HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարարը հայտնվել է բանտում. պատճառն, ըստ իրեն, կաշառք չտալն է

Զարուհի Մեջլումյան, Գրիշա Բալասանյան

Գործարար, ներկայումս դատապարտյալ Աշոտ Հակոբյանին (լուսանկարում) հանդիպեցինք «Հրազդան» ՔԿՀ-ում. իր իսկ դիմումի համաձայն, մեզ թույլատրվել էր այցելել ու լսել նրա պատմությունը:

Աշոտ Հակոբյանը 2010-ի ապրիլի 10-ից` ավելի քան 7 տարի, զրկված է ազատությունից: Դատապարտվել է 2011թ.-ին 11 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով փողերի լվացման, խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ: Ըստ մեղադրանքի` Աշոտ Հակոբյանն ու նրա հրեա գործընկերը 176 մլն դրամ են օրինականացրել: Նրա հետ մեղադրյալի աթոռին նստած է եղել նաև իր երբեմնի հրեա գործընկեր, «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի բաժնետեր՝ Իգոր Մանդելը, ում նկատմամբ, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում է կայացրել: «Իգոր Մանդելը եղել է ինձ համար շատ թանկ մարդ: Երկար տարիներ իր հետ մտերիմ եմ եղել: Իրենց եմ պաշտպանել, ընկել եմ էս օրը»,-ասում է Աշոտ Հակոբյանը:

Սակայն թե՛ դատարանում, թե՛ մինչ օրս Աշոտն իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին՝ պնդում է, որ դատական սխալի հետևանք է իր դատապարտումը: Նա դատական բոլոր ատյաններում վիճարկել է դատավճիռը, սակայն անարդյունք: Իսկ Եվրոպական դատարանում բողոքը վարույթ չի ընդունվել:

Այնուամենայնիվ, 7 տարի անընդմեջ Աշոտ Հակոբյանը պետական տարբեր կառույցներին իրազեկել է իր՝ որպես նախկին գործարարի նկատմամբ, տեղի ունեցած անարդարությունների ու խախտումների մասին: Մասնավորապես՝ 70, 80 էջանոց նամակներ է հղել նախագահին, ԱԺ խմբակցություններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՔԾ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, իրավապաշտպան կազմակերպություններին, լրագրողներին, որտեղ փաստերով ներկայացրել է Իգոր Մանդելի կազմակերպությունից փողերի լվացման, խարդախության, փաստաթղթերի կեղծման մասին, ինքն է առաջինը այդ ամենի մասին բարձրաձայնել: Սակայն այնպես է ստացվել, որ, Աշոտ Հակոբյանի դիտարկմամբ, տուժողը դարձել է մեղադրյալ. «Ես ինքնս եմ հետաքննել, թե ուր են գնում կորուստները: Ես տուժող եմ եղել, դարձել եմ մեղադրյալ»:

Գործարարը կասկած ունի՝ իր բիզնեսը խափանելու նպատակով է ազատազրկվել

Դատապարտյալը պատմեց, որ հանցագործության մասին իր հաղորդման հետ կապված մի քանի անգամ եղել է դատախազ Գրիշա Միքայելյանի մոտ, բացատրություն է տվել, որ հանցագործություն է կատարվել, որի հետևանքով ինքը տուժել է: «2010-ի ապրիլի 10-ին խաբեցին կանչեցին, քննիչն ասում է՝ եկեք Ձեր փաստաթղթերը տարեք: Տեսնեմ հետևս 2 հոգի կանգնած են, բա՝ դուք ձերբակալված եք»,-պատմեց դատապարտյալը:

Աշոտ Հակոբյանը սկզբում բիզնես է ծավալել Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում: «Գումարով եկա, մտածում էի, թե որտեղ ներդնել: Հիմնեցինք «Խաչվառ» ՍՊԸ-ն»,- պատմում է նա: Ընկերությունը զբաղվել է սեյսմիկ բարձիկների արտադրությամբ. «60 տոկոս եկամուտ էինք ապահովում, սոսինձը ստանում էինք Գերմանիայից, բնական կաուչուկը՝ Մալազիայից, երկաթը՝ Ուկրաինայից: Ստացված բարձիկները փորձարկում էինք Ամերիկյան համալսարանում»,-նշում է դատապարտյալ դարձած գործարարը:

Նախկին գործարարը կասկած ունի, որ իր բիզնեսը խափանելու նպատակով է ինքը ենթարկվել քրեական հետապնդման: Պատմեց, որ իր կնոջ հետ բարեկամական կապ ունեցող, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության աշխատակից, աուդիտորական գործունեություն իրականացնող Վոլոդյա Վարդանյանի կողմից է ստացել հարվածը:

Վերջինը հանդիսացել է «Խաչվառ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկն ու փոխտնօրենը, ինչպես նաև «Եվրոֆինանս» ու «Իրավագարանտ» ընկերությունների բաժնետեր:

Գործարարը հրաժարվել է կաշառք տալ

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում՝ 2008թ. մայիսի 22-ին, Վոլոդյա Վարդանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու փաստի առթիվ։ Քննիչի 2008թ. հունիսի 2-ի որոշմամբ հայտարարվել է նրա հետախուզումը։ Հետո հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ այս անգամ՝ խարդախության հատկանիշներով: Երկու գործերը 2009-ին միացվել են: Իսկ 2010-ին գործի նախաքննությունը տեղափոխվել է ԱԱԾ-ի քննչական վարչություն: Ապա անջատվել է Վոլոդյա Վարդանյանի մասը:

Ամեն բան սկսվել է նրանից, երբ Աշոտ Հակոբյանը հայտնաբերել է, որ Վոլոդյա Վարդանյանը խոշոր պարտքեր է կուտակել: «Եկա՝ ասեցի ստուգեք ամեն ինչ: Ձայնագրություններ ունեմ Վոլոդյայի տղայի հետ, որտեղ ասում է՝ հայրս էնպիսի թղթեր է կեղծել…»,-պատմում է Աշոտը:

Վոլոդյա Վարդանյանը 2008-ի ապրիլի 24-ին անհետացել է, երբ Աշոտ Հակոբյանը հայտնաբերել է, որ իր տված գումարներն են անհետացել: 2008թ. մայիսի 9-ին Արաբկիրի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել՝ Վոլոդյա Վարդանյանը ապրիլի 24-ին դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել: 5 օր անց, սակայն, Վոլոդյա Վարդանյանի ստորագրությամբ նրա բաժնեմասի վաճառք է կատարվել: Աշոտ Հակոբյանին Վոլոդյայի ընտանիքը փորձել է մեղադրել իրենց հորն առևանգելու և սպանելու մեջ:

Վոլոդյա Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում: «Հետագայում, կալանավոր լինելով, հայտնաբերել եմ՝ որտեղ է գտնվում հետախուզվողը: Տեղեկացրել եմ քննիչին: Բայց համակարգը չի տեսնում»,-ասում է Աշոտ Հակոբյանը:

Սկսվել են սպառնալիքներ, ընդհուպ մինչև Աշոտ Հակոբյանի որդու առևանգում, որոնց իրավական գնահատական չի տրվել:

Հետագայում դատախազներից մեկը Աշոտ Հակոբյանի կնոջն ասել է. «Ինչի՞ չփախավ Աշոտը, փախներ՝ 7-10 տարի հետո գործը կջրվեր-կգնար»:

«Իրականում կաշառք տալուց հրաժարվելու համար եմ դատապարտվել»,-կարծիք է հայտնում դատապարտյալը:

Դատապարտյալը 2014թ.-ին դիմել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` խնդրելով հանդիպում. ցանկացել է հայտնել այն պաշտոնյաների անունները, որոնք իրենից 60 մլն դրամ կաշառք են ուզել, ինչը չեն ստացել: Դրանից հետո է, որ, ըստ Աշոտ Հակոբյանի, տուժողից մեղադրյալ են իրեն դարձրել:

Աշոտ Հակոբյանն ասում է, որ գործում ներգրավված են գլխավոր դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ ու բանկիրներ, նաև փաստաբաններ:

Նախկին գործարարը համոզված է՝ իրեն մեկուսացրել են ունեցվածքին տիրանալու համար

Աշոտ Հակոբյանը տարիների հեռվից համոզվել է, որ Վոլոդյա Վարդանյանի «անհետացումը», իսկ 2015-ին նրա մահը, այլ երկրից Հայաստան բերելն ու հայրենի գյուղում թաղում կազմակերպելը իրականում մի նպատակ է ունեցել՝ մեկուսացնել իրեն՝ ունեցվածքին տիրանալու համար:

Աշոտ Հակոբյանն ասում է, որ եթե իրոք կա կոռուպցիայի դեմ պայքար, ապա կբացահայտեն իր գործով աղաղակող խախտումները:

Ի՞նչ է գրված մեղադրանքում

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հակոբյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ, «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի 50,4% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Իգոր Մանդելի, ինչպես նաև տնտեսագիտության բնագավառում համապատասխան գիտելիքներ ունեցող, «Եվրոֆինանս» և «Իրավագարանտ» ՍՊԸ-ների հիմնադիր և տնօրեն, գլխավոր դատախազության նախկին աշխատակից Վոլոդյա Վարդանյանի հետ, 2007 թ. մայիսին որոշել են հափշտակել «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ին պատկանող գումարները, որոնք պետք է գոյանային «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղին Երևանի Բագրատունյաց թիվ 14 հասցեում գտնվող, ընկերության սեփականությունը հանդիսացող տարածքի մի մասը վարձակալությամբ հանձնելու միջոցներից։ Նրանք նպատակադրվել են ընկերության բաժնետերերին ներկայացնել, որ բանկին վարձակալությամբ տրվելիք տարածքի վարձավճարի ամսական գումարը կազմելու է 700.000 դրամ` իրական 2.450.000 դրամ գումարի փոխարեն։ Ստացված գումարներին միանգամից տիրանալու համար Վոլոդյա Վարդանյանը խորհուրդ է տվել բանկից միանվագ ստանալ տարածքի վարձակալության 10 տարվա վճարը։ Իգոր Մանդելը, Աշոտ Հակոբյանը և Վոլոդյա Վարդանյանը, բանկի ներկայացուցիչների հետ չկարողանալով այդ առումով գալ համաձայնության, որոշել են բանկից վերցնել վարձավճարի 10 տարվա ընդհանուր գումարի չափով վարկ և հափշտակել այդ գումարը։ 

Կնքված պայմանագրերի հիման վրա, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ին տրամադրված 193.407.000 ՀՀ դրամ նպատակային վարկը  փոխանցվել է «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի անվամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ոմ բացված ընթացիկ հաշվին։ Այնուհետև, ստացված վարկի գումարներից 176.000.000 ՀՀ դրամ գումարը փոխանցվել է Վոլոդյա Վարդանյանի տնօրինած «Եվրոֆինանս» ՍՊԸ-ի անվամբ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ում գործող հաշվեհամարին` այդպիսով խաբեությամբ հափշտակելով «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ին արդեն իսկ պատկանող, առանձնապես խոշոր չափերի գումարը, իսկ 16.020.700 ՀՀ դրամ գումարը հաջորդ օրը՝ 01.08.2007թ. փոխանցել են «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի «Արարատ բանկ» ԲԲԸ-ում գործող հաշվեհամարին։

Մինչդեռ Աշոտ Հակոբյանն ասում է, որ 2008թ. փետրվարի 6-ին «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից ստացած քաղվածքով է պարզել, որ գործընկերների գումարը կազմել է մոտ 1500 դրամ, իսկ հետագայում մուտքագրված 176 միլիոն դրամը պատկանել է «Շենգավիթ-Ա»-ին: Ասում է, որ իրավապահ մարմիններին ներկայացրել է դիմում-բողոքներ նաև իր կազմակերպությունից հափշտակած գումարների վերաբերյալ, որոնք անտեսվել են և քննության առարկա չեն դարձել:

60-ամյա գործարարը հույս ունի, որ շուտով կվերադառնա ընտանիք

Օգոստոսի 10-ին լրանում է Աշոտ Հակոբյանի պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու ժամանակը: Ասաց, որ որևէ նկատողություն, տույժ չունի, մարզվում է, առողջ ապրելակերպ վարում: 60-ամյա գործարարը հույս ունի, որ շուտով կվերադառնա ընտանիք: 

Մեկնաբանություններ (2)

Մելանյա Սարգսյան
Հարգելիներս հստակ և շատ հասկանալի շարադրված է այն ամենը ինչ առնչվում է սույն քրեական գործին .ուղղակի կամ մարդիկ որոնց ձեռք չի տալիս որ իրականությունը ջրի երես դուրս գա.. ....
Հարգել ընթերցողին!
(((ստացված վարկի գումարներից 176.000.000 ՀՀ դրամ գումարը փոխանցվել է Վոլոդյա Վարդանյանի տնօրինած «Եվրոֆինանս» ՍՊԸ-ի անվամբ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ում գործող հաշվեհամարին` այդպիսով խաբեությամբ հափշտակելով «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ին արդեն իսկ պատկանող, առանձնապես խոշոր չափերի գումարը))) - Ոչինչ չի հասկացվում: Իսկ ով եւ ինչու էր փոխանցում, ով եւ ինչու է բողոքել, փոխանցված գումարն ուր է գնացել ի վերջո??? Առանց այս բնական հարցերի պատասխանների ընթերցողն ինչպես կարծիք կազմի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter