչ ավել, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տվյալ մարզի կամ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարներին, համապատասխան պետական մարմնին եւ մասնագիտական փորձաքննական եզրակացություն կազմելու իրավասություն ունեցող լիազորված անձանց (այսուհետ` լիազորված անձանց):

Ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը փաստաթղթերի օրինակները ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով տեղեկացնում է փաստաթղթերի հետ ծանոթանալու կամ դրանց մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ ներկայացնելու ու հասարակական լսումներ անցկացնելու տեղի եւ ժամկետների մասին:

1.1 Հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում, եթե լիազոր պետական մարմինը ազդեցության ենթարկվող երկրից պատասխան է ստացել նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը մասնակցելու մտադրության մասին, ապա լիազոր պետական մարմինն ազդեցության ենթարկվող երկիր է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության մեկ օրինակը եւ սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում դրա վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ ներկայացնելու ժամկետների մասին:

2. Լիազոր պետական մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն լրատվական միջոցներով տեղեկացնելուց հետո սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 30,  «Բ»” կատեգորիայի համար` 20 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը եւ լսումները: Շահագրգիռ հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազոր պետական մարմնին: Ազդակիր համայնքի կարծիքն արտահայտող արձանագրությունը համայնքի ղեկավարը ներկայացնում է լիազոր մարմնին:

Սույն մասով սահմանված ժամկետները լիազոր պետական մարմինը կարող է երկարաձգել օրենքի 6-րդ  հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներով:

Նախատեսվող գործունեության «Ա» կատեգորիայի համար եւ հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության դեպքում հասարակական լսումներն անցկացվում են լրատվական միջոցներով տեղեկատվությունը հրատարակելուց հետո` 20 օրացուցային օրվանից ոչ շուտ:

Եթե ազդակիր համայնքի թիվը մեկից ավելի է, հասարակական լսումների վայրը որոշում է լիազոր պետական մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ազդակիր համայնքների ղեկավարները շահագրգիռ հասարակայնության կարծիքը եւ ազդակիր համայնքի կարծիքներն արտահայտող արձանագրությունը ներկայացնում են լիազոր պետական մարմին:

4. Համայնքի ազդակիր լինելու կամ չլինելու հարցը վերջնականապես որոշում է լիազոր պետական մարմինը` փորձաքննական եզրակացության հիման վրա:

5. Համապատասխան պետական մարմինները փաստաթղթերը ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում ուղարկում են իրենց կարծիքը լիազոր պետական մարմին:

6. Եթե սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն շահագրգիռ հասարակության կարծիքը սահմանված ժամկետում չի ներկայացվել լիազոր պետական մարմին, ապա համարվում է, որ փաստաթղթերի վերաբերյալ շահագրգիռ հասարակությունը բացասական կարծիք չի արտահայտել:

Հասարակական լսումներ չկազմակերպելու եւ/կամ դրա արդյունքում արտահայտված կարծիքները կամ արձանագրությունը օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնին չուղարկելու դեպքում շահագրգիռ հասարակության եւ/կամ ազդակիր համայնքի կարծիքը համարվում է բացասական:

7. Սույն հոդվածի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի կիրառումը կարգավորվում է տեղեկատվության ազատության եւ պետական, արտադրական եւ առեւտրական գաղտնիքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հաշվառմամբ:

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 8. Oրենքի 9-րդ հոդվածում` 

 Հոդված 9.

Փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ապահովումը

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի 8-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ կերպ`

1. 4-րդ մասի վերջում լրացնել «Լիազորված անձանց ընտրությունը կատարում է լիազոր մարմինը` ելնելով փորձաքննության` նախատեսվող գործունեության համար անհրաժեշտ ծավալից: Լիազորված անձինք, պետական լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձանց հետ համապարտ պատասխանատվություն են կրում փորձագիտական սխալ եզրակացության հետեւանքով շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասի համար:

Լիազոր պետական մարմինը իր պաշտոնական կայքում տեղադրում եւ եռամսյակը մեկ անգամ թարմացնում է լիազորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի.

ա) անունը, ազգանունը, հայրանունը

բ) կրթության եւ որակավորման մասին տեղեկատվություն

գ) մասնագիտական իրավասության հավաստագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը

դ) հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն»:

2. 5-րդ  մաuի`

1)  առաջին նախադասության «ստանալուց հետո 70-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ձեռնարկողից ստանալուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» բառերով.

2)  երրորդ նախադասության «քան 180 օր» բառերը փոխարինել «քան սույն օրենքի  6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետներին համապատասխան» բառերով.

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ, 5.2-րդ, 5.3-րդ եւ 5.4-րդ մասերով.

«5.1. Մասնագիտական եզրակացության մշակման փուլն սկսվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիազոր պետական մարմնի կողմից փաստաթղթերը  լիազորված անձին հանձնելու պահից:

5.2. Լիազոր պետական մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով  ստացված շահագրգիռ հասարակության կարծիքները 3 աշխատանքային օրվա ընթացքում, անդրսահմանային ազդեցության դեպքում նաեւ անդրսահմանային ազդեցության վերաբերյալ կարծիքները, ինչպես նաեւ առկայության դեպքում անդրսահմանային ազդեցությունների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները ներկայացնում է լիազորված անձանց, որոնք հաշվի են առնվում մասնագիտական եզրակացությունը կազմելիս, իսկ  կարծիքների բացակայության դեպքում` լիազոր պետական մարմինը կարծիքների համար սահմանված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում  դրա մասին տեղեկացնում է  լիազորված անձանց:

Մասնագիտական եզրակացությունը կազմելիս սույն մասով սահմանված` շահագրգիռ հասարակության կարծիքները հաշվի չառնելու դեպքում լիազորված անձն իր կողմից կազմած մասնագիտական եզրակացության հետ միասին լիազոր պետական մարմնին է ներկայացնում նաեւ դրանց չընդունման վերաբերյալ հիմնավորում:

5.3. Լիազորված անձը սույն հոդվածի 5.2-րդ մասով սահմանված կարծիքները լիազոր պետական մարմնից ստանալուց հետո մասնագիտական եզրակացությունը լիազոր պետական մարմին է ներկայացնում` սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 10, «Բ» կատեգորիայի համար` 7 օրացուցային օրվա ընթացքում: (Այս կետը առաջարկվում է օրինագծից հանել): 

5.4. Լիազորված անձի հիմնավորման դեպքում լիազոր պետական մարմինը կարող  է երկարաձգել մասնագիտական եզրակացության ներկայացման ժամկետները` սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 30,  «Բ» կատեգորիայի համար` 20 օրացուցային օրով, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` սույն օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված ժամկետներին համապատասխան:».

4. 7-րդ մասի  բ) կետում «կարծիքները» բառից հետո լրացնել «, իսկ նախատեսվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում` անդրսահմանային ազդեցության վերաբերյալ կարծիքները եւ անդրսահմանային ազդեցությունների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները» բառերով:

Օրենքում տեղ գտած մյուս հասկացություններն ու ընթացակարգերը համապատասխանեցնել առաջարկություններով ներկայացված սկզբունքային հարցերի շուրջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

(շարունակելի) 

Արթուր Գրիգորյան, «Էկոդար» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter