Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է համակարգչային գիտության մասնագետներին
Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ) տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեին, ֆրանսիական մի շարք բուհերի ներկայացուցիչների` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Միշել Դայդեն ընդգծել է բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա հաջող գործակցությունը, ներկայացրել վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները:
Յուրի Շուքուրյանն անդրադարձել է Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումների և հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի փորձին: Հյուրերը հայտնել են, որ Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է Հայաստանի ԳԱԱ-ին նվիրել իրենց, այսպես կոչված, սուպեր համակարգիչը, որն ունակ է լուծելու տարբեր ոլորտներին վերաբերող դժվարագույն խնդիրներ ու հաշվարկներ։
Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այս և մյուս ծրագրերի իրագործմանը։ Հանդիպման ընթացքում, որպես օրինակ, ներկայացվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ուղղությամբ անհրաժեշտ մաթեմատիկական հաշվարկները, ընդգծվել է նաև, որ տնտեսության տարբեր բնագավառներում առկա խնդիրների համար չափազանց օգտակար կլինի նվիրաբերվող սուպեր համակարգիչը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել