
Պեկինը հսկողության նոր մեխանիզմ է սահմանում միկրոբլոգների նկատմամբ
Պեկինի իշխանությունները սահմանել են նոր կանոններ, ըստ որոնց՝ միկրոբլոգների օգտատերերից պահանջվում է գրանցել իրենց անձնական տվյալները:
BBC-ն հայտնում է, որ Twitter-ի չինական համարժեքի՝ Weibo-ի նոր օգտատերերը այժմ պետք է մուտքագրեն իրենց իսկական անունները: Արդեն իսկ գործող օգտատերերը պետք է իրենց իսկական անունները գրանցեն 3 ամսվա ընթացքում:
Ովքեր կհրաժարվեն դրանից, հնարավորություն չեն ունենա նյութեր հրապարակել միկրոբլոգում:
Իշխանությունների այս որոշման պատճառն այն է, որ ավելի ու ավելի շատ չինացիներ են սկսում օգտագործել Weibo-ի հարթակը՝ քննադատելու համար կառավարության քաղաքականությունը կամ արտահայտելու կոնկրետ միջադեպերից իրենց զայրույթը:
Weibo-ում տեղադրվող որոշ նյութեր գրաքննվում են, օրինակ նրանք, որոնք վերաբերում են Չինաստանի հարավում գտնվող Վուկան գյուղում տեղի ունեցող անկարգություններին:
Չինաստանի իշխանությունները ինտերնետում ակտիվ գործող օգտատերերին նախկինում մեղադրել են Weibo-ով բամբասանքներ տարածելու մեջ, և երկար ժամանակ քննարկում էին «իրական անվան մեխանիզմը» կիրառելու հարցը:
Սոցիալական գիտությունների չինական ակադեմիայի մեդիա հետազոտող Լյու Ռուիշենգն ասում է, որ Weibo-ն սխալ գործածելը շատ տարածված երևույթ է:
«Դեռ պետք է այնպես անել, որ Weibo-ում իրական անունով գրանցվելը համընդհանուր երևույթ դառնա: Անանուն և անպատասխանատու «միկրո հաղորդակցությունը» իսկապես նպաստում է բամբասանքների տարածվելուն»,- China Youth Daily-ին ասել է Լյու Ռուիշենգը:
Մեկնաբանել