HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մեղրի համայնքի ավագանին հանձնաժողովներ չի ձեւավորել. սոցօգնություններ տրամադրելը մնում է համայնքի ղեկավարի մենաշնորհը

Բազմաբնակավայր Մեղրի համայնքի 2017 թ.-ի բյուջեն 588,266.3 հազար դրամ է, որը ձեւավորվել է խոշորացման արդյունքում նրա կազմում ընդգրկված 15 համայնքների բյուջեների միավորումից: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թ.-ի համեմատությամբ Մեղրիի համայնքային բյուջեն 32,5% աճ է ունեցել: Նշված բյուջեից դրամական նպաստներ բաժնին հատկացվել է 4 մլն 500 հազար դրամ, որից 3 մլն դրամը սոցիալական հատուկ արտոնություններին է հատկացվելու: Սոցիալական օգնությունները Մեղրիում տրամադրում է համայնքի ղեկավարը՝ միանձնյա կայացրած որոշումներով:  

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 13-24-րդ հոդվածներով բազմաբնակավայր համայնքի ավագանու համար կարգ է սահմանվել. «Եթե համայնքի ավագանին կազմված է ավագանու 9 եւ ավելի անդամից, ապա ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ:

2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքներով՝ համայնքային կենտրոն Մեղրի քաղաքի հետ մեկ վարչական մարմին ձեւավորեցին Մեղրի եւ Ագարակ քաղաքները եւ շրջակա 13 գյուղը: Համայնքի ավագանին գործում է 11 հոգանոց կազմով, սակայն ոչ մի հանձնաժողով չի ձեւավորել:

Ավագանին սոցիալական ոլորտին վերաբերող միայն մեկ որոշում է ընդունել այս տարի. ապրիլի 4-ի թիվ 34 որոշումով սահմանել է համայնքի բազմազավակ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու չափը: «Մեղրի համայնքում ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով՝ Մեղրի համայնքում հաշվառում ունեցող ընտանիքի չորրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին տրամադրել միանվագ դրամական օգնություն` 100 000 դրամ»:

Համայնքի սոցիալական քաղաքականությունը այլ խավերի մասով հստակեցված չէ, օգնություն տրամադրելու կարգը կամ դրամական օգնության չափը չի սահմանվել:

Եվս մեկ որոշում, որը կայացրել է ավագանին, եւ որն իր էությամբ սոցիալական է, վերաբերում է Մեղրի քաղաքի հյուրանոցներից մեկին արտոնություն տրամադրելուն: Քաղաքի Զ. Անդրանիկի 7 հասցեում գտնվող շենքը 2015 թ.-ի հունիսի 13-ին հրդեհվելուց հետո բնակիչները տարահանվել եւ անհատույց բնակվում են Արմեն Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող հյուրանոցում: Ավագանին որոշել է` Ա. Միրզոյանին պատկանող գույքին տրամադրել գույքահարկի եւ հողի հարկի արտոնություն՝ 157.987 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով, ազատելով 2016 թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ առկա գույքահարկի ընթացիկ տարվա ապառքի` 144.139 ՀՀ դրամ, տույժի` 5837 ՀՀ դրամ, հողի հարկի ապառքի` 7052 ՀՀ դրամ, տույժի` 952 ՀՀ դրամ վճարումից:

Այլ են Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կայացրած դրամական օգնություններ եւ սոցիալական արտոնություններ տրամադրելու որոշումները, դրանք պատճառաբանված չեն, բացառությամբ մեկ-երկու դեպքերի:

Համայնքի ղեկավարի որոշմամբ` Նռնաձոր գյուղի բնակիչներից մեկին՝ Վաչիկ Չիթչյանին, խոշոր եղջերավոր անասուն գնելու նպատակով 250.000 դրամ օգնություն է հատկացվել: Գումար հատկացնելու նպատակը նշված է, հիմնավորումը չկա, որը կարող էր տալ սոցիալական հանձնաժողովը:

Համայնքի ղեկավարը հաճախ շատ մեծ չափերի դրամական օգնություն է հատկացրել Մեղրի քաղաքի բնակիչներին: Անհասկանալի է մեկ որոշումով մոտ մեկ տասնյակ անձանց տրամադրված դրամական օգնություններ հատկացնելու ոչ միայն պատճառը, այլեւ հատկացված գումարների նվազագույն եւ առավելագույն չափերի միջեւ եղած ահռելի տարբերությունը՝ 12 000 մինչեւ 180 000 դրամ: Այդպիսի որոշումները բազմաթիվ են: Տարեսկզբից մինչ այսօր մեկական որոշումներ են կայացվել Նռնաձոր, Ագարակ, Ալվանք եւ Վարդանիձոր գյուղերի մեկական բնակիչների դրամական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հիմնականում՝ 20 000 դրամի չափով: Մնացյալ որոշումները վերաբերում են Մեղրի համայնքի բնակիչներին:

Բազմաբնակավայր համայնքներում սոցիալական արդարությունը պահպանելը հավասարապես համայնքի ղեկավարի եւ ավագանու մտահոգությունը պետք է լինի: Դրանով ուղղակիորեն պայմանավորված է բազմաբնակավայր համայնքների խաղաղ գոյակցությունը, նաեւ՝ երկարակեցությունը:

Մեկնաբանություններ (4)

Գայանե
Լսեք',թե ինչ կանի մեր համայնքի ղեկավարը,դա նրա որոշումն է ու ձեր գործը չի: Եթե պարոն Զաքարյանը ինչ-որ բան է որոշել ուրեմն դա մեր համայնքի օգտին է, ու բխում է մեր համայնքի շահերից: Այնպես որ ձեր ռեյտինգը բարցրացնելու համար հերիք է ուրիշներին քցեք: Ամոթ ձեզ:
ՌՈՒԶԱՆՆԱ
Ես Ձեր համայնքի ղեկավարին ընդհանրապես չեմ ճանաչում և ընդհանրապես չեն էլ ուզում ճանաչեմ։ Ես նրան բնավ չեմ քննադատում և դրա իրավունքն էլ չունեմ և միաժամանակ ուրիշին քցելու և իմ ռեյտինգը բարձրացնելու նպատակ ընդհանրապես չկա։ Կներեք, բայց Դուք լրիվ սխալ եք հասկացել։ Ես ընդամենը արձանագրել էլ մի ակնառու փաստ և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իմ կարծիքն արտահայտելու իրավունքն եմ իրացրել։ Դուք վիրավորել եք կոնկրետ ինձ, իսկ ես Ձեր համայնքի ղեկավարի հասցեին ոչինչ չեմ ասել, միայն մեկնաբանության վերջին տողն է կոնկրետ ուղղված Ձեր համայնքի ղեկավարին, որտեղ ընդհանրապես վիրավորական կամ ուրիշին քցելու իմաստ չկա, լրիվ հակառակը, ընդամենը ակնարկել եմ, որ իր կողմից ընդունվող իրավական ակտերը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը․․․ Այո կրկնում եմ համայնքի ղեկավարի նման որոշումները առոչինչ են, և պատկերացրեք մի օր այն վիճարկվի, դուք մտահոգվեք հետևանքների կիռարման մասին․․․
Նանա
ապրես Գայանե ջան,Մխիթար Զաքարյանը մեցատառով և իր որոշումները անթերի կատարող մարդ է մեծատառով,իր հայրենիքի նվիրյալ զավակը ....
ՌՈՒԶԱՆՆԱ
Ես օրեր առաջ մեկնաբանություն էի թողել նաև ՀԵՏՔ-ի մեկ այլ հոդվածի տակ (Օձունի պահուստային ջրդի հողերը նախկին գյուղապետի որդին որպես խոտհարք է օգտագործում): Ցավով պետք է նշեմ, որ ՀՀ բոլոր համայնքներում հատկապես կապված սեփական լիազորությունների հետ, պատկերը նույնն է, անգամ ձեռագիրը, ոճը: Լավ միթե աշխատակազմում չկա մեկը որ ասենք իրավական ակտերի մասին ՀՀ օրենքից տեղյակ լինի, էլ չեմ խոսում ՏԻՄ օրենքից: Հարգելի համայնքի ղեկավարներ Ձեզ ամենակարող եք համարում և շրջանցում օրենքը, թուլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում: Իսկ ուր է վարչական վերահսկողություն իրականացնող մարմինը: Իհարկե դա ձեռնտու է վերեվներին, նրանք թույլ են տալիս համայնքի ղեկավարներին կայացնել անօրինական, չհիմնավորված իրավական ակտեր և ինչ որ հարցեր լուծել դրանով, որպեսզի ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին դուք էլ կարողանաք նրանց համար աշխատել, մի կերպ կաշվից դուրս գալով հաղթահարեք Ձեր ուսերին դրված ընտրաձայների շեմը: Ի դեպ սա իմ կարծիքը չէ, դա փաստում են տասամյա ուսումնասիրություններն ու դիտարկումները: Հարգելի համայնքի ղեկավար պետք չէ այդչափ վստահ լինել ձեր որոշումներում, ինչ իմանաս, գուցե մի օր հենց Ձեր իսկ ավագանին սթափվի և Ձեր որոշումները վիճարկի դատարանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter