
«Սևանի ակվա»-ն և «Սևանի իշխան»-ը իշխանի պաշարների վերականգնման համար հողամասեր ստացան
«Սևանի ակվա» և «Սևանի իշխան» ընկերությունները առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Գեղարքունիքի մարզում հողամասեր ստացան։
Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած որոշման նախագիծը:
Մասնավորապես՝ «Սևանի իշխան»-ը հողամաս ստացավ Կարճաղբյուր գյուղում, պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում։
Ինչպես ասվում է նախագծում՝ ընկերությունը առանց մրցույթի, 3 տարի ժամկետով 21,8 հեկտար հողամասը ստանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։
Այդ ծրագրով, նախարարության փոխանցմամբ՝ կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, սկսած մանրաձկան բացթողումից մինչև մայրական վտառի վերադարձ և մանրաձկան վերարտադրություն։
Իսկ «Սևան ակվա»-ն 25 տարի ժամկետով 1.9466 հեկտար հողամաս ստացավ՝ Լճափ գյուղում։ Ընկերությանը կրկին հողամասը տրամադրվեց՝ իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման նպատակով։
Հավելենք, որ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ 2014 թվականին ստեղծվել է «Սևանի իշխան» ընկերությունը, իսկ 2015-ին՝ «Սևան ակվա»-ն։
«Սևանի իշխան»-ն իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան ակվա»-ն Սևանա լճում տնտեսությունների հիմնման և շահագործման աշխատանքներ:
Մեկնաբանել