
Մեծ Այրումի մանկապարտեզում երեխաները գոռում էին. «Էլի հաց տվեք»
Արդեն երեք տարի է՝ Լոռու մարզի փախստականներով բնակեցված Մեծ Այրում համայնքում «Հայգազկոմշին» ՍՊԸ-ի կողմից կատարվում են գազաֆիկացման աշխատանքներ, որի համար, ըստ գյուղապետ Սաշիկ Առուշանյանի, կատարվել է 65 մլն դրամի ներդրում: Դրանից 59 միլիոն դրամը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի` IFAD-ի ներդրունային գումարներն են, իսկ 6 միլիոնը պետք է ներդրվեր գյուղապետարանի կողմից:
«2009 թվականին սկսվել է 29 մլն դրամ ներդրումով գյուղի գազաֆիկացումը, որը չենք ավարտել»,- «Հետքին» ասաց Սաշիկ Առուշանյանը:
Գազի խողովակները Ճոճկան գյուղից դեպի Ախթալա քաղաք անցնում են Մեծ և Փոքր Այրում գյուղերով: Թվում է, թե առանձնապես չսփռված գյուղի գազաֆիկացման համար 29 մլն դրամը կարող էր բավարարել` գյուղի կենտրոնով անցնող գազի խողովակներից այրումցինիներին բնական գազով ապահովելու համար, սակայն, ըստ գյուղապետի, գումարը չի բավարարել:
«2010-ին մենք նորից ծրագիր ներկայացրինք և IFAD կազմակերպության ծրագրով նորից շահեցինք 30 մլն դրամ»,- մանրամասնեց գյուղապետը: Սակայն այս գումարը եւս գազաֆիկացման խնդիրը չի լուծել. «Համայնքի ներդրումային 6 մլն դրամից 3,5 միլիոնը մենք համայնքի բյուջեից տվել ենք, իսկ մնացած 2,5 մլն դրամը չենք կարողանում տալ: Դրա համար էլ մնացել ենք սենց. գազը գյուղումն ա, բայց տներում չկա»:
Սաշիկ Առուշանյանը նշում է, որ այդ 2,5 միլիոն դրամը պարտք են «Հայգազկոմշին» ՍՊԸ-ին՝ «շինարարին` տնօրեն Մաքսիմ Միսակյանին»: Եվ եթե պարտքը վճարվի, «շինարարն արդեն ակտերը հանձնում է», ինչից հետո արդեն կսկսվի տների` դիմումների համաձայն գծագրումը: Սակայն, ըստ գյուղապետի, պարտքը վճարելու ելք առայժմ չի նշմարվում:
Մեծ Այրումում 290 տնտեսություն կա: Գյուղացիներն իրենց բնակարանները շարունակում են տաքացնել գյուղին հարող անտառի հաշվին:
Համայնքի 2011թ.-ի բյուջեի եկամուտների ծախսերն անավարտ են թողել նաեւ մեկ այլ խնդիր: Գյուղի մանկապարտեզը գործարկվել է այս տարվա հուլիսի 11-ին, սակայն դեռևս շենքի լուսավորության խմդիրը լուծված չէ: Երեխաների ննջասենյակը, խաղասենյակը և ճաշարանը տեղավորված է նույն սենյակում և ջեռուցվում է փայտե վառարանով:
Գյուղապետն ասաց, որ մանկապարտեզի պահպանության համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս հատկացվում է 261 հազար դրամ, իսկ հատկացումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,5 մլն դրամ: Իսկ 2012 թ. բյուջեով գյուղապետը մանկապարտեզի պահպանության ծախսերը նախատեսել է 3 մլն 144 հազար դրամ:
Մանկապարտեզի տնօրեն Կամո Ղարագոզյանն էլ ասաց, որ համայնքի բյուջեի հատկացրած գումարներով երեխաների սննդի ծախսերը չեն հոգում: Համայնքի փողերը նախատեսված են միայն մանկապարտեզի 5 աշխատակիցների աշխատավարձի և սոցվճարների համար: Մոտ 10 երեխայով մեկ խմբանոց մանկապարտեզում համայնքի բյուջեի միջոցներով աշխատավարձ են ստանում մանկապարտեզի տնօրենը (ամսական 64 հազար դրամ), 2 դաստիարակը, հավաքարարը և պահակը: Երկու դաստիարակները մեկ շաբաթյա գրաֆիկով միմյանց փոխարինում են մանկապարտեզի խոհարարի եւ դաստիարակի հաստիքներում:
«Երեխաների սնվելու հարցը մենք լուծում ենք ծնողների ամսական վճարաէծ 3 հազար դրամով»,- ասաց մանկապարտեզի տնօրեն Կամո Ղարագոզյանը:
Երեկ մանկապարտեզի ճաշացուցակով նախատեսված էր, որ կեսօրին երեխաներին պետք է տրվեր առանց մսի ապուր, թթվասեր և հաց: Թթվասեր երեխաներին այդպես էլ չմատուցվեց, իսկ բաժանված հացի կտորն այնքան փոքր էր, որ երեխաները գոռում էին. «Էլի հաց տվեք»:
Մանկապարտեզի տնօրեն Ղարագոզյանը «Հետքին» ասաց, թե հացը քիչ են գնում, որպեսզի չհնանա, ավելի կոնկրետ՝ «չքարթուանա»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել