Հունվար-մայիսին միջին աշխատավարձը մասնավոր հատվածում աճել է, իսկ պետականում՝ տատանվել
2017-ի հունվար-մայիսին միջին ամսական աշխատավարձը մասնավոր հատվածում շարունակաբար աճել է, իսկ պետական սեկտորում՝ տատանվել։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները։
Պետական աշխատողների աշխատավարձը, ըստ այս տվյալների, բարձրացել է միայն մարտ և մայիս ամիսներին, մյուս ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, այն նվազել է 1000-3000 դրամով։
Իսկ ոչ պետական աշխատողների աշխատավարձերը, 2016-ի նույն ամիսների համեմատությամբ, բարձրացել է 1000-7000 դրամով։ ԱՎԾ տվյալներով՝ պետական աշխատողների միջին աշխատավարձը տարվա առաջին հինգ ամիսներին ամենաբարձրը եղել է ապրիլին՝ 157 988 դրամով, իսկ մասնավոր հատվածի աշխատողներինը՝ մարտին՝ 233 084 դրամով։
Վիճակագրական ծառայությունը նաև առանձնացված կերպով անդրադարձել է ապրիլ ամսվա միջին ամսական աշխատավարձի ցուցանիշներին։
Մասնավորապես՝ եթե այդ ամսվա աշխատավարձը դիտարկենք հանրապետության տարածքով, ապա, կնկատենք, որ միջին աշխատավարձը 2016-ի ապրիլի համեմատությամբ նվազել է Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում և Տավուշում։
Այդ ամիս ամենաբարձր աշխատավարձը կրկին եղել է Սյունիքում, ապա՝ Երևանում։ Այդ ամիս ամենաբարձր աշխատավարձը ստացել են տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետները։
Նրանց միջին աշխատավարձը 472 հազար դրամ էր։ Մասնավորապես՝ այդ ոլորտի պետական աշխատողների միջին աշխատավարձը եղել է 197 հազար դրամ, իսկ մասնավորինը՝ 515 հազար դրամ։
Ապրիլին նաև բարձր են վարձատրվել ֆինանսական և ապահովագրական, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի մասնագետները։ Նրանց միջին աշխատավարձը եղել է 360-390 հազար դրամ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել