
Կառավարության ծախսած գումարներն ու չերևացող հետազոտությունների գինը
Արդեն 9 տարի է` կառավարությունը պայմանագրեր է կնքում «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ: 2009-2017 թվականների ընթացքում կնքվել է մոտ 893 մլն դրամի պայմանագիր: Առհասարակ, կառավարությունը, պետական մյուս օղակները «բարի» աչքերով են նայում նշված ընկերությանը:
«ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. հոկտեմբերի 20-ին Գրիգոր Հովհաննիսյանի կողմից, և կառավարությունն արդեն 2009թ. 14 մլն 450 հազար դրամ ընդհանուր արժեքով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել նոր գրանցված ընկերության հետ:
Օրեր առաջ էլ պաշտպանության նախարարության և «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջև բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ հուշագիր է կնքվել, իսկ հանրապետության նախագահը մասնակցել է ընկերության նորակառույց գրասենյակի բացման արարողությանը:
Այդ հետազոտությունն իրականացվելու է տարեկան 2 անգամ և պատասխանատուների խոսքերով՝ հնարավորություն է ընձեռելու վերհանել ծառայության ընթացքում զինծառայողի կողմից արձանագրված հիմնական բացթողումները, գնահատել զորամասերի գույքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի և բուժօգնության որակը, բացահայտել քաղաքացիականից զինվորական կյանքի անցնելու փուլի խնդիրները և դրանց հնարավոր նոր լուծումները։
Ավելի վաղ՝ 2013թ. դեկտեմբերի 13-ին, կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 477.2 քառ. մետր մակերեսով N 7 տարածքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշման համաձայն՝ 2013թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 41,105,243 դրամ, որն օտարվել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ին գույքի գնահատված արժեքի 75%-ի չափով՝ 30,828,933 դրամ:
Կառավարության կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն` ՍՊԸ-ն իրականացնում է կառավարության գործունեության գնահատականների ինդեքսի հետազոտություն: Հետազոտությունն իրականացվում է հատուկ մշակված մեթոդաբանությամբ (հեղինակային իրավունքները գրանցված են) Հայաստանում եռամսյակը մեկ՝ ընդգրկելով 1600 քաղաքացիների կարծիք: Հարցումներն իրականացվում են դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ հարցվողի տանը:
Մյուսը Հայաստանի համայնքների (մարզերի) կարիքների գնահատման հետազոտությունն է: Այն թիրախավորում է ուսումնասիրվող համայնքի (մարզի) տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, քաղաքական, հոգեբանական, մշակութային առկա հնարավորությունները և քարտեզագրում համայնքի ընդհանուր ռազմավարական ներուժը: Հետազոտությունը կրում է պարբերական բնույթ` երեք ամիսը մեկ՝ մարտ, հունիս, սեպտեմբեր ամիսներին տարբեր մարզերում, բայց յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան եռամսյա հաճախականությամբ: Հարցումներն իրականացվում են մարզի 900 բնակիչների շրջանում՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ հարցվողի տանը:
Հաջորդը կյանքի որակի ընկալումների ինդեքսի հետազոտությունն է: Այն նպատակ ունի հասարակության ներկայացուցչական ընդգրկման միջոցով կատարել բնակչության տարբեր խմբերի կյանքի որակի համապարփակ հետազոտություն` հաշվարկելով մինչև 10 ասպեկտներով սոցիալական զգացողության և հասարակական կյանքում ընդգրկվածության մակարդակը: Հարցումներն իրականացվում են Հայաստանի 2000 բնակիչների շրջանում՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ հարցվողի տանը:
Ըստ կառավարության՝ «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հետազոտությունները հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության աշխատակազմի բարեփոխումների ռազմավարության մշակման համար, տալիս են ոլորտների զարգացման մասին օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն:
Թեև կառավարությունը պնդում է, որ հետազոտության արդյունքները պրեզենտացիայի տեսքով եռամսյակային կտրվածքով «տպագրվում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում հետևյալ հասցեով՝ http://www.gov.am/am/announcements/», սակայն իրականում այդ պարբերականությամբ հրապարակումներ չկան:
Մի քանի հրապարակումներ, այնուամենայնիվ, գտանք կառավարության կայքէջում, որոնք ավելի վաղ են հրապարակվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել