
Պետական պարտքը մայիսին 56 մլն դոլարով ավելացել է
Այս տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 6.095 մլրդ դոլար։ Մեկ ամսում այն աճել է 56.3 մլն դոլարով կամ 0.9%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներից, որոնք ծառայությունը ստանում է Ֆինանսների նախարարությունից:
Պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է, որը մայիսի վերջի դրությամբ կազմել է 4.924 մլրդ դոլար։ Այն մեկ ամսում ավելացել է մոտ 70.7 մլն դոլարով կամ 1.4%-ով, ինչն էլ ազդել է ընդհանուր պարտքի աճի վրա։
Հիշեցնենք, որ արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է։ Վերջին տվյալներով` այն 4.373 մլրդ դոլար է, աճը մեկ ամսում՝ 42.9 մլն դոլար։
Իսկ արտաքին պարտքի մնացած մասը՝ մոտ 551 մլն դոլարը, ՀՀ Կենտրոնական բանկի պարտքն է, որն էլ աճել է 27.7 մլն դոլարով։
Ինչ վերաբերում է երկրի ներքին պարտքին, այն մայիսին նվազել է։ Վերջին մեկ տարում ներքին պարտքը հիմնականում աճի միտում է ունեցել, ինչը կառավարությունը բացատրում էր ընդհանուր պարտքում ներքին պարտքի կշիռն ավելացնելու ռազմավարությամբ։
Մայիսի վերջի դրությամբ ներքին պարտքը կազմել է շուրջ 1.171 մլրդ դրամ՝ մեկ ամսում նվազելով 14 մլն դոլարով կամ 1.2% -ով։ Ներքին պարտքի մեծ մասը ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։
Իսկ ՀՀ դրամով Հայաստանի պետական պարտքը ընդհանուր կազմել է շուրջ 2.936 տրլն դրամ, որից 2.372 տրլն դրամն արտաքինն է, 564 մլրդ դրամը՝ ներքինը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել