
Առողջության համար վտանգավոր ջրերը կվաճառվեն, մինչ ՍԱՊԾ-ն որոշի՝ ինչ անել
Վերջերս «Հետք»-ը հոդված է հրապարակել մանկական և շշալցված մի շարք ջրերի վերաբերյալ, որտեղ ներկայացված էին դրանց լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Այդ արդյունքների համաձայն՝ ներկայացված 6 նմուշներից միայն 2-ն էին համապատասխանել սահմանված նորմերին և տեխնիկական կանոնակարգերին:
Ավելին, նմուշներից երկուսում՝ «Մաքուր ջուր» և «Գառնի» ապրանքանիշի ջրերում հայտնաբերվել էր ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ վերջինում նաև ( «Գառնի» )՝ մարդու առողջության համար վտանգավոր պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:
Հրապարակման հաջորդ օրը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, որը հանդիսանում է ոլորտը վերահսկող և պատասխանատու պետական կառույց, հետաքրքրվեցինք՝ ինչ գործողություններ են ձեռնարկելու: ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը մեզ հայտնեց, որ դեռ պետք է «ուսումնասիրեն հրապարակված տեղեկությունները»՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու համար: Դրանց մասին էլ` կտեղեկացնեն առաջիկայում:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ «Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքը շուկայից հետ է կանչվում, ոչնչացվում կամ օգտահանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»։
Ավելին, այդ մասին պետական լիազոր մարմինը կատարում է հանրային իրազեկում՝ համաձայն նույն՝ վերը նշված օրենքի, քանի որ կա բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկ:
Բայց հանրային իրազեկում այդպես էլ չեղավ. ՍԱՊԾ-ն իրեն պատկանող պաշտոնական ռեսուրսներով որևէ կերպ չանդրադարձավ թեմային ու ոչ մի տեղեկություն չտարածեց:
Հունիսի 29-ին մենք հարցում ուղարկեցինք կառավարություն՝ որպես վերադաս մարմնի՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
- Ինչու՞ ՍԱՊԾ-ն գոնե վերը նշված 2-րդ դեպքում ժամանակավարապես չի կասեցնում ապրանքների վաճառքը, քանի որ դրանք վտանգավոր տարրեր են պարունակում և վնասում են բնակչության առողջությունը:
- Ինչու՞ արձանագրված խախտումների մասին, որպես ոլորտի պատասխանատու, չի կատարում հանրային իրազեկում՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի:
Այսօր ՍԱՊԾ-ի կողմից մենք ստացանք այս հարցման պատասխանը, որտեղ նշված էր, որ «տնտեսվարող սուբյեկտի կամ արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կիրառվում են», երբ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ են հայտնաբերվում:
Մինչդեռ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ստուգում իրականացնող պաշտոնատար անձը կարող է ընդունել ապրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, որոնք գործում են մինչև հայտնաբերված խախտման վերացումը կամ ստուգման ակտի ընդունումը: Սա սահմանված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածում:
Ստացվում է՝ լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, որը տրվել է պետական համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի՝ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից, ՍԱՊԾ-ի համար որևէիցե հիմք չի հանդիսանում, որպեսզի գոնե հանրային իրազեկում իրականացնի:
Այժմ ՍԱՊԾ-ն «վերահսկողական գործողություններ» է կատարում, իսկ վերը նշված հարցերին կպատասխանեն «վերահսկողական գործառույթներն ավարտելուց հետո»:
Թե այդ վերահսկողական գործողությունների մեջ տվյալ դեպքում ինչ է մտնում, մանրամասնված չէ:
Մինչ այժմ խախտումներ ունեցող բոլոր ջրերը վաճառքում են: Արտադրողները ևս լուռ են. նրանք որևէ կերպ չարձագանքեցին և նույնիսկ իրենց սպառողներին չփորձեցին պարզաբանել լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել