Հայաստանը 4,2 անգամ ավելի մարդասիրական օգնություն է ստացել
2017-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանը ստացել է 4,2 անգամ ավելի մարդասիրական օգնություն։
2017-ի առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներմուծվել 749 տոննա մարդասիրական օգնություն։ Դրա արժեքը կազմել է ավելի քան 36 մլրդ դրամ կամ 76 մլն դոլար։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մայիսին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալները՝ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների։
Ստացված օգնության 90% -ը եղել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք, ապա 1-2%-ով օգնության ցուցանիշը կիսում են մանածագործական իրերը, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, սարքերը և ապարատները, պատրաստի սննդի արտադրանքը, տարբեր արդյունաբերական ապրանքները։
Եթե ամփոփենք ստացված օգնությունը ըստ ապրանքատեսակների, կստացվի այսպիսի տոկոսային ցուցանիշ.
2016-ի հունվար-մայիսին Հայաստան ներմուծվել է 1129 տոննա մարդասիրական օգնություն 8,7 մլրդ դրամ արժեքով, իսկ 2017-ի նույն ամիսներին, թեև այդ օգնության ծավալը եղել է 749 տոննա, բայց դրա արժեքն ավելի քան 4,2 անգամ մեծ է եղել՝ կազմելով 36 մլրդ դրամ։
Շվեյցարիան Հայաստանին ամենաշատ մարդասիրական օգնություն տված երկիրն է:
Եթե 2016-ի հունվար-մայիսին Հայաստանը 3,1 տոննա մարդասիրական օգնություն էր ստացել ԱՊՀ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին ԱՊՀ-ից մարդասիրական օգնություն չի ուղարկվել։
Ինչպես նշեցինք, ամենաշատ մարդասիրական օգնություն ուղարկվել է Շվեյցարիայից, չնայած այն նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ 3,6%-ով նվազել է։ Շվեյցարիային հաջորդում են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Գերմանիան։ Սրանք այն երկրներն են, որոնց ուղարկած մարդասիրական օգնության ծավալը գերազանցում է հազար տոննան։
Գծապատկերում ներկայացված են այն հինգ երկրների ցուցանիշները, որոնք Հայաստան են ուղարկել առավել մեծ ծավալով մարդասիրական օգնություն։
Այդ ամիսներին մի քանի անգամ աճել է Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եկած մարդասիրական օգնության ծավալը։ Փոխարենը զգալիորեն նվազել են Նիդերլանդներից, Բելգիայից, Իտալիայից, Ճապոնիայից ստացված մարդասիրական օգնության ծավալները։
Մեկնաբանել