HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաիթիում երեխաները շահագործվում են՝ ըստ ավանդույթի. փրկության կարիք ունի 300 հազար երեխա

Հայտնի երաժիշտ և դերասան Քոմոնը (Common) ուզում է օգտագործել իր աստղային ուժը՝ օգնելու համար փրկել երեխաներին, ովքեր շահագործվում են Հաիթինում՝ մի երկրում, որը հիմնել են ազատության ստացած ստրուկները:

CNN-ի «Ազատության ծրագրի» վավերագրական ֆիլմերից մեկում Քոմոնն անդրադարձել է «Ղեստե ավեկ»-ին, որի հետևանքով 300 հազար երեխա է Հաիթիում աշխատում որպես տնային սպասավոր: «Ղեստե ավեկ»-ը (առաջացել է ֆրանսերեն «մնալ ինչ-որ մեկի հետ» արտահայտությունից) սկիզբ է առել գյուղերից եկած երեխաներին կրթելու ազնիվ մտադրությունից, սակայն տարիների ընթացքում այս պրակտիկան գլխիվայր շուռ եկավ: Սրա հետևանքով այժմ շատ երեխաների ոչ թե օգնում են, այլ շահագործում:

ՄԱԿ-ը նշում է, որ խորապես արմատավորված այս պրակտիկան մերօրյա ստրկության ձև է:

«Ես այնպիսի զգացողություն ունեի, որ մտնում եմ մի ուրիշ վայր, մի ուրիշ աշխարհ, որի մասին փորձառություն չունեի, և իսկապես պետք է հոգեպես պատրաստվեի այնտեղ լինելուն»,- ասում է Քոմոնը:

Հաիթիում նա հանդիպել է երեխաների, որոնց ստիպում են աշխատել երկար ժամեր և զրկել են կրթություն ստանալու հնարավորությունից: Նա նաև հանդիպել է մի թիմի, որն իրեն նվիրել է երեխաներին ազատելուն:

«Երբ խոսում ես նրանց հետ, հաճախ նրանք կախում են գլուխները, նրանց աչքերը չեն նայում քո աչքերին: Մեծ մասամբ, նրանք իրենց երկրորդ սորտի մարդ են զգում, և դա արդեն նրանց ծերացնում է: Արդյունքում ստացվում է մի ազգ, որտեղ երեխաները, մեծահասակ դառնալով, շատ քիչ փորձ են ունենում: Նրանք անգրագետ են և չեն ինտեգրվում հաիթիական մշակույթին»,- CNN-ին ասել է Քոմոնը:

Աղքատությունն ու վատ կառավարումը Հաիթին հետ են գցել տասնամյակներով, և դպրոց հաճախելու հնարավորությունները նվազել են: «Ղեստե ավեկ»-ի համակարգը մնացել է: Նույնիսկ երբ գրեթե 2 տարի առաջ երկրաշարժն ավերեց մայրաքաղաք Պորտ-Օ-Պրենսի մեծ տարածքներ, «Ղեստե ավեկ»-ը մնաց:

Դեռևս ավերված նախագահական պալատի ֆոնին մի վրանային քաղաք է՝ փողոցներում աղբի կույտերով, որտեղ կարելի է տեսնել աշխատող երեխաների: Այս երեխաներից շատերը հարկադրաբար աշխատում են «Ղեստե ավեկ»-ի «շրջանակներում» և ոչ թե մայրիկին կամ հայրիկին օգնելու համար:

Նրանց մեջ էր մի 12-ամյա աղջիկ, որի մեջքին սպիներ կային. նա ամիսներ, հնարավոր է՝ տարիներ շարունակ ջուր է կրում՝ գրունտային ճանապարհով 30 րոպե քայլելով դեպի այն տուն, որտեղ ապրում է, և որի պատերից կտավներ են կախված:

«Ղեստե ավեկ»-ից ազատագրման հիմնադրամը փորձում է երեխաներին վերադարձնել դպրոց, որպեսզի օգնի նրանց կյանքը դարձել մի փոքր ավելի հեշտ, իսկ ապագան՝ ավելի պայծառ:

Հաիթիում ծնված նյույորքցի Ֆաբիոլա Դեսմոնը փնտրում է տներ, որտեղ կիրառվում է «Ղեստե ավեկ»-ի պրակտիկան, և փորձում մեծահասակներին համոզել, որ երեխաները պետք է լինեն դպրոցում և ոչ թե աշխատեն:

Տներից մեկում նա մի տղամարդու համոզեց թույլ տալ, որ «Ղեստե ավեկ»-ի ենթարկվող երեխան դպրոց գնա: Երեխայի աչքերը փայլեցին: Բայց ոչ բոլորն են, որ ի վիճակ են տեսնել, որ այս համակարգը սխալ է:

«Երեխաներին վերցնում են իրենց ծնողներից և ուղարկում ապրելու ուրիշ ընտանիքների հետ, որտեղ մեծահասակները նրանց վերաբերվում են որպես ստրուկների: Նրանք կարող են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկվել այս ընտանիքներում: Ինձ համար ծանր է նրանց տեսնել այս իրավիճակում, բայց պատկերացրեք, թե ինչ է նշանակում տվյալ իրավիճակում լինել հենց երեխայի դերում. նրանց համար շատ ավելի ծանր է»,- ասում է Քոմոնը:

Մեկնաբանություններ (1)

Jill Mairn
Thank you for writing this piece and raising awareness to the issue of restavek in Haiti. We are now helping almost 600 restavek children go to school in Haiti and working with thousands of adults to change this practice of child servitude. Please visit restavekfreedom.org to see how you can join us. Thanks!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter