Դիլիջանի կենտրոնական գրադարանի գրքերը պահվում են նախկին պատգամավորի պահեստում
Գրիշա Բալասանյան
Դիլիջանի Աղայանի անվան կենտրոնական գրադարանը հանրապետության ամենահին գրադարաններից մեկն է: 2018 թվականին նշելու են գրադարանի 110-ամյակը: Սկզբում եղել է դպրոցին կից, այնուհետև առանձնացել է և դարձել մեծ գրադարան և այսօր սպասարկում է ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլև հարևան մարզերի քաղաքացիներին: Ունի 105.000 կտոր գրականություն: Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Աիդա Ափրոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գրադարանի առաջին կենտրոնացումը եղել է 1974 թվականին: Այժմ Դիլիջանի կենտրոնական գրադարանի կենտրոնացված համակարգին միացել են ևս 9 գրադարան՝ Դիլիջան քաղաքից և հարևան գյուղերից:
Գրադարանը 1974 թվականից մինչև 1989 թվականը գործել է առանձին շենքում: 1988 թվականի երկրաշարժը վթարային է դարձրել շենքը, և գրադարանը տեղափոխվել ու մինչ օրս գործում է քաղաքի մշակույթի պալատի շենքում: Աիդա Ափրոյանն ասում է, որ 20 տարուց ավելի «տնվորի» կարգավիճակում են հայտնվել: Այս տարիների ընթացքում գրադարանի աշխատակազմը հույս է փայփայել, որ իրենց շենքը վերանորոգվելու է, և հետ են գնալու: Սակայն 3-4 տարի առաջ տեղեկացել են, որ գրադարանի շենքի մի մասը Կենտրոնական բանկն է օգտագործում, մյուս մասը՝ «Թումո» կենտրոնը:
Աիդա Ափրոյանն ասում է, որ Դիլիջան քաղաքում աչքի ընկնող շենքը եղել է հենց գրադարանի 5 հարկանի շենքը: Ունեին ամենալավ պայմանները, և բոլորն են շահագրգռված եղել այդ շենքը վերցնել: Եվ դա հաջողվեց:
Գրականության մեծ մասը` պարկերի մեջ լցված, գտնվում է Դիլիջանի նախկին հանրախանութի պահեստում, որը պատկանում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ): Գրադարանի աշխատակիցները պարկերով գրքերը քիչ-քիչ բերում են ու դասավորում: Սակայն, դժվար է ասել, թե գրքերի համար որտեղ է ավելի ապահով ու անվտանգ:
Մշակույթի պալատի շենքը ևս անմխիթար ու վթարային վիճակում է: Գրադարանը տեղակայված է վերջին հարկում և տանիքի անձրևաջրերն ու ձյան հալոցի ջրերը թափվում են ուղիղ գրքերի վրա: Ձմռանը տանիքի ջրերը սառչում են և խողովակներով չեն հոսում, անձրևաջրերը լցվում են գրադարանի մի հատվածը: Գրքերը ջրերից պաշտպանելու համար ծածկում են պոլիէթիլենային տոպրակներով: Սակայն խոնավությունը, սնկերով վարակելու վտանգ է ստեղծում: Ձմռանը, օրինակ խոնավ գրքերը չորացնում են վառարանների մոտ, իսկ ամռանը՝ օդափոխում են:
Գրադարանի մի հատվածը վտանգավոր է դարձել ոչ միայն գրքերի, այլև աշխատակիցների համար: Նկարահանման ժամանակ տեղեկացանք, որ օրեր առաջ առաստաղից քարի կտոր է պոկվել և ընկել ներքև: Բարեբախտաբար քարը չի ընկել գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Հակոբյանի գլխին:
Առաստաղը, որից պոկվել, ընկել է քարը
Իսկ այն հատվածում, որտեղ անձրևաջրերն ու առաստաղից պոկվող քարերը սպառնալիք չեն համարվում, գրքերի համար վտանգավոր է դարձել արևի լույսը: Մեծ պատուհաններից արևն ընկնում է ուղիղ գրքերի վրա, և դրանք գունաթափում են: Մամուլի բաժնում պահվող մեկ շաբաթ առաջ տպագրված թերթերն արևի լույսից այնպիսի տեսք են ստացել, կարծես թե տասնամյակներ առաջ են լույս տեսել: Թերթերն ամբողջությամբ դեղնել են:
Գրադարանի աշխատակիցներն անընդհատ գրքերը տեղից տեղ են տեղափոխում՝ փորձելով պահպանել այն: Անձրևից պաշտպանելու համար տեղափոխում են համեմատաբար ապահով տարածք: Սակայն, այդ տարածում էլ գրքերն այնքան են կուտակվել, որ ծանրությունից հատակը փլուզվելու վտանգի առաջ է կանգնած:
«Մենք ունենք նախասովետական և սովետական շրջանի հոյակապ գրականություն: Մեր գրադարանից են օգտվում Իջևանի, Վանաձորի, Գավառի ուսանողները: Ունենք շատ հարուստ գրքային ֆոնդ, բայց հիմա գրքերի մեծ մասն էլ պարկերի մեջ պահեստավորված են, դժվարություններ են ստեղծվում, որ մեր ընթերցողներին ապահովենք գրականությունով: Հույս ունենք, որ մոտակա ժամանակներում, երբ շենքը վերանորոգվի կկարողանանք բոլոր գրքերը տեղափոխել այստեղ»,-ասում է Աիդա Ափրոյանը, հավելելով, որ աշխատակիցները պարկերով գրքերը բերում, «զտում» են և որ գրքերն ավելի պահանջված են տեղավորվում են գրադարակներում, մնացած մասը դարձյալ պահեստավորում են սենյակներում: Իսկ այն գրականությունից, որից մի քանի օրինակ է, ուղարկում են համակարգի մեջ մտնող այլ գրադարաններին:
Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն ասում է, որ թյուր կարծիք է, թե այսօրվա սերունդը գիրք չի կարդում: Նշեց, որ միայն Աղայանի անվան գրադարանն ունի 3000 ընթերցող: Աիդա Ափրոյանն ասում է` ճիշտ է, հիմնականում ծրագրային գրականությունից են օգտվում, սակայն քիչ չեն նաև գեղարվեսատական գրքի սիրահարները:
Աիդա Ափրոյանը նշեց, որ այսօր գրեթե բոլոր գրադարաններն են անապահով վիճակում, և ամենավատ վիճակը հենց գրադարանների վիճակն է:
«Նախկինում գրադարանները պատկանում էին մշակույթի նախարարությանը և նախարարությունը ոնց որ հավասար բոլորին նայում էր, ապահովում էր: Իսկ այսօր մարզային գրադարաններին է զարկը տրվում: Մենք ֆինանսավորվում ենք համայնքային բյուջեից, դրա համար էլ խնդիրները շատ են»,-ասում է Ա. Ափրոյանը:
Դիլիջանի կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Հակոբյանը գրադարանում է աշխատում արդեն 42 տարի: Ասում է, որ չափազանց դժվար է այս պայմաններում աշխատելը: Այս օրերին իրենց հիմնական զբաղմունքը պարկերով գրքեր բերելն ու տեսակավորելն է, իսկ հիմնական գործի համար քիչ ժամանակ են ունենում:
Ասում է, որ ունեն գրքեր, որ չեն վերահրատարակվել, և դրանց պահանջարկը կա: Այդ գրքերին առավել մեծ ուշադրություն է դարձվում: Գրադարանում փայփայում են Կիպլինգի «Մաուգլին», որը հրատարակվել է 1937 թվականին, 1934թ. հրատարակված «Գուլիվերի ճանապարհորդությունները» և այլն: Ունեն 1800-ական թվականներին հրատարակված գրքեր:
Դիլիջանի քաղաքապետի օգնական Արկադի Մելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Մշակույթի պալատի շենքը, որտեղ տեղակայված է նաև կենտրոնական գրադարանը, նախատեսել են վերանորոգել: Իսկ, թե երբ կլինի վերանորոգումը, քաղաքապետի օգնականը չկարողացավ պատասխանել, քանի որ «ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված»:
«Գրադարանը համայնքային ենթակայության տակ է, բնականաբար պետական բյուջեից չենք ֆինանսավորվում այդ հարցով: Երբ գումարներ ունենանք, կվերանորոգենք, մեր ծրագրերի մեջ է: Եթե ոչ այս տարի, ապա եկող տարի կվերանորոգվի»,-ասում է Արկադի Մելյանը:
Ինչ վերաբերում է գրադարանի նախկին շենքին, ապա քաղաքապետի օգնականն ասաց, որ այն դարձել է բազմաֆունկցիոնալ շենք: Այնտեղ է տեղակայված «Թումո» կենտրոնը, թանգարանը և այլն:
«Բազմաթիվ երեխաներ են օգտվում, դա մեր քաղաքին վնաս չէ, ճիշտ հակառակը»,-նշում է Ա. Մելյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանել