
Քարին տակ գյուղը նոր մանկապարտեզ ունի
Արցախի Քարին տակ գյուղում արգենտինահայերի ֆինանսավորմամբ նոր մանկապարտեզ է կառուցվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները կմոռանան խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:
Նոր մանկապարտեզի կառուցումը արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրն էր:
Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:
Մանկապարտեզը բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:
Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվել և տրամադրվել է տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:
Մեկնաբանել