
Ինչի հաշվին է աճում արդյունաբերությունը
Վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ապահովում են երեք ոլորտներ՝ արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը։ Փոխարենը աճը զսպում են շինարարությունն ու գյուղատնտեսությունը։
Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները կազմել են 625 մլրդ դրամ։ 2016-ի հունվար-մայիսի համեմատ այս ցուցանիշն աճել է 14.4%-ով։
Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների հիման վրա կարելի է հասկանալ՝ ինչպես է բաշխված արդյունաբերությունն այսօր և ինչի հաշվին է աճում։
Տվյալները, վկայում են, որ արդյունաբերության աճին նպաստում են և´ հանքարդյունաբերությունը, և´ մշակող արդյունաբերությունը, որոշ չափով էլ՝ գազամատակարարումն ու ջրամատակարարումը։ Փոխարենը՝ մեր տնտեսության գլխավոր խնդիրներից մեկը՝ կենտրոնացվածությունը, այստեղ էլ կա։
Այսպես, այսօրվա դրությամբ հայաստանյան արդյունաբերության ամբողջ ծավալի կեսից ավելին բաժին է հասնում մշակող արդյունաբերությանը։ Զբաղեցրած կշռով երկրորդ տեղում հանքարդյունաբերությունն է։
Create pie charts
Հանքարդյունաբերության ծավալը հունվար-մայիսին կազմել է 130.5 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ այն 12.5%-ով աճել է։ Հայաստանում «առաջատարը» մետաղական հանքաքարի արդյունահանումն է։
Հանքարդյունաբերության մյուս ճյուղերը էական ծավալներ չունեն։ Այս ոլորտն առնվազն 2009 թվականից սկսած անընդհատ աճում է։
Զուգահեռաբար աճում են տնտեսական օգուտներ-բնապահպանական վնասներ հակասությունները՝ կապված հանքերի շահագործման ու դատարկման հետ։ Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ էլ հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության ծավալների վրա էական ազդեցություն ունի։
Մյուս ոլորտը մշակող արդյունաբերությունն է։ Ու թեև այս ոլորտում էլ աճ է գրանցվել, սակայն մշակող արդյունաբերությունը շարունակում է հիմնվել 4-5 ճյուղերի վրա, որոնք էլ հենց ապահովում են այդ աճը։
Մասնավորապես, մշակող արդյունաբերության 31%-ը սննդամթերքի արտադրությունն է ապահովում, 18%-ը՝ հիմնային մետաղների արտադրությունը, 15%-ը ծխախոտի արտադրությունն է, 13.5%-ը՝ խմիչքինը։
Հենց այս ապրանքախմբերի շուրջ է կենտրոնացված նաև արտահանումը Հայաստանից։ Այսինքն՝ միայն այս չորս ճյուղերը միասին զբաղեցնում են մշակող արդյունաբերության մոտ 78%-ը։
Սննդամթերքի արտադրությունն այս տարի կազմել է 117 մլրդ դրամ, որն աճել է 12.7%-ով։ Խմիչքներինը՝ 50 մլրդ դրամ, աճը՝ 23.4%: Իսկ ծխախոտինը՝ 57 մլրդ դրամը, աճը՝ 21.6%: Դրական տեղաշարժ կա հիմնային մետաղների արտադրության ոլորտում։
Վերջին երկու տարիներին այս ոլորտում հիմնականում նվազում է գրանցվել։ Այս տարվա հինգ ամիսներին ապահովվել է մոտ 69 մլրդ դրամի արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ 24.8%-ով աճել է։
Մյուսը ոսկերչական իրերի արտադրությունն է, որը կազմել է մոտ 19 մլրդ դրամ ու աճել մոտ 50%-ով։ Մշակող արդյունաբերության մյուս ճյուղերում ևս որոշակի աճ կա, սակայն այդ ճյուղերը, պայմանավորված փոքր ծավալներով, էական ազդեցություն չեն ունենում ընդհանուր պատկերի վրա։
Անկում՝ էլեկտրաէներգիայի ոլորտում
ԱՎԾ-ն արդյունաբերության մեջ առանձնացնում է նաև էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը։
Ընդհանուր առմամբ այն հունվար-մայիսին կազմել է 113 մլրդ դրամ ու աճել 1.6%-ով։ Սակայն, էլեկտրաէներգիային արտադրության, հաղորդման ու բաշխման ճյուղը, որը այս ծավալում գերակշիռ տեղն է զբաղեցնում, անկում է ապրել։
Այն կազմել է 89 մլրդ դրամ՝ նվազելով 3.9%-ով։ Մնացած մոտ 24 մլրդ դրամը գազամատակարարումն է (գազակերպ վառելիքի բաշխում գազամատակարարման համակարգի միջոցով)` 23.5% աճով։
Իսկ ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, այն հինգ ամսում կազմել է մոտ 10 մլրդ դրամ՝ աճելով 5.1%-ով։ Այստեղ էլ պետք է հիմնականում նկատի ունենալ ջրի հավաքումը, մշակումն ու բախշումը։
Մեկնաբանել