
«Զվարթնոց» օդանավակայանը մոտենում է պիկին, իսկ «Շիրակն» անցել է այն (ինֆոգրաֆիկա)
Քաղավիացիայի գլխավոր վարչությունն ամեն ամիս հրապարակում է «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ուղեւորահոսքերի նախորդ ամսվա ցուցանիշները: Արդեն հայտնի են 2017-ի առաջին կիսամյակի տվյալները:
Այսպես՝ հունվար-հունիսին «Զվարթնոցում» մեկնողների ու ժամանողների թիվը կազմել է 1.058.834, իսկ «Շիրակում»՝ 35.173, ընդհանուր ուղեւորահոսքը՝ 1.094.007:
Համեմատության համար նշենք, որ 2016-ի առաջին կիսամյակում «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել էր 839.122 մարդ, իսկ «Շիրակից»՝ 7.005:
Ընդհանրապես, 2016 թվականը Հայաստանի խոշորագույն երկու օդանավակայանները փակեցին հուսադրող նոտայով: Եթե «Զվարթնոցը» 1992-ից հետո գրանցեց տարեկան ուղեւորահոսքի լավագույն ցուցանիշը (2.105.540 մարդ), ապա «Շիրակը» երկրորդ շնչառություն բացեց նոր փոխադրողների մուտքով:
![]() |
![]() |
«Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա) | «Շիրակում» արձանագրվել են վերջին տարիների վատագույն ցուցանիշները (ինֆոգրաֆիկա) |
Վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ «Զվարթնոցում» ուղեւորահոսքի աճ է սկսվում մարտին, որը շարունակվում է ամառվա ընթացքում ու պիկին հասնում օգոստոսին: «Շիրակում» պիկը մայիսին ու նոյեմբերին է:
Անցած 6 ամիսները հաջող են եղել «Զվարթնոցի» բեռնափոխադրման ոլորտում: Եթե 2016-ի առաջին կիսամյակում երկրի գլխավոր օդանավակայանի միջոցով տեղափոխվել է (առաքվել ու ներմուծվել) 6.403 տոննա բեռ, ապա այս տարի այդ ցուցանիշն անցել է 10 հազարը՝ դառնալով 10.912 տ: Շեշտենք, որ խոսքը զուտ բեռնափոխադրման մասին է, որում ներառված չեն ուղեբեռի ծավալները:
Այդուհանդերձ, կորից երեւում է, որ մարտ-ապրիլին բեռնափոխադրման կտրուկ աճից հետո ցուցանիշները նվազել են:
Առաջին լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղին (լուս.՝ Ռենե Պոշ, jetphotos.net)
Մեկնաբանել