HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. Fitolight-ի LED լամպերը բույսերի աճը կարագացնեն 40%-ով

Մանե Գևորգյան

ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում արտադրվող LED  լամպերը բույսերի աճն արագացնում են 30%-ով և թանկ են, իսկ հայկական ստարտափը՝ Fitolight-ը, առաջարկում է նոր LED լամպեր, որոնք բույսերի աճը կարագացնեն 40%-ով և կլինեն շատ ավելի մատչելի։

«Հորեղբորս տղան Ուկրաինայում է ապրում ու մի օր ասաց, որ իրենց մոտ կան լամպեր, որոնք տեղադրում են բույսերի վրա, ու դրանք ավելի արագ են աճում։ Խոսքը մետալ-հալոգեն լամպերի մասին է, որոնք շատ ծախսատար են, ու բույսի աճն արագացնում են ընդամենը 10%-ով։ Ինձ հարցրեց՝ արդյոք չե՞նք կարող մշակել մեխանիզմ, որի շնորհիվ այն ավելի էժան կլինի։ Միտքը հետաքրքրեց ու սկսեցի փորձարկումները։ Առհասարակ բույսերի աճի համար նախատեսված LED լամպերն օգտագործվում են փակ տարածություններում՝ լույսի բացակայության կամ քիչ լուսավորության դեպքում՝ հիմնականում՝ ջերմոցներում։ Առաջին փորձը կատարեցի հենց մթության մեջ։ Ցանեցի համեմ ու կոտեմ և, առանց բնական լույսի, մոտ 15 օրվա ընթացքում աճեցին, բարձրացան 10 սմ»,- ասում է ստարտափի հիմնադիր, ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը։

 Փորձի արդյունքն է՝  9 օր անց

Հաջողված փորձից հետո Գևորգն ավելի լուրջ տրամադրվեց ու մշակեց մի մեխանիզմ, որի շնորհիվ բույսը կաճի հնարավորինս արագ։ «ԱՄՆ-ում , Չինաստանում, Ռուսաստանում արտադրվող ֆիտոլամպերը հիմնականում հավաքվում են կարմիր և կապույտ գույներով։ Գույներ ասելով նկատի ունեմ  լամպի դիոդների հատիկների գույները։ Հայտնի է, որ բույսը ֆոտոսինթեզ անում է տեսանելի լույսի 380-730 նանոմետր ալիքի երկարության տակ. այսինքն՝ տեսանելի լույսի ժամանակ։ Ուսումնասիրելով ֆոտոսինթեզի կորը՝ պարզ է դառնում, որ ֆոտոսինթեզի ֆոտոքիմիական ռեակցիաներից ֆոտոմորֆոգենեզը կատարելու համար բույսը առավել կլանում է կապույտ և կարմիր սպեկտորի տիրույթները։ Դրա համար էլ դրսում միայն այդ երկու գույնն են օգտագործում, այլ գույներ չեն կիրառում ու ֆոտոսինթեզի մյուս ռեակցիաները ապահովում են բնական լույսի հաշվին։ Երբեմն օգտագործում են նաև սպիտակ, սակայն վերջինս իր մեջ ներառում է 80% կապույտ լույս։ Մենք  համադրում ենք տարբեր գույներ՝ կանաչ, կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ, դեղին, մանուշակագույն և այլ գույներ,  որպեսզի ստանանք ֆոտոսինթեզի համար պահանջվող ողջ սպեկտորը։

Գույների ճիշտ համադրության շնորհիվ է, որ բույսը կարողանում է ամբողջությամբ ֆոտոսինթեզ կատարել։ Այսինքն՝ այդ երկու գույնի համադրության դեպքում ստանում են 30% աճ, իսկ տարբեր գույներ համադրելու դեպքում մենք աճն արագացնում ենք 40%-ով։ Ծաղիկի վրա փորձարկեցինք չինական արտադրության LED լամպերը և նկատեցինք, որ  որոշակի բարձրությունից, աճից հետո ուղղակի չորացան։ Փորձեցի հասկանալ պատճառն ու պարզվեց, որ մութ տեղում դնելուց հետո որոշ ժամանակ անց, քլորոֆիլի սինթեզը չկարողանալով անել, ծաղիկը թառամել էր։ Իսկ մեր լամպի գույները արդեն դա ապահովում են»,-ասում է Գևորգը։

LED լամպերը հավաքում են հատուկ՝ 5630 և 5730 տիպի  LED չիպերով, որոնք ունեն մոտ 0.5 վտ հզորություն՝ թղթային տվյալներով։ Չիպերը բերելուց հետո փորձարկում են հասկանալու համար՝ իրականում քանի վտ հզորություն կարող են տալ, որովհետև, օրինակ, կանաչ գույնը տալիս է 0.67 վտ հզորությամբ լույս։ Չիպերը ստանալուց հետո լվանում են ուլտրաձայնային լվացարաններում, ապա դասավորում հատուկ սխեմայով։ Մեկուսատախտակի վրա տեղադրում են չիպերը  որոշակի հաջորդականությամբ. այսինքն՝ քանի տոկոս կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն է պետք իրենց ուզածը ստանալու համար։ Հենց այս մշակված դասավորությունն էլ ընկած է բույսերի աճին ավելի շատ նպաստող համակարգի ստեղծման հիմքում։ Դասավորման այս սկզբունքը հիմա պատենտավորման փուլում է։

Լամպն ունի հատուկ սնուցման աղբյուր, ինչի շնորհիվ չիպերը շատ չեն տաքանում, չեն վառվում և աշխատում են ոչ թե մաքսիմալ, այլ նորմալ հզորությամբ։ Գևորգը բացատրում է. «Արտասահմանում պատրաստվող լամպերն ունեն 1-3 վատտ հզորությամբ LED չիպեր։ Քանի որ օգտագործում են բարձր հզորության չիպեր, հետևաբար ավելի մեծ հովացման համակարգի կարիք ունեն։ Դրա համար տեղադրում են օդափոխիչներ, իսկ մենք չունենք դրանց կարիքը, որովհետև մեր բերած չիպերը ներսում ունեն հովացման համակարգեր, և դրանք  բավարարում են հիսուն վատտ հզորությամբ պանելը հովացնելու համար։ Հենց այդ գործոնի շնորհիվ է նաև պայմանավորված դրսում արտադրվող լամպերի բարձր գինը։ Բայց պետք է հաշվի առնել, որ ցանկացած բույսի անհրաժեշտ է որոշակի քանակությամբ լույս՝ ո՛չ շատ, ո՛չ քիչ։ Այսինքն հզորությունը կապ չունի լուսավորման հետ։ Երկու դեպքում էլ լուսավորությունը նույնն է։ Պարզապես բարձր հզորության դեպքում լուսավորվում է ավելի շատ մակերես՝ քիչ էֆեկտիվությամբ, իսկ մերը փակում է ավելի քիչ տարածք՝ ավելի շատ էֆեկտիվությամբ։ Մերը նախատեսված է 6 քառակուսի մետր տարածք  մակերեսով բույսերի համար, և մի լամպի արժեքը նախատեսում ենք, որ լինելու է 110-120 դոլար, իսկ իրենցը՝ 15-16 քառակուսու համար է և արժե 560-580 դոլար։ Նույնիսկ եթե անհրաժեշտություն է լինում մի քանի հատ գնել մեր լամպից ավելի շատ տարածք լուսավորելու համար, միևնույն է գնային առումով նկատելի էժան է ստացվում»։

Չիպերը բերում են Չինաստանի Շենժեն քաղաքից. որակը բարձր է, ունի հովացման համակարգ, լուսավորության բավարար աստիճան։ Խնդիրը հետևյալն է՝ հիմա չիպերը Գևորգը փորձում է ձեռքով դասավորել միայն այն պատճառով, որ չունեն սարքավորումներ, հատուկ գործիքներ։ Ձեռքով են հավաքել նաև զոդիչը։ Հիմա մասնակցում են տարբեր մրցույթների՝ անհրաժեշտ գումարը ստանալու և գործիքները ձեռք բերելու համար։

 LED լամպի նախատիպն արդեն պատրաստ է։ Այժմ մտածում և աշխատում են մի քանի նոր գործառույթ ավելացնելու շուրջ։ Գևորգի խոսքերով՝ յուրաքանչյուր բույս ունի հանգստի իր ռեժիմը։ Օրինակ՝ վարունգի դեպքում հանգստի համար հարկավոր է 6 ժամ։ Եթե ամբողջ օրը լույսը միացված պահես, ապա բույսն առանց անհրաժեշտ հանգստի կդեֆորմացվի ու նորմալ չի աճի։ Հիմա մշակում են մի մեխանիզմ, որի արդյունքում  առանց մարդկային միջամտության լույսն անհրաժեշտության դեպքում անջատվի, հետո նորից միանա։ Փորձում են նաև ստեղծել մեկ այլ ինքնակառավարաման համակարգ՝ լույսի պայծառության կարգավորիչ։ Վերջինիս շնորհիվ լույսը չի վառվի իր ամբողջ հզորությամբ. ցերեկը՝ բնական լույսի դեպքում հզորությունն ավելի քիչ կլինի, իսկ մթության դեպքում ինքնուրույն կավելանա։ Հաշվարկներն արդեն գրեթե արված են։ Գևորգը փորձարկում է նաև լամպերի միջոցով ջերմոցներում տաքություն ապահովելու մեխանիզմը։ Հիմա ջերմոցներն առանձին տաքացվում են, բայց փորձերը հաջողելուց հետո հնարավոր կլինի տաքացնել հենց լամպերի միջոցով։

Գևորգն ասում է. «Հայաստանում LED լամպեր ներկրվում են սկանդինավյան պետություններից։ Հայաստանում 2016 թվականի դրությամբ կա 1200 հեկտար ջերմոցային տարածք, որից 18 հեկտարն է պրոֆեսիոնալ ջերմոց: Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում կավելանա պահանջը, որովհետև կլինի ավելի էժան ու որակով։ Նախատեսում ենք մեր լամպերը տալ սահմանամերձ գյուղերում ջերմոցներ ունեցողներին ու մոտ 6 ամիս փորձարկել, իսկ հետո արդեն դուրս գալ միջազգային շուկա։ LED լույսերը ավելի շատ օգտագործվում են այն երկրներում, որտեղ արևի, բնական լույսի խնդիր է լինում՝ մռայլ ու ամպամած եղանակների պատճառով, հատկապես որոշ սեզոնների։ Դրա համար շատ են համագործակցության առաջարկները Ռուսաստանից։ LED լույսեր շատ են օգտագործում ԱՄՆ-ում՝ հատկապես կանեփ աճեցնելու համար, որովհետև վերջինս սիրում է փակ տարածություն, ու այս լույսի շնորհիվ շատ արագ է աճում։ Այսինքն՝ շուկան մեծ է, իսկ մեր LED լամպն ունի իր առավելությունները՝ ունի հովացման համակարգ, անհրաժեշտ բոլոր գույները ֆոտոսինթեզի բոլոր ռեակցիաներն իրականացնելու համար, թանկ չէ, խնայում է էլեկտրաէներգիա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter