HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևիկ գյուղում անասունները վարունգ են ուտում

Գրիշա Բալասանյան

Արեւիկ գյուղի դաշտային ճանապարհների երկու կողմում՝ հողամասերի դիմաց, վարունգի դեղնած ու արդեն թառամած կույտեր են գոյացել: Գյուղացիները վարունգը հողատարածքից դուրս են հանում ու լցնում ճամփեզրին, որպեսզի արոտավայր գնացող-եկող անասուններն ուտեն: Ոմանք էլ շուկայից հետ բերած վարունգն են անասնակեր դարձնում: Ասում են, որ շուկայում վարունգը չի վաճառվում, 1 կիլոգրամի համար առաջարկում են 20 դրամ, ինչը ձեռնտու չէ: Նույնիսկ շուկա տանելու վառելիքի ծախսը չի փակում:

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում մի քանի տարեց տղամարդ մշակույթի տան դիմացի այգում նստած թղթախաղ ու նարդի էին խաղում: Տեսնելով անծանոթ հյուրին` խաղն ընդհատեցին: Մարդիկ դժգոհելու շատ պատճառներ ունեն: Ասում են, որ տարիներով պաշտոնյաների երես չեն տեսնում, որ մտքներին եկածն ասեն, իսկ ասելիք շատ ունեն: Մի քանիսին տեսել են Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ու վերջ:

Պատմեցին, որ իրենց միակ շուկան Արարատի մարզի Հովտաշատ (նախկին Մեհմանդար) գյուղի տարածքում գործող մեծածախ շուկան է: Այդ տարածքում են կենտրոնացել Արմավիրի, Արարատի մարզի գյուղմթերք արտադրողները: Դա է պատճառը, որ ապրանքը լճացել է, գինն էլ՝ ընկել: Պատմում էին, որ ավելի շատ վաճառող է լինում, քան գնորդ, հետևաբար ապրանքը չի կարող բարձր գին ունենալ: Գյուղացիներն առաջարկում են փոքր շուկաներ հիմնել, որպեսզի կենտրոնացում չլինի:

Արևիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լևոն Ջումշուդյանը նշեց, որ 20 դրամով բերք հավաքելն անիմաստ է: Մարդիկ ստիպված հավաքում թափում են, որպեսզի բույսը չչորանա, մինչև տեսնեն` երբ է շուկան կարգավորվում: Իսկ կկարգավորվի, թե ոչ՝ ոչ ոք չի կարող ասել:

Մկրտիչ Մարգարյանն իրենց վատ վիճակի պատճառը «վերևներում է տեսնում»: Ասում է, որ այսօրվա Ազգային ժողովում պատգամավորների 70%-ը նույնիսկ խոսել չգիտի: Նրանց լսելով` էլ ավելի են հիասթափվում, հետևաբար չեն կարող ակնկալել, որ նրանք կապրեն գյուղացու դարդ ու ցավով: Ծանր է տարել, երբ հեռուստատեսությամբ լսել է, որ բարձրացնում են դատախազների աշխատավարձը, արտոնյալ պայմաններով թոշակի են ուղարկում, մինչդեռ երկիրը պահող գյուղացուն, ով առավոտից երեկո հողի մեջ է, չնչին թոշակ են տալիս, որով չի կարողանում նույնիսկ կոմունալ վարձերը վճարել: Վարկերի բարձր տոկոսադրույքների մասին չցանկացավ խոսել: Համագյուղացիները տեղից գոռացին, որ տոկոսադրույքը շատ բարձր է, և չարդարացված կարճ ժամկետով է վարկը տրվում:

Մկրտիչ Մարգարյանն անցում կատարեց իրենց՝ արևիկցիներին, ու ասաց, որ լրիվ մոռացության են մատնվել: Գյուղացիների մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Խոսքը հաստատելու համար հերթով թվարկեցին «ապացույցները»: Պատմեցին, որ գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված չէ: Գյուղացիների մեծ մասը գազ չունի, քանի որ ի վիճակի չէ իր ուժերով փողոցից խողովակ անցկացնել: Իսկ Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, երբ գյուղում վառել է կապույտ վառելիքի կրակը, տարայով գազ է եղել, թե իբր բնական գազն է այրվում: Այդ կեղծիքի հետևանքները արևիկցիները կրում են մինչ օրս:

Գյուղի հաջորդ խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է: Երեխաները հաճախում են հարևան գյուղերի կամ Արմավիր քաղաքի մանկապարտեզներ, քանի որ երկար տարիներ է` գյուղի մանկապարտեզը չի գործում, իսկ շենքն ավերված է:

Լևոն Ջումշուդյանն ասաց, որ կառավարության հրատապ ծրագրերով խոստացել են մանկապարտեզի կառուցման համար հատկացնել 50 մլն դրամ: Երկու մասնաշենքերը քանդելու են, նորը կառուցեն: Շենքը վթարային վիճակում է, հնարավոր չէ «վերակենդանացնել»: Իսկ թե ե՞րբ կսկսվեն աշխատանքները՝ չկարողացավ հստակ ասել:

Գյուղատնտեսական վարկերը աշխատակազմի քարտուղարը «խնդրահարույց» համարեց: Ասում է` տարիներ առաջ վարկ են վերցրել, կարկուտը կամ բնական մեկ այլ աղետ վնաս է հասցրել բերքին, չեն կարողացել ժամանակին մարել: Այդ վարկերը վերավարկավորվել են նույն կամ ավելի բարձր տոկոսներով, և գյուղացիները մինչ օրս չեն կարողանում այդ վիճակից դուրս գալ: Այս տարի նույնպես վատ վիճակում են, քանի որ խաղողի վազերը ցրտահարվել են, իսկ 2 օր առաջ կարկուտը վնասել է համայնքի մշակաբույսերը:

Վատ վիճակում են հայտնվել հատկապես երաշխավորները, ովքեր, հիմնական վարկառուի պատճառով հայտնվելով բանկի «սև ցուցակում», չեն կարողանում իրենց համար վարկեր վերցնել:

«Եթե ոչ 100, ապա 98 տոկոսը հաստատ վարկի տակ է մեր գյուղում»,-ասում է Լևոն Ջումշուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter