HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օֆշորի» գործով տուժողները Աշոտ Սուքիասյանի նկատմամբ երկարաժամկետ ազատազրկում են պահանջում

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում տուժող կողմը հանդես եկավ ճառով: Մինչև գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը կներկայացներ մեղադրական ելույթը, մեղադրող Դավիթ Վեքիրյանը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ քաղհայցի պահանջ ներկայացրեց՝  նշելով, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը խուսափել է հարկերից՝ պետությանը տալով զգալի վնաս: Միջնորդեց Աշոտ Սուքիասյանից պետությանը տված վնասի չվերականգնման համար բռնագանձել 82 մլն 445 հազար դրամ: Աշոտ Սուքիասյանի պաշտապ Յուրի Խաչատրյանը առարկեց և նշեց, որ դատավարության այս փուլում նման հարցերը չեն քննվում:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը նշեց, որ համաձայն է այդ մեղադրանքների հետ, և հայտարարեց, որ դրանք մեղադրական դատական ակտ կայացնելու համար բավարար են:

Անդրադառնալով 2009 թ. Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ադամանդագործության և ոսկերչության զարգացմանն ուղղված խորհրդակցությանը՝ ներկայացուցիչը ասաց.«Աշոտ Սուքիասյանը փորձել է խարդախությամբ գտնել այն մարդկանց շրջանակը, որոնցից կարելի է խաբեությամբ գումարներ հափշտակել: «Ներկայացրել է նախագիծը, հայտնել է, որ Աֆրիկայում ձեռք է բերել ցանքատարածություններ, հանքեր, ունի շուրջ 300 միավոր մեխանիզմներ, մեծ հաջողություններ այդ բնագավառում: Հայտարարել է, որ  50 տոկոս էժան գնով կարող է ադամանդ ներմուծել Հայաստան»,-նշեց ներկայացուցիչը:

Աշոտ Գևորգյանը նշեց նաև, որ Աշոտ Սուքիասյանը խորհրդակցության ընթացքում նշել է, որ իրեն 12 մլն դոլար գումար է անհրաժեշտ ոլորտը զարգացնելու համար, իսկ ծրագրի նպատակն է եղել մոլորության մեջ գցել գործարարներին: «Իմանալով, որ ինքը հանքեր չունի, իմանալով, որ չի կարող նման բիզնեսով զբաղվել, փորձել է մոլորության մեջ գցել ձեռներեցներին: Հետևանքը եղավ այն, որ ոսկերչության և ադամանդագործության ոլորտի ոչ թե զարգացման, այլև տապալման ծրագիր եղավ: Հավատը թաղվեց, Սուքիասյանի գլխավորությամբ դարձավ հուղարկավորության ծրագիր»,-նշեց Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը, հետո անդրադարձավ վկաների ցուցմունքներին:

Օրինակ՝ Ռուբեն Մկրտչյանի ցուցմունքից ընթերցեց, որտեղ ասվում էր՝ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայում հանքատարածություններ չունի:  Անդրադարձավ նաև Աշոտ Սուքիասյանի ցուցմունքին, և նշեց. «Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի ստորագրությունները կրկնօրինակող սարքի միջոցով ինքը կեղծել է, իսկ  «Ամերիաբանկից» 6 մլն դոլար փոխանցվել է Կիպրոս այն դեպքում, երբ նշված է, որ փոխանցումը պետք է կատարվեր տեխնիկա ձեռք բերելու համար»,-հայտնեց ներկայացուցիչը: Աշոտ Գևորգյանը նշեց նաև, որ խուզարկությամբ քննիչի կողմից հայտնաբերվել է «Ամերիաբանկի` Արտակ  Հանեսյանի կողմից հասցեագրված չստորագրված գրություն, որով Սուքիասյանը փորձել է շփոթության մեջ գցել, իբր Հանեսյանը ինչ-որ գրություններ է պատրաստել»:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ պահանջեց երկարաժամկետ ազատազրկում և պահանջեց բռնագանձել 8 մլրդ դրամ՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի:

Փայլակ Հայրապետյանի մյուս ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը ևս նշեց, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ պետք է կիրառվի երկարաժամկետ ազատազրկում՝ նշելով, որ Աշոտ Սուքիասյանի կատարած գործողությունների արդյունքում Փայլակ Հայրապետյանը ունեզրկվել է:

Աշոտ Սուքիասյանը դատարանին ներկայացրեց նաև իր տեսակցությունների արգելքը վերացնելու մասին միջնորդություն, որը դատավոր Վարդան Գրիգորյանը բավարերեց:

Հաջորդ նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ելույթով, նիստը կկայանա հուլիսի 21-ին:

Նիստի ավարտից հետո Փայլակ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Աշոտ Սուքիասյանից պահանջում է իր ամբողջ ունեցվածքը:

 

Մեկնաբանություններ (1)

մոլորված
Բա սուրբ սամոին ու տկոյին բան չկար հարցնելու ???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter